Նաեւ Հովի՞կը

15/05/2012

Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարած Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցությունը (ՀԱԱԿ) եւս մոտ օրերս նիստ է հրավիրելու եւ քննարկելու է Հայ ազգային կոնգրեսի հետ հետագա հետ համագործակցության հարցը: Այդ մասին երեկ Tert.am-ի հետ զրույցում ասել է Հովհաննես Հովհաննիսյանը: «Կքննարկենք, բավականին շատ հարցեր ունենք, եւ դրա արդյունքում հասարակությանը, լրատվամիջոցներին մեր որոշման մասին տեղեկություն կտանք»,- նշել է նա: Ավելի վաղ Հովհաննես Հովհաննիսյանը հայտարարել էր, երեկ էլ կրկնել է, որ Հայ ազգային կոնգրեսում խորհրդարան մտնել-չմտնելու հարցը չի քննարկվել, եւ ԱԺ մտնելու մասին իրենք տեղեկացել են վերջին հանրահավաքից: «Ինձ նման քննարկման չեն հրավիրել: Ինչ վերաբերում է, հետագայում պարզաբանումներ ինձ տվե՞լ են, թե՞ ոչ, չէ, չեն տվել»,- ասել է Հովհաննես Հովհաննիսյանը: Հարցին` եթե որոշվի, որ Կոնգրեսից հեռանում է նաեւ ՀԱԱԿ-ը, ապա չի՞ արձանագրվի, որ սկսվել է Կոնգրեսի փլուզման սկիզբը կամ ընթացքը, Հովհաննես Հովհաննիսյանը պատասխանել է. «Ես չգիտեմ, չեմ կարող ասել, երբ որոշում կայացնենք` էն ժամանակ մնացած հետեւությունները կանենք, թե ինչի սկիզբն է կամ վերջը»: