Չեն բարիշում

15/05/2012

Մեր տեղեկություններով, ՀՀԿ ու ԲՀԿ ղեկավարներ Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը դեռ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ հնարավոր կոալիցիայի հետ կապված: Ասում են, որ Գ.Ծառուկյանն ինքն ուզում է կոալիցիա կազմել, եւ դրա հետ կապված առաջինն ինքն է դիմել Ս.Սարգսյանին: Սակայն ԲՀԿ-ում դրա հետ կապված կան լուրջ դժգոհություններ: Արդեն հայտնի է, որ ԲՀԿ անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, թե ինքը չի մտնի ձեւական կոալիցիայի տակ: Եվ չէր մանրամասնել, եթե, այնուամենայնիվ, ԲՀԿ-ն մտնի կոալիցիա, ինքը կմնա՞ այդ խմբակցության կազմում, թե՞ դուրս կգա: Հայտնի է նաեւ, որ կոալիցիա կազմելու հետ կապված իրենց բացասական կարծիքներն են հայտնել նաեւ ընտրված պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Հովհաննիսյանը: Մեր տեղեկություններով` ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն դեմ է նաեւ ԲՀԿ համամասնական ցուցակի 4-րդ հորիզոնականում գտնվող ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը: Մամուլում արդեն տեղեկություններ կան, որ ԲՀԿ-ն համաձայնել է նորից կոալիցիա կազմել: Երեկ մեզ չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ Գ.Արսենյանից: Սակայն, մեր տեղեկություններով` նա եւ Վ.Օսկանյանը սպասում են կոալիցիա կազմել-չկազմելու մասին հայտարարությանը: Եվ չի բացառվում, որ երկուսն էլ դուրս գան ԲՀԿ խմբակցությունից, բայց վայր չդնեն մանդատները: Բանն այն է, որ կոալիցիա կազմելը ԲՀԿ-ի համար նշանակում է` հայտարարել, թե 2013թ. նախագահական ընտրություններին պետք է պաշտպանեն Ս.Սարգսյանի թեկնածությունը, ինչին դեմ են վերը նշված գործիչները: Եվ հենց այս դժգոհությունների պատճառով, ասում են, ձգձգվում է կոալիցիայի հետ կապված համաձայնությունը: Ասում են նաեւ, որ կոալիցիա կազմելուն դեմ են նաեւ ՀՀԿ որոշ շերտերում: Ընդ որում, ՀՀԿ վերնախավի մեծ մասը վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ չի ցանկանում, որ իրենց կուսակցությունը նորից համագործակցի ԲՀԿ-ի հետ: