Խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրվանից սկսած, Հայաստանում քննարկվող հիմնական թեման կոալիցիայի ձեւավորումն է, ապագա կոալիցիայի հնարավոր անդամների կազմը եւ այլն: Իշխանությունների համար քաղաքական ավելի լավ օրակարգ դժվար է պատկերացնել: Իշխանությունն իդեալական կերպով կեղծում է ընտրությունները, ընտրություններին մասնակցած բոլոր ուժերը «մի թեթեւ» հայտարարում են դրա մասին եւ հաջորդ օրն իսկ լծվում կոալիցիայի ձեւաչափի մասին քննարկումներին: Իշխանությունը կողքից հետեւում է դրան, գուցե նույնիսկ հաճույք է ստանում: Քանի որ այն, ինչ կատարվում է Հայաստանում, հեռու է քաղաքականությունից, եւ քաղաքական ուժերի «գործուն մասնակցությամբ» ամեն ինչ կախված է իշխանության կամքից: Ինչպես իշխանությունը կազմակերպեց «ամենաազատ» ընտրությունները, այնպես էլ կորոշի` իրեն պե՞տք է կոալիցիա կազմել, թե՞ ոչ: Այս խոսակցությունների զավեշտը հասել է այն աստիճանի, որ ոմանք լրջորեն քննարկում են` կդառնա՞ «Բարգավաճ Հայաստանը» ընդդիմություն, թե՞ չի դառնա: Իսկ զավեշտն այն է, որ այդ հարցի պատասխանը եւս կախված է իշխանության` Սերժ Սարգսյանի կամքից եւ հանրապետական մեծամասնության շահերից: Եթե ՀՀԿ-ին պետք է, ԲՀԿ-ն կդառնա կոալիցիայի անդամ, եթե պետք լինի` կարող է մտնել անխոնջ ընդդիմադիրի կաղապարի մեջ: Ի՞նչ է պատահել: Եթե, Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքով, ԲՀԿ-ն կարող էր «դառնալ» ընդդիմադիր, ապա ի՞նչն է խանգարում, որ այդպիսին «դառնա» նաեւ Սերժ Սարգսյանի համար: Իհարկե, մեծ հավանականությամբ, դա տեղի չի ունենա, քանի որ, չնայած լիրիկական զեղումներին, ակնհայտ է, որ ԲՀԿ-ն առանց ՀՀԿ-ի միջամտության էլ` ամեն ինչ անելու է կոալիցիայի անդամ դառնալու համար: Խնդիրն այն է, սակայն, որ դրանով հերթական անգամ արձանագրվելու է քաղաքական գործընթացների իմիտացիոն բնույթը: ՀՀԿ-ն ստացել է գերմեծամասնություն, եւ որեւէ հիմնավորում չկա` գործադիր իշխանություն կազմել որեւէ այլ ուժի հետ: «Համերաշխության», «ազգային փրկության» եւ նման այլ հիմնավորումները քաղաքական տրամաբանությունից դուրս են: Առավել եւս` հաշվի առնելով նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի միջեւ դրսեւորված «հանդուրժողականությունը»: Ակնհայտ է, որ նման պայմաններում կոալիցիան, ավելի քան արհեստական, կեղծ միավորում է լինելու` դառնալով «հայկական ժողովրդավարության» հերթական անհեթեթ առանձնահատկությունը: Բայց ընտրություններից հետո ծավալված կոալիցիոն քննարկումները վկայում են եւս մեկ երեւույթի` իշխանության անբռնազբոսության մասին: Բավական է հետեւել կոալիցիայի ձեւավորման մասին իշխանական մանր ու միջին պաշտոնյաների հայտարարություններին, պատկերացնելու համար, թե ինչ է սպասվում Հայաստանին առաջիկա հինգ տարիների ընթացքում: Հիմա նրանք ունեն անսահմանափակ իշխանություն եւ բաց տեքստով հայտարարում են` ով կանցնի մեր թրի տակով, կոալիցիոն պորտֆել կտանք: Կառավարություն ձեւավորելուց հետո հասարակությանն են ասելու` բավարարվեք եղածով, կամ` բարի ճանապարհ: Սա այն հեռանկարն է, որը մոտ ապագայում սպառնում է Հայաստանին: Բայց նման «հաճույք» իշխանությանը պատճառել են ոչ միայն սեփական ընտրակեղծարարները, այլ նաեւ ընդդիմությունը, որը զբաղեցնելու է նույն այդ ընտրակեղծարարների նկարած խորհրդարանում իրենց համար նախատեսված խորհրդանշական տեղը: