Գերմանիայի ամենամեծ` Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայի երկրամասում կայացած խորհրդարանական ընտրություններում այդ երկրի վարչապետ Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը պարտություն է կրել: Սա, ըստ էության, սենսացիոն իրադարձություն է, այն առումով, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ունեցած ամենավատ արդյունքն է` նրանք ստացել են ձայների 26.3%-ը, այն դեպքում, երբ նախորդ ընտրություններում ստացել էին 36 տոկոս: 38.8 տոկոսով հաղթել է Սոցիալ-Դեմոկրատական կուսակցությունը, Կանաչների կուսակցությունը` 12%, իսկ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության դաշնակից «Ազատ դեմոկրատների» օգտին քվեարկել է ընտրողների 8.6%: Այսպիսով, Գերմանիայի հիմնական ընդդիմադիր Սոցիալ-Դեմոկրատական ու Կանաչների կուսակցությունները միասին ստացել են մարզի ընտրողների 50.4 տոկոսի վստահությունը եւ մեծամասնություն կկազմեն: 18 մլն բնակչություն ունեցող այս մարզի ընտրությունները համարվում էին հաջորդ տարի կայանալիք համազգային ընտրությունների հիմնական կանխորոշիչը: Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Անդրեա Նալեսը հայտարարել է, որ այս ընտրության արդյունքները ճանապարհ են հարթում հաջորդ տարվա ընտրություններում Անգելա Մերկելին հեռացնելու համար: Ըստ քաղաքագետների, այսպիսով գերմանացիներն իրենց վերաբերմունքն են արտահայտում Մերկելի կուսակցության կողմից անցկացվող խիստ հարկային քաղաքականության նկատմամբ: