Հենց նոր եմ վերադարձել Եգիպտոսում անցկացրած անմոռանալի ճանապարհորդությունից: Առաջնորդ հայրը` ի դեմս Թեմական խորհրդի, ինձ հրավիրել էր ելույթ ունենալու որպես գլխավոր բանախոս Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի հուշատոնին: Որոշ մտավախությամբ ընդունեցի Եգիպտոս ուղեւորվելու այդ հրավերը` նկատի ունենալով խառնաշփոթ իրավիճակը` նախագահ Հոսնի Մուբարաքի 30 տարվա բռնապետական իշխանությունը տապալվելուց հետո: Աշոտ եպիսկոպոս Մնացականյանն ինձ վստահեցրեց, որ երկրում խաղաղ մթնոլորտ է, եւ, որ համայնքն անհամբեր սպասում է իմ այցին, քանի որ նրանք հետեւում են տեղի հայկական թերթերում հրատարակվող իմ հոդվածներին: Կահիրե ժամանելուն պես այցելեցի Առաջնորդարան եւ Հայաստանի դեսպանատուն, որտեղ հանդիպեցի մի ծանոթ դեմքի` դեսպան Արմեն Մելքոնյանին. իմ վաղեմի ընկերը, ով տասնամյակ առաջ Հայաստանի գլխավոր հյուպատոսն էր Լոս Անջելեսում: Նեղոս գետի վրա գտնվող նավ-ռեստորանում Առաջնորդի եւ դեսպանի հետ հաճելի ճաշից հետո երեկոս անցկացրեցի Կահիրեի մի հսկայական առեւտրի կենտրոնում` նոր շորեր գնելով, քանի որ British Airways ավիաուղիում կորցրել էր ճամպրուկս: Մերժեցի գնել ինձ առաջարկված այն շորերը, որոնք կրում էին «արտադրված է Թուրքիայում» պիտակը: Կահիրեն խիտ բնակեցված քաղաք է, որն ունի 17 միլիոն բնակչություն: Փոքր տարածություն ճամփորդելու համար պահանջվում է ավելի քան մեկ ժամ: Ճանապարհային լուսաֆորների մեծ մասը չեն աշխատում, եւ փողոցներում չկան ոստիկաններ: Կահիրեի ամենացնցող վայրը «Մեռյալների քաղաքն է». գերեզմանատուն, որտեղ տասնյակ-հազարավոր ողջ մարդիկ ապրում են գերեզմանների միջեւ: Զարմանալիորեն գերեզմանների վրա տեղադրվել են արբանյակային ափսեներ: Գերեզմանատան այդ թշվառ բնակիչներն ինչպե՞ս են կարողանում վճարել արբանյակային հեռուստացույցի ծախսը: Ապրիլի 28-ի երեկոյան ելույթ ունեցա Կահիրեում Հայոց ցեղասպանության հուշատոնին` «Ցեղասպանության ճանաչո՞ւմ, թե՞ արդարության հետապնդում» թեմայով: Հաջորդ օրն ուղեւորվեցի դեպի պատմական Ալեքսանդրիա քաղաք, որտեղ հայկական համայնքի կողմից կազմակերպված միջոցառմանը հանդես եկա նմանատիպ ելույթով: Վերադառնալով Կահիրե` մայիսի 2-ին մասնակցեցի «ժողովրդային հանդիպում-զրույցի», որի ընթացքում համայնքի անդամներն ինձ ուղղեցին իրենց հարցերն այժմեական հայկական խնդիրների վերաբերյալ: Զարմանալի չէ, որ այն անխուսափելի հարցը, որը գրեթե միշտ ինձ հարցնում են իմ բոլոր ելույթների ընթացքում, նաեւ բարձրացվեց Կահիրեում եւ Ալեքսանդրիայում. «Արդյո՞ք հայերը զրկվում են Ցեղասպանության փոխհատուցումը պահանջելու իրենց իրավունքից 100 տարի հետո»: Պատասխանս միանշանակ ՈՉ էր… Համաձայն միջազգային օրենքի` Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չի ճանաչում:
Ճանապարհորդությանս ամենահիշարժան պահերից մեկը Կահիրեում շնորհանդեսն էր իմ գրքի արաբերեն տպագրության, որը նախօրոք հրատարակվել էր Բեյրութում` «Հայոց ցեղասպանություն. Աշխարհը բարձրաձայնում է. 1915-2005, Փաստաթղթեր եւ Հռչակագրեր» վերնագրով: Գրքի հրատարակման կապակցությամբ կազմակերպված հյուրասիրությունը տեղի ունեցավ Հայաստանի դեսպանատանը, այլ դեսպանատների եւ եգիպտական լրատվամիջոցների ներկայացուցիչների, համալսարանների դասախոսների, հայկական համայնքի ղեկավարների եւ կղերականների ներկայությամբ: Իրենց հակիրճ խոսքն ասացին դեսպան Մելքոնյանն ու պրոֆեսոր Մոհամմադ Ռիֆաաթ ալ Իմամը, որ գրել էր գրքի նախաբանը, որին հաջորդեց իմ եզրափակող ելույթը: Կահիրեում գտնվելու ժամանակ բազմաթիվ հարցազրույցներ եմ տվել, որոնք արաբերեն, անգլերեն եւ հայերեն լեզուներով հրատարակվել են տեղական թերթերում: Պատիվ ունեցա այցելել «Հուսաբեր» եւ «Արեւ» թերթերի իմ գործընկերներին: Ես նաեւ հուզիչ այց ունեցա Գալուստյան ազգային վարժարան, որն, ուսանողների սակավաթվության պատճառով, մի քանի օրից պատրաստվում էր փակել իր դռները, 150 տարի համայնքի կրթական պահանջներին ծառայելուց հետո: Գալուստյանը կմիավորվի Կահիրեի Նուբարյան վարժարանի հետ: Հայկական համայնքն ապահով է Եգիպտոսում, սակայն պայքարում է` հաղթահարելու երկրում տիրող անիշխանությանը, որն աստիճանաբար ձեւափոխվում է զինվորականից դեպի քաղաքացիական վարչակարգ: Նորակազմ խորհրդարանը, որտեղ գերակշռում են մուսուլմանական եղբայրությունն ու սալաֆիստները, հնարավոր է` ցրվի եւ փոխարինվի ավելի ներկայացուցչական մարմնով: Այս ամսվա վերջերին եգիպտացիները հնարավորություն ունեն ընտրել երկրի նախագահին, ով կկարողանա համարձակ նախաձեռնություններ ձեռնարկել` բուժելու հին եւ փառավոր երկրի բազմաթիվ ախտերը: Վերջին տասնամյակներին հայերի մի հոծ զանգված լքեց Եգիպտոսը` Միացյալ Նահանգների, Կանադայի եւ Ավստրալիայի ավելի հանգիստ ափերում բնակվելու համար: Մինչդեռ նրանք, ովքեր շարունակում են ապրել երկրում, ամեն ինչ անում են` պահպանելու իրենց լեզուն, կրոնը եւ ազգային ավանդույթները: Բարեբախտաբար, տեղի հայկական կազմակերպություններն օգտվում են ընդարձակ հողատարածքների շահույթներից, որոնք տասնամյակներ առաջ իրենց ժառանգությունն են թողել հայ հարուստ գործարարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ: Հայաստանի կառավարության եւ սփյուռքահայության պարտականությունն է` օգնության ձեռք մեկնել Կահիրեում եւ Ալեքսանդրիայում բնակվող իրենց հայրենակիցներին եւ թույլ չտալ, որ այս երբեմնի կենսունակ համայնքները վերածվեն ռեսուրսներով լի, սակայն ամայացած քաղաքների, որոնցից միայն մի քանիսը կօգտվեն:
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
Թարգմանությունը` Կարինե ԳԵՎՈՐԳՅԱՆ