Պահանջվում են «կինոլոգներ»

15/05/2012 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո ամենաշատ քննարկվող հարցը հետեւյալն է՝ կկազմվի՞ արդյոք կոալիցիոն կառավարություն, եւ եթե այո՝ ապա ովքե՞ր կլինեն կոալիցիայի անդամներ։

Ըստ էության, Հայաստանի հանրապետական կուսակցությանն այսօր ընդհանրապես պետք չէ կոալիցիա կազմել։ Քաղաքագիտության մեջ եւ քաղաքական պրակտիկայում ընդունված է, որ կոալիցիա կազմվում է այն դեպքում, երբ երկիրը գտնվում է արտակարգ իրավիճակում (պատերազմ կամ տնտեսական ճգնաժամ), կամ էլ` երբ ընտրությանը մասնակցող կուսակցություններից ոչ մեկին չի հաջողվել բացարձակ մեծամասնություն կազմել։

Պատերազմական վիճակում գոնե ֆորմալ առումով չենք գտնվում։ Տնտեսական ճգնաժամն էլ, եթե հավատանք նույն իշխանություններին, արդեն հաղթահարել ենք։ Ինչ վերաբերում է մեծամասնությանը, ապա ՀՀԿ-ն այսօր ավելի մեծաքանակ է, քան նախկին գումարման ԱԺ-ում։ Այսպես, 2007-2012 գումարման

ԱԺ-ում ՀՀԿ խմբակցությունն ուներ 62 պատգամավոր։ Ճիշտ է, ֆորմալ առումով խմբակցության կազմում չգտնվելով՝ ՀՀԿ անդամ էին հանդիսանում նաեւ մի շարք այլ պատգամավորներ։ Օրինակ՝ Սամվել Ալեքսանյանը, Լյովա Խաչատրյանը, Զոհրաբ Զոհրաբյանը, Մխիթար Վարագյանը։ Դե ֆակտո պրո-հանրապետական էր նաեւ «Ազգային Միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը։ Այս ցանկին էլ ավելացնենք Տիգրան Թորոսյանին, ով մինչեւ 2008թ. կեսը ՀՀԿ անդամ էր։ Կարճ ասած, Հանրապետականը ուներ բավարար թվով պատգամավորներ՝ ցանկացած օրինագիծ հաստատելու համար։ Չնայած այն հանգամանքին, որ, ինչպես նշվեց, ֆորմալ առումով ուներ 62 անդամ։

Նորընտիր խորհրդարանում Հանրապետական կուսակցությունը կունենա 69 պատգամավոր։ Պաշտոնապես։ Ցանկացած օրինագծի ընդունման համար բավական է ունենալ 66 պատգամավոր, այսինքն՝ ՀՀԿ-ն «կողմնակի օգնության» կարիք ամենեւին չունի։ ՕԵԿ-ն էլ նման պայմաններում կարող է համարվել որպես շա՜տ ֆորսմաժորային «պահուստ»:

Այն մասին, որ ՀՀԿ-ին կոալիցիա պետք չէ, ի թիվս այլոց, երեկ հայտարարել է նաեւ ՀՀԿ անդամ, մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Մանվել Բադեյանը։ Նա, մասնավորապես, նշել է, որ ՀՀԿ-ն բավականաչափ ռեսուրս ունի, որպեսզի չգնա կոալիցիա կազմելու ճանապարհով: Բադեյանը, այդուհանդերձ, հավելել է, որ պետք է լսել նաեւ մյուսների կարծիքները, սակայն նաեւ հայտարարել է. «Ես գտնում եմ, որ եթե ապահովել ենք բացարձակ մեծամասնություն, կոալիցիայի իմաստը չեմ տեսնում»։

Այս դեպքում Բադեյանն ակնհայտորեն նկատի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, քանի որ 5% հավաքած ուժերի վերաբերյալ նա այլ, մեղմ ասած, օրիգինալ միտք է արտահայտել՝ նրանց համեմատելով փոքր շների հետ։ Նա ասել է, որ շների մի ցեղատեսակ կա, որոնց թվում է, թե իրենք մեծ շուն են, եւ դրանով իրենք իրենց փորձանքի մեջ են գցում։ «Բայց իրենք փոքր շուն են: Պետք է համակերպվեն, որ այդքան քվե են ստացել ու ուրիշ շանս չունեն, որքան էլ ցանկությունը մեծ լինի: Ճիշտ հաշվեք ձեր շանսերը եւ երբեք ՀՀԿ-ի հետ նույն նժարին մի դրեք»,- ասել է Մ. Բադեյանը: Նրա տրամաբանությամբ ստացվում է, որ ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին կարելի է համարել մեծ շներ, կամ, ինչպես ժողովուրդն է ասում` «գամփռներ»:

Նշենք, որ քաղաքական պրակտիկայում կոալիցիա կազմելու ամենատարածված տարբերակները հետեւյալն են՝ «մեծամասնության կոալիցիա», «ազգային միաբանության կոալիցիա» (ոչ մի կապ չունի Արտաշես Գեղամյանի կուսակցության հետ) եւ, այսպես կոչված, «համակեցություն»։ Առաջինի դեպքում կոալիցիա են կազմում առավելագույն ձայներ ստացած կուսակցությունները։ Այսինքն՝ Հայաստանի պարագայում դա ենթադրում է ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կոալիցիա։ Սակայն ուժերի դասավորությունը ցույց է տալիս, որ ՀՀԿ-ում այնքան էլ հակված չեն այդ տարբերակին։ Չնայած, մյուս կողմից, խորհրդարան անցած ԲՀԿ-ականների վարքագիծը հակառակի մասին է վկայում։ Օրինակ, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ինքնաբացարկ է հայտնել, ինչը ենթադրում է, որ նա շարունակելու է պաշտոնավարել` որպես առողջապահության նախարար։ «Ազգային միաբանության» կոալիցիայի պարագայում խորհրդարան անցած անխտիր բոլոր ուժերն են գործադիր իշխանություն ձեւավորում, ինչը ներկայումս Հայաստանում անհնար է եւ անիմաստ։ Եվ, վերջապես, «համակեցություն» լինում է այն դեպքում, երբ գործող նախագահի կուսակցությունը պարտվում է ընտրություններում, եւ նա ստիպված է լինում վարչապետ նշանակել հաղթած կուսակցության ներկայացուցչին։ Օրինակ, 1997թ. Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններից հետո նախագահ Ժակ Շիրակը ստիպված էր վարչապետի պաշտոնում նշանակել սոցիալիստ Լիոնել Ժոսպենին։ Հայաստանում, ինչպես տեսնում եք, այդ տարբերակն էլ է բացառվում։

Այդուհանդերձ, օրինակ, ՕԵԿ-ի պարագայում, գրեթե կասկած չկա, որ այն մաս է կազմելու կոալիցիային։ Ոչ թե այն պատճառով, որ նրանց կարիքը ՀՀԿ-ն շա՜տ ունի, այլ… Դժվար է ասել։ Ամեն դեպքում, դա կլինի նույն պատճառով, ինչ պատճառով ՕԵԿ-ին հնարավորություն տրվեց հաղթահարել 5%-ի շեմը։ Քննարկվում է նաեւ «Ժառանգության»՝ կոալիցիային միանալու տարբերակը, սակայն ժամանակից առաջ չընկնենք։

Կարճ ասած՝ հայրենի խորհրդարանում կոալիցիոն դասական տարբերակներից ոչ մեկը չի գործելու։ Եթե արտահայտվենք Մանվել Բադեյանի լեզվով, կլինի «գամփռներ + փոքր շներ», կամ՝ «գամփռ + փոքր շներ»։ Սա՝ ֆորմալ առումով։ Իսկ դե ֆակտո, ազդեցության տեսանկյունից, Ազգային ժողովում կլինի «Մեկ գամփռ» իրավիճակը։ Նշենք, որ ընտրություններին մասնակցած ու ԱԺ անցած ուժերի նախընտրական ծրագրերը եւս կոալիցիա կազմելու որեւէ հեռանկար չեն թողնում, քանի որ բոլորի ծրագրերը (նույնիսկ` ՀՀԿ-ինը), ըստ էության, ուղղված էին ՀՀԿ-ի դեմ: Բացի այդ, անցած հինգ տարիներին ՀՀԿ-ի հետ կոալիցիայում գտնվող ուժերն անցած մեկ ամսում կարծես մոռացել էին դրա մասին։ Նախորդ 5 տարիները ՀՀԿ-ն իշխանության է եղել ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ, սակայն պահանջներն ու քննադատությունը բաժին է ընկել միայն նրան։ Մանավանդ` նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ընդդիմությունը (մասնավորապես` ՀԱԿ-ը) կարծես մոռացել էր, որ ԲՀԿ-ն նույնպես նախարարական պորտֆելներ ունի։ Վարդան Օսկանյանը նույնպես այս մասին չէր հիշում, երբ անխնա քննադատում էր հանրապետականներին։ Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա, թեեւ հասցեական քննադատություն ՀՀԿ-ի հասցեին չէր հնչում, սակայն ՕԵԿ ծրագրում եւ ելույթներում այնպիսի ձեւակերպումներ կային (օրինակ՝ դոլար-դրամ փոխարժեքի աղետալի տատանումների կամ մոնոպոլիաների վնասների մասին), որ թվում էր, թե ՕԵԿ-ը իշխանությունից մի քանի հազար կիլոմետր հեռու է եղել։

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա նախընտրական ծրագրում ՀՀԿ-ն խոսում է միայն ի՛ր անունից։ Ընդ որում, միայն ի՛ր անունից էր խոսում նաեւ այն ժամանակ, երբ խոստումներին զուգահեռ` ներկայացվում էին նախորդ տարիների ձեռքբերումները։ Օրինակ՝ «Ավելացրել ենք բոլոր տեսակի պետական նպաստների եւ կենսաթոշակների չափերը, ինչպես նաեւ հասցեականությունը»։ Կամ այս մեկը՝ «Էականորեն նվազեցրել ենք բիզնես վարելու վարչական պատնեշները, քաշքշուկները, թղթաբանությունը»: Այսինքն` ՀՀԿ-ն առաջնորդվում էր այն մոտեցմամբ, որ, եթե քննադատությունը բաժին է ընկնում միայն իրեն, ապա դափնիներն էլ նրան պետք է բաժին հասնեն։

Իսկ եթե մի պահ վերանանք կուսակցական շահերից, ապա ո՞ր տարբերակն է առավել բխում երկրի շահերից՝ ունենալ կոալիցիա՞, թե՞ ՀՀԿ-ի միանձնյա իշխանություն։ Մեծ հաշվով՝ ոչ մի տարբերություն չկա։ Բոլորի ծրագրերն էլ նույնն են։ Ճիշտ է՝ մեկը դա քննարկել է բնակիչների հետ, մյուսը՝ արտասահմանյան մասնագետների, բայց հիմնախնդիրների, առաջնահերթությունների եւ իրականացվելիք քայլերի տեսանկյունից ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի ծրագրերը հակասություններ գրեթե չունեն։ Այնպես որ, երկրի շահերի տեսանկյունից ոչ մի տարբերություն չկա, թե կոալիցիա կկազմվի՞, թե՞ ոչ։ Իսկ մնացածն արդեն էական չէ, եւ կապված է զուտ ներկուսակցական ամբիցիաների հետ։