«ՀՀԿ-ն բավականաչափ ռեսուրս ունի, որպեսզի չգնա կոալիցիա կազմելու ճանապարհով»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀԿ անդամ, գործարար, 22-րդ ընտրատարածքից պատգամավոր ընտրված Մանվել Բադեյանը` միաժամանակ նշելով, որ պետք է լսել նաեւ մյուսների կարծիքները: Ըստ նրա, ՀՀԿ խորհրդի նիստում դեռ չի քննարկվել կոալիցիա կազմելու հարցը: «Ես գտնում եմ, որ եթե ապահովել ենք բացարձակ մեծամասնություն, կոալիցիայի իմաստը չեմ տեսնում»,- ասել է Բադեյանը: Ինչ վերաբերում է 5 տոկոսի շեմը հաղթահարած ուժերին, Բադեյանն ասել է, որ շների մի ցեղատեսակ կա, որ իրենց թվում է, թե մեծ շուն են, ու իրենց փորձանքի մեջ են գցում: «Բայց իրենք փոքր շուն են: Պետք է համակերպվեն, որ այդքան քվե են ստացել ու ուրիշ շանս չունեն, որքան էլ ցանկությունը մեծ լինի: Ճիշտ հաշվեք ձեր շանսերը եւ երբեք ՀՀԿ-ի հետ նույն նժարին մի դրեք»,- ասել է Մանվել Բադեյանը` չմանրամասնելով, թե այդ դեպքում ՀՀԿ-ին համարում է մե՞ծ շուն, կամ, ինչպես ժողովուրդն է ասում` գա՞մփռ: