Հմայակը բարկացել է

15/05/2012

«Որեւէ մի մարմին չի կարող ընդհանրապես մտքով իսկ անցկացնել, որ ընտրված պատգամավորը կարող է ինչ-որ մեկի որոշմամբ, ով էլ որ դա լինի, մանդատը վայր դնել: Եվ որեւէ մեկի մտքով չի կարող անցնել, որ ինչ-որ խարդավանքների, կամ` այսօր մեկը ասում է, թե Սերժ Սարգսյանի պահանջով, ես ինքնաբացարկ ներկայացնեմ»,- երեկ մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում ասել է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ով ԲՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է պատգամավոր: Վերջերս մամուլում հրապարակվեց ԱԺ գնացող ԲՀԿ պատգամավորների ցանկը, որտեղ Հ.Հովհաննիսյանի անունը չկար: Եվ կարծիք կա, թե նախագահ Ս.Սարգսյանը Գ.Ծառուկյանից պահանջել է Հ.Հովհաննիսյանին ԱԺ չտանել: «Չհասկացանք, էս ինչ է, էս երկիրը ֆաշիստական դիկտատուրա՞ է: Ֆյուրե՞ր է Ս.Սարգսյանը: Ի՞նչ հիմար խոսակցություն է: Եթե Ս.Սարգսյանն այդքան ուզում է, որ ես ինքնաբացարկ տամ, հաստատ ես չեմ տա: Եթե ես ճշտեմ, որ այդպես է, Աստված վերեւից իջնի, ես չեմ հրաժարվի` ի հեճուկս Ս.Սարգսյանի: Գ.Ծառուկյանը Աստծուց բարձր չէ: Ես այդ գողական մեթոդները չեմ ընդունում»,- հայտարարեց Հ.Հովհաննիսյանը: Իսկ արդյո՞ք Գ.Ծառուկյանը Հ.Հովհաննիսյանին չի առաջարկել ինքնաբացարկի դիմում ներկայացնել: «Ասում են, Ս.Սարգսյանն ինչ-որ դիմումներ է հավաքում, ես նման դիմում չեմ ստորագրել, Գ.Ծառուկյանի կողմից իմ առջեւ նման խնդիր չի դրվել: Ես գիտեմ, որ նա հարգում է եւ Սահմանադրությունը, եւ օրենքները: Ինձ հրավիրել են ցուցակ, ես իմ համաձայնությունը տվել եմ, մասնակցել եմ ընտրություններին եւ ընտրվել եմ»,- ավելացրեց նա: Հ.Հովհաննիսյանի խոսքերով` եթե հաստատվի, որ Ս.Սարգսյանն իսկապես իր առաջ խնդիր է դրել, որ իրեն հանի խորհրդարանից, ապա այդ հարցն իր համար կդառնա արդեն սկզբունքային, եւ որ ինքը ոչ մի պարագայում չի հրաժարվի մանդատից: Ավելին` «Ես գալու եմ խորհրդարան: Հենց առաջին նիստին մի հատ էլ պսակ հետս տանելու եմ»: Հ.Հովհաննիսյանը նաեւ ասաց, թե միայն մի դեպքում կհրաժարվի մանդատից: «Մի պարագայում կհայտնեմ ինքնաբացարկ` եթե Ս.Սարգսյանն անպայման ուզի, որ ես մանդատը վայր չդնեմ ու խորհրդարանում լինեմ: Այս դեպքում մանդատից անպայման կհրաժարվեմ»,- եզրափակեց նա: