Ավանդական ու առցանց ԶԼՄ-ների մշտադիտարկումից զատ, այս ընտրությունների ժամանակ ուսումնասիրության առարկա դարձավ նաեւ Ֆեյսբուք սոցիալական կայքը:
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնն անցկացրել է քարոզարշավին նախորդող փուլի, բուն քարոզչության ընթացքի եւ ընտրության օրվա հետ կապված ֆեյսբուքյան քաղաքական ակտիվության դիտարկում` «Ֆեյսբուքը` նախընտրական հարթակ Հայաստանում» խորագրով: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի փորձագետ Լաուրա Բաղդասարյանը երեկ ներկայացրեց հետազոտության երկրորդ փուլի` ապրիլի 8-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածի արդյունքները: Հիշեցնենք, որ կենտրոնն ուսումնասիրում է 5 առցանց ԶԼՄ-ների ֆեյսբուքյան էջերը` քաղաքական ուժերի մասին ներկայացվող նյութերով եւ այդ նյութերի նկատմամբ լսարանի դրսեւորած կեցվածքով, տարբեր կուսակցությունների պաշտոնական ու առանձին թեկնածուների անձնական էջերը եւ ընտրությունները քննարկելու համար ստեղծված խմբերը: Հետազոտության արդյունքների համաձայն, ուսումնասիրման առարկա հանդիսացող առցանց ԶԼՄ-ները` 1in.am, tert.am, news.am, 7or.am, zham.am, քարոզարշավի ընթացքում ընտրությունների մասին Ֆեյսբուքի իրենց էջերում տեղադրած նյութերում առավել հաճախ անդրադարձել են ընտրական գործընթացին եւ ընտրակաշառքին (ընտրակեղծիքին) վարչական ռեսուրսի օգտագործմանը: Ընդ որում, միայն 7or.am-ն է, որ կայքում տեղադրած բոլոր նյութերը հավասարապես զետեղել է նաեւ ֆեյսբուքյան էջում: Ընտրակաշառքի (ընտրակեղծիքի) վարչական ռեսուրսի օգտագործմանը կուսակցություններից առավել շատ անդրադարձել է ՀԱԿ-ը, այնուհետեւ` «Ժառանգությունն» ու ԲՀԿ-ն: ՀԱԿ-ը դիտարկված բոլոր լրատվամիջոցների էջերում թեմայի մասին արտահայտվել է 71 անգամ, որոնցից 48-ը` միայն ՀՀԿ-ի, 3-ը` ՕԵԿ-ի, եւ 1 անգամ` ԲՀԿ-ի մասին: Նշված թեմային կայքերից առավել շատ անդրադարձել են` tert.am-ը` 135 անգամ, 7or.am-ը` 107 անգամ, 1in.am-ը` 94, news.am-ը` 55, zham.am-ը` 43 անգամ: Ըստ Լ.Բաղդասարյանի, լսարանը համաչափ է արձագանքել թեմային: Առավել մեծ արձագանքի են արժանացել, այսինքն` հավանել են, տարածել կամ մեկնաբանել news.am-ի էջում զետեղված նյութերը, իսկ ամենաքիչը` tert.am-ինը:
Կուսակցությունների պաշտոնական ու թեկնածուների անձնական էջերի դիտարկման արդյունքում պարզվել է, որ սոցիալական ցանցում առավել ակտիվ են եղել «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները: Ստյոպա Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանն ամենաշատն են արժանացել լսարանի արձագանքին ու առավել հաճախ են արտահայտվել իրենց անձնական էջում: Ակտիվությամբ նրանց հաջորդել են Արմեն Աշոտյանն ու Լեւոն Զուրաբյանը: Վարդան Օսկանյանը բավականին հաճախ է երկխոսությունների մեջ մտել: Համեմատաբար ակտիվ է եղել նաեւ ՀՅԴ-ի էջը: Հետաքրքիր է, որ եթե Գագիկ Ծառուկյանի էջն ամենաշատն են հավանել` 24.188 անգամ, ապա քննարկումների ու երկխոսությունների թիվը շատ փոքր է: Ֆեյսբուքում ամենաշատ ընկերներն ունի Արմեն Աշոտյանը` 4987, իսկ ակտիվությամբ աչքի ընկած Ստյոպա Սաֆարյանն ունի ընդամենը 2730 ընկեր: Քաղաքական գործիչների ֆեյսբուքյան էջերում առավել հաճախ են քննարկումներ ծավալվել քաղաքական ազատությունների/ընտրական գործընթացի վերաբերյալ, այնուհետեւ` սոցիալ-տնտեսական թեմաներով: Փորձագետի համոզմամբ` ֆեյսբուքյան ակտիվությունը չի անդրադարձել ընտրությունների արդյունքների վրա, քանի որ ամենաակտիվը` «Ժառանգություն» կուսակցությունը, եւ ամենապասիվը` ՕԵԿ-ը, գրեթե նույն արդյունքն ունեն: Հետազոտական կենտրոնն ուսումնասիրել է միայն ընտրական թեմաներով քննարկումներ ծավալող բաց խմբերը, որտեղ կարծիքների առավել մեծ բազմազանության կարելի է հանդիպել, քան փակ խմբերում, որոնք ստեղծվել են որոշակի ուժերի կողմից, եւ քննարկումներին մասնակցում են հիմնականում համախոհները: Լ. Բաղդասարյանը նկատեց, որ առցանց լրատվամիջոցներն ամբողջությամբ ապավինել են ֆեյսբուքյան իրենց էջին, եթե կայքն ինչ-ինչ պատճառներով չի գործել: 1in.am-ի էջում նյութերի թիվը կտրուկ աճել է 2 օրվա ընթացքում, երբ չի գործել առցանց ԶԼՄ-ի մայր կայքը:
Ըստ Լ.Բաղդասարյանի, թեեւ Ֆեյսբուքն ավանդական լրատվամիջոցներին լուրջ մրցակից է դարձել, այնուամենայնիվ, քաղաքական գործիչներն ավելի մեծ տեղ են տալիս ավանդական լրատվամիջոցներին, ինչի ապացույցն «Ազատություն» ռ/կ-ի կազմակերպած առցանց ասուլիսներն էին, որի ժամանակ հյուրերն ավելի ակտիվորեն էին պատասխանում Ֆեյսբուքի օգտատերերի հարցերին, քան իրենց դրսեւորում էին ֆեյսբուքյան էջերում:
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնը շարունակում է ուսումնասիրել հետընտրական Ֆեյսբուքը եւ առաջիկայում հանրությանը կներկայացնի ֆեյսբուքյան բանահյուսության նմուշները, որտեղ, ըստ Լ.Բաղդասարյանի, որպես օրինակ` «մուրաբա» բառն արդեն ասոցիացվում է «Օրինաց Երկիր» կուսակցության հետ:
Գայանե ԼԱԼԱՅԱՆ