Սադոյանը վերադառնում է

15/05/2012

«Գայլերը կուշտ մնացին, իսկ ոչխարները` կենդանի»,- գնահատելով մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքն ու արդյունքները` երեկ կայացած ասուլիսում ասել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, Հայաստանի հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը: Ըստ նրա, իշխանությունները կատարել են ոսկերչական ճշգրտությամբ աշխատանք, որպեսզի շատ լուրջ խախտումներ չգրանցվեն: «Այս ընտրություններն այնքանով էին դրական, որ աչք ծակող խախտումներ չեն գրանցվել, որի մասին միջազգային դիտորդներն էլ չեն փաստել»,- ասել է նա` «ծիծաղելու աստիճան զարմանք» արտահայտելով, որ իշխանություններին միշտ քննադատած ՀԱԿ-ը հանկարծ բարեկամացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Սադոյանի կարծիքով` ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունից շահել է ՀՀԿ-ն. «Ծիծաղելի էր, որ ՀԱԿ-ը հայտարարում էր ախոռները մաքրելու մասին եւ հանկարծ բարեկամացավ ԲՀԿ-ի հետ»: Ըստ նրա, խորհրդարանում ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ կոալիցիան կպահպանվի, հակառակ դեպքում նոր կոալիցիան արհեստական կլինի: Ի դեպ, երեկ Սադոյանն ասել է, թե հնարավոր է, որ մասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին: «Եթե հիշում եք, «Ազգային ժողովրդավարական միություն» (ԱԺՄ) կուսակցության համագործակից կուսակցությունները` «Ազգային ժողովրդավարական դաշինք» (ԱԺԴ), «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» (ՀԺԱՄ) կուսակցությունները, խորհրդարանական ընտրություններից առաջ որոշել էինք միանալ եւ միասնական պլատֆորմով մասնակցել խորհրդարանական ընտրություններին, սակայն այժմ խորհրդարանական ընտրությունները դարձել են գերշուկայական, եւ միայն 8 միլիոն դրամ գրավ մուծելն ու շտաբներ պահելը` արդեն միլիոններ են, որոնք դեռ չունենք, եւ չեմ տեսնում հնարավորություն, որ առաջիկայում կունենանք»,- ասել է նա, ակնարկելով, որ 2013 թ. նախագահական ընտրություններում իր մասնակցությունը պայմանավորված է ֆինանսական հնարավորություններով: Հարցին` ի՞նչ կարծիք ունի Ռոբերտ Քոչարյանի` առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու հավանականության մասին, Արշակ Սադոյանը պատասխանել է, որ դա զրոյական է, քանի որ ամբողջ խոսակցությունները Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին ընդամենը քարոզչություն են: Իսկ առաջիկա նախագահական ընտրություններին, ըստ նրա, թեկնածուներ կունենա ՀՅԴ-ն, ինչպես նաեւ` ԲՀԿ-ն, որը, սակայն, Սադոյանի կարծիքով, կառաջադրի ոչ թե Ռոբերտ Քոչարյանին, այլ մեկ ուրիշ թեկնածուի: