Հեռանում է ՀԱԿ-ից

15/05/2012

Երեկ Հայ ազգային կոնգրեսի Գյումրիի կառույցի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Աշոտ Զաքարյանը հայտարարել է ՀԱԿ Գյումրիի տարածքային գրասենյակի համակարգողի պարտականությունների եւ ընդհանրապես` ՀԱԿ-ում քաղաքական գործունեությունը դադարեցնելու մասին: Այդ մասին Ա. Զաքարյանը տեղեկացրել է Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հրապարակված հայտարարությամբ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Վերջին շրջանում Հայ Ազգային կոնգրեսի կողմից իրականացվող ներքաղաքական կուրսը ոչ միայն լրջագույն խնդիրներ ստեղծեց ՀԱԿ-ի ներսում, այլեւ, իմ խորին համոզմամբ, կասկածի տակ դրեց ՀԱԿ վարկանիշն ու հասարակության մոտ ունեցած վստահությունը, ինչն իր արտացոլումը գտավ 2012թ.-ի մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքներում: Երբեմնի հզոր կազմակերպված ընդդիմադիր ուժը, որն, իմ խոր համոզմամբ, վայելում էր հասարակության բացարձակ մեծամասնության վստահությունը, այժմ կարողացավ հաղթահարել ընդամենը ՀՀ ԱԺ մտնելու մինիմալ շեմը: Ամենակարեւոր խնդիրը, ինչին կուզենայի անդրադառնալ, դա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցություն սկսելու անհաջող փորձերն էին, ինչը, ցավոք սրտի, շարունակվում է մինչ օրս: Նախ պետք է արձանագրել, որ ԲՀԿ-ն իշխանական կոալիցիայի մաս է կազմել, ներկայումս կա, եւ ենթադրում եմ, որ դեռ կլինի իշխանական կոալիցիայում: Կարծում եմ, երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական վիճակի, թե ներքին եւ թե արտաքին քաղաքականության ձախողումների, համատարած կոռուպցիայի, մշտապես կեղծվող բոլոր մակարդակների ընտրությունների, ազգային աղետի հասնող արտագաղթի, ինչպես նաեւ մնացած բոլոր ոլորտներում տիրող աղետալի վիճակի համար ԲՀԿ-ն հավասարապես պատասխանատվություն է կրում: Ավելին` գաղտնիք չէ, որ «Բարգավաճ-Հայաստան» կուսակցությունը համարվել եւ համարվում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը: Եվ նպաստելով այս կուսակցության վարկանիշի բարձրացմանը, որում մենք համոզվեցինք ԱԺ ընտրությունների ժամանակ, հնարավորություն է ստեղծվում ճանապարհ հարթելու Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերադարձին: Բացի այն, որ մեր պետության հիմնական դժբախտությունների պատճառը հենց նույն Ռոբերտ Քոչարյանն է, այս մարդու իշխանության տարիներին են տեղի ունեցել մեր նորօրյա պատմության ամենածանրագույն հանցագործությունները` Հոկտեմբերի 27-ը եւ Մարտի 1-ը: Այս մարդու իշխանության տարիներին է, որ հիմք է դրվել քրեաօլիգարխիկ իշխանական համակարգին, որն առաջին նախագահն իրավացիորեն բնութագրեց որպես վերից վար կոռումպացված ավազակապետական համակարգ: Այս ամենով հանդերձ, նպաստել Քոչարյան Ռոբերտի վերադարձին, կներե՛ք, ես այս գործընթացին մասնակից դառնալու որեւէ ցանկություն չունեմ: Հաշվի առնելով վերը շարադրվածը` հայտարարում եմ իմ կողմից ՀԱԿ Գյումրու տարածքային գրասենյակի համակարգողի պարտականությունների, ինչպես նաեւ ՀԱԿ-ում քաղաքական գործունեությունս դադարեցնելու մասին: Հույս եմ հայտնում, որ մեր հետագա հարաբերությունների հեռանկարը տեղավորվի միմիայն փոխադարձ հարգանքի, կոռեկտության եւ մարդկային նորմալ փոխհարաբերությունների տրամաբանության մեջ, եւ ՀԱԿ-ի նոմենկլատուրան այս հարցում կունենա կարեւոր դերակատարում: Այդուհանդերձ, շնորհակալություն եմ հայտնում ՀԱԿ բոլոր համակիրներին` 4 տարիների համատեղ պայքարի համար, եւ հայցում վերջիններիս ներողամտությունը, եթե ունեցել եմ թերացումներ կամ բացթողումներ: Հայ ազգային կոնգրեսին ցանկանում եմ արդյունավետ աշխատանք ՀՀ Ազգային ժողովում»: Ա. Զաքարյանը նշել է նաեւ, որ վերջին ամիսներին ՀԱԿ-ի վարած քաղաքականության եւ ԱԺ ընտրությունների հետ կապված հարցերի շուրջ տարաձայնություններ ունենալով, այդուհանդերձ լռություն է պահպանել նախընտրական շրջանում` ՀԱԿ-ում միասնականությունը չխաթարելու մղումով, միեւնույն ժամանակ, այդ ողջ ընթացքում իր գործունեությամբ հնարավորինս աջակցել է ՀԱԿ-ին ԱԺ ընտրություններին առավելագույն քվեներ ստանալու համար: Հիշեցնենք, որ անցած ուրբաթ օրը հրավիրված ասուլիսում պաշտոնապես հայտարարելով ԱԺ պատգամավորի իր մանդատը վայր դնելու մասին, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չէր բացառել առաջիկայում նաեւ ՀԱԿ-ից դուրս գալու հնարավորությունը: Թեեւ երեկ Ա. Զաքարյանը հայտարարել է, որ ՀԱԿ Գյումրիի տարածքային գրասենյակի համակարգողի պարտականությունների եւ ՀԱԿ-ում քաղաքական գործունեությունը դադարեցնելու մասին որոշումը կայացնելիս այն չի քննարկել կուսակցության ղեկավարության հետ, այդուհանդերձ, նրա այդ քայլը վկայում է «Հանրապետություն» կուսակցությունում տիրող տրամադրությունների մասին: Ըստ էության «Հանրապետությունն» արդեն դե ֆակտո ՀԱԿ-ից դուրս է եկել, մնում է դա արձանագրել նաեւ դե յուրե: