Երեկ առավոտյան Վ.Բրյուսովի անվ. Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանող, «Ազատ ուսանողներ ֆորում» նախաձեռնության անդամ, Մաշտոցի պուրակի շարժման ակտիվիստ Միքայել Նազարյանին ՀՀ ոստիկանության աշխատակիցները առանց որեւէ ծանուցագրի բերման էին ենթարկել: Ժամեր անց Մ. Նազարյանին ազատ էին արձակել, ում հետ մենք զրուցեցինք հեռախոսով.
– Միքայել, երեկ ժամը քանիսի՞ն Ձեզ բերման ենթարկեցին Ոստիկանություն:
– Առավոտյան ժամը 9:19 րոպեին ինձ զանգահարեցին անծանոթ հեռախոսահամարից (հեռախոսահամարը կարող եմ ասել, բայց այն անծանոթ էր ինձ), եւ ասացին, որ ինձ հետ խոսում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակից, որը նշեց, թե ուզում է հանդիպել ինձ հետ: Ես, բնականաբար, համաձայնությունս տվեցի: Պայմանավորվեցինք հանդիպել բուհի Օտար լեզուների ֆակուլտետի դիմաց: Գալով այդտեղ` տեսա, որ երկու ոստիկաններ էին կանգնել: Մինչ նրանց մոտենալը ես փորձնական զանգ կատարեցի եւ տեսա, որ նշյալ հեռախոսահամարը, որից ինձ զանգել եւ ներկայացել էին որպես ԿԳՆ աշխատակից, գտնվում էր ոստիկանի մոտ:
– Նրանք ոստիկանական համազգեստո՞վ էին:
– Ո՛չ, նրանք ոստիկանական համազգեստով չէին: Նրանք ներկայացան որպես իրավապահ մարմնի ներկայացուցիչներ, եւ ինձ խնդրեցին գնալ Ոստիկանություն: Ես, բնականաբար, իմ անձնագրով հաստատեցի, որպեսզի ուրիշ պատճառ չլինի Ոստիկանություն գնալու: Դրանից հետո նրանք փորձեցին որոշակի ճնշում գործադրել ինձ վրա, այն է թե` ես պարտավոր եմ գնալ իրենց հետ: Իհարկե, ես պահանջեցի, որ իրենք ցույց տան փաստաթուղթ եւ մտնեն իրավաբանի հետ, ապա իրավաբանի հետ խոսելուց հետո քննիչը երեք հոգու ներկայությամբ ինձ ասաց. «Ո՛չ օրենքը, ո՛չ Աստված քեզ չեն փրկի»: Այնուհետ մենք գնացինք Քննչական վարչություն, որտեղ ոչ դեկլարատիվ կերպով ինձ հարցաքննեցին: Դե յուրե գնացել էի` որպես վկա, բայց դե ֆակտո` որպես կասկածյալ, հարցեր էին տալիս, ինչպես, օրինակ, թե կա՞ն օպերատիվ տվյալներ, որոնց համաձայն` ես կրակայրիչով փորձել եմ ընդհանուր փուչիկներից փուչիկ առանձնացնել, ինչը, բնականաբար, բացառեցի, որովհետեւ փուչիկներից գտնվել եմ 7-10 մետր հեռավորության վրա, նստած դիրքում, եւ կրակին նախորդած տասը րոպեն չեմ ծխել: Օրինակ, հարցրեցին, թե ի՞նչ նպատակով էի գնացել: Ես պարզաբանեցի, որ գնացել եմ բնապահպանների հետ` որպես բնապահպան, որպեսզի այնտեղ բարձրացնենք Թեղուտի հարցը, եւ ոչ մի արտակարգ բան չէինք պատրաստում, այլ ուղղակի պատրաստվում էինք Թեղուտի պաստառը բարձրացնել: Իմ հիմնական դժգոհությունն այն է, որ նրանք ծանուցագիր չտրամադրեցին Քննչական վարչություն ներկայանալու համար, փոխարենը լկտիաբար պարզաբանեցին, թե` «ունենք, չենք տալու»:
– Իսկ ոստիկաններին չհարցրեցի՞ք, թե ինչու էին հեռախոսային զրույցում ներկայացել որպես ԿԳՆ աշխատակիցներ:
– Նրանք ասացին, թե ԿԳՆ աշխատակիցն արդեն գնացել է, բայց ես նրանց հետ մեկ անգամ խոսել էի հեռախոսով, եւ նկատեցի, որ նույն ձայնն էր:
– Ինչպե՞ս Ձեզ ազատ արձակեցին: Ինչպե՞ս ավարտվեց պատմությունը:
– Հարցաքննությունից առաջ ներկայացավ իմ փաստաբանը, իսկ հարցաքննությունից հետո ցտեսություն ասացին: Չգիտեմ` արդյո՞ք հաջորդիվ հանդիպում կլինի ոստիկանների հետ, թե՞ ոչ: Առայժմ այսքանը:
– Եվ ի՞նչ տպավորություն ստացաք կատարված դեպքից:
– Չեմ ուզում հստակ կարծիք արտահայտել: Միայն կասեմ, որ նրանք ուզում են անհատապես մեզ ճնշել եւ այդ կերպով թուլացնել մեր շարժումը: Պատահաբար չէ նաեւ DEY ակումբի հրդեհը, որը ներկայացնում է հենց այս շղթայի մի մասը: Պաշտոնական դիրքորոշում չեմ կարող հայտնել: Քանի դեռ իմ ձեռքում չկան փաստեր, առայժմ չեմ խոսի որոշակի մեղադրանքների մասին:
Հ.Գ. Բնապահպան ակտիվիստներից Արթուր Գրիգորյանն էլ, անդրադառնալով նշյալ դեպքին, ասաց. «Սա նպատակամղված հետապնդում է քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ, մասնավորապես` Միքայելը, ինչպես գիտեք, տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների անդամ է, եւ նրա վրա էլ, այսպես ասած` «տոչկա» են դրել շատ պարզ պատճառներով: Նշեմ նաեւ, որ Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի հանրահավաքի օրը Թեղուտի խմբով գնացել էինք այնտեղ, որպեսզի պարզեինք Թեղուտի պաստառները, երբ ՀՀԿ նախագահը բարեհաճեր: Բայց այնպես ստացվեց, որ մինչ նրա գալը այդ փուչիկները պայթեցին, իսկ պայթյունից մենք գտնվում էինք տասը մետր հեռավորության վրա: Մենք մոտ չենք եղել, որպեսզի կարողանանք վկայություն տալ: Մեզնից որեւէ մեկը չի վնասվել: 150 տուժող կար այնտեղ, եւ ավելի շատ վկայություններ ումի՞ց են ուզում: Անտրամաբանական է ամեն բան: Միքայելը` որպես վկա, այսպես ասած` արժեքավոր վկա լինել չի կարող, եւ որպես ի՞նչ են մեյմունություն արել` քաղաքացիական համազգեստով բերման ենթարկել… Մի խոսքով…»: