Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հանդես են եկել մայիսի 11-14-ը կայացած իրենց տարածաշրջանային այցի մասին հայտարարությամբ, որում մտահոգություն են հայտնել շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպերի առնչությամբ: «Համանախագահները շարունակել են կողմերի հետ քննարկումները հունվարի 23-ին Սոչիում նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի համատեղ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կյանքի կոչման, այդ թվում` հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու արագացման, հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների մշակման եւ հումանիտար կապերի զարգացման վերաբերյալ: Համանախագահները իրենց մտահոգությունն են հայտնել շփման գծում վերջին միջադեպերի առնչությամբ եւ կողմերին կոչ են անում զսպվածություն հանդես բերել եւ զերծ մնալ պատասխան գործողություններից: Համանախագահները մտադիր են մոտ ապագայում շարունակել իրենց քննարկումները երկու երկրների արտաքին գործերի նախարարների հետ»,- նշված է հայտարարության մեջ: Իսկ Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ համանախագահներն ասել են, թե իրենց այցի գլխավոր նպատակը ապրիլին Լոնդոնում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի, նույն ամսին` Վարշավայում` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած ԼՂ խնդրի շուրջ բանակցությունների շարունակությունն է: Քննարկումը վերաբերում է Սոչիում երեք նախարարների համատեղ հայտարարության իրագործմանը: