Հոգեթերապեւտ Հարություն Մինասյանը tert.am կայքին երեկ ներկայացրել էր իր տեսակետը, թե Ընտրական օրենսդրությամբ պետք է սահմանափակի հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող անձանց մուտքը խորհրդարան կամ պետական այլ օղակ: Այսինքն` հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ չպետք է պաշտոններ զբաղեցնեն պետական համակարգում:
Պարոն Մինասյանը պրոֆեսիոնալ է եւ պատկերացնում է` ինչ հետեւանքներ կարող է ունենալ ոլորտի համար, երբ ղեկավարը հոգեպես առողջ չէ: Սակայն կարող եմ վկայակոչել պատմությունը. մեծագույն զորավարներ, քաղաքական գործիչներ, արվեստագետներ, գիտնականներ հոգեկան առողջության հետ կապված լրջագույն խնդիրներ են ունեցել: Նրանց հոգեկան անհավասարակշիռ վիճակը կամ հոգեբույժի ոչ սփոփիչ ախտորոշումը գուցե անհատական ողբերգություն էր, սակայն դիագնոզը նրանց չի խանգարել լինել հանճարեղ` իրենց ոլորտում:
Հարգարժան հոգեթերապեւտը, հետեւելով նախընտրական քարոզարշավին, եւս մեկ անգամ համոզվել է, որ մեր քաղաքական որոշ գործիչներ ունեն հոգեբույժի կարիք: Սակայն, եթե այս դիտարկմանն ավելացվեր, թե քաղաքական այդ ուժերը հասարակական ի՞նչ աջակցություն են ստացել, հնարավոր կլիներ ավելի ծավալուն ընդհանրացումներ անել եւ տալ նաեւ հասարակության ախտահարման աստիճանը: Այն, ինչ պակասում է մեր քաղաքական գործիչներին, թերեւս, պայմանավորված չէ հոգեբույժի ախտորոշմամբ: Մեր քաղաքական դաշտն ակնհայտորեն ունի ինտելեկտի, տարրական գրագիտության, բարոյականության, սկզբունքայնության խնդիր: Բժշկի տեսադաշտից դուրս գտնվող շատ գործիչներ գուցե խոսում են չափազանց սթափ, հավասարակշռված: Սակայն նրանց ներկայությունն իշխանության մեջ արդարացված չէ նույնքան, որքան վտանգավոր է հոգեպես անառողջ մարդկանց ներկայությունը օրենսդիր կամ գործադիր մարմիններում: Ուսումնասիրության ենթակա է նաեւ հասարակության վերաբերմունքը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց հանդեպ: Առհասարակ` խտրականությունը փոքրամասնության հանդեպ` լինի սեռական, ազգային թե այլ, մեծամասնությանը բնորոշ ախտանշան է: Օրինակ, ապրիլի 2-ին աուտիզմով չտառապողները նշում են աուտիզմով հիվանդների օրը: Աուտիզմը, ըստ մասնագետների, համարվում է շիզոֆրենիայի ախտանիշ: Աուտիզմ ախտորոշումն է ունեցել Չարլզ Դարվինը: Այդ ախտորոշումն ունեն Վուդի Ալենը, հայտնի մաթեմատիկոս Գրիգորի Պերելմանը, դաշնակահար Եվգենի Կիսինը (իսկ նա 7-8 տարեկանում արդեն հանդես էր գալիս Հերբերտ ֆոն Կարայանի նվագախմբի հետ, եւ հենց ֆոն Կարայանն էլ նրան համարել է հանճար): 19-րդ դարի իտալացի բժիշկ հոգեբույժ Չեզարե Լոմբրոզոյի աշխատությունը` «Հանճարներն ու խելագարությունը», ներկայացնում է որոշ ընդհանրություններ հանճարների եւ հոգեկան հիվանդությամբ տառապողների միջեւ: Լոմբրոզոյի տեսությունը նախ` հաստատում է, որ հնարավոր է միաժամանակ լինել թե՛ առողջ, թե՛ հանճար, ինչպիսիք էին Գալիլեո Գալիլեյը, Կոլումբոսը, Սպինոզան, Դանթեն, Մաքիավելլին, Վոլտերը, Նապոլեոնը, Միքելանջելոն: Այսինքն` հանճար լինելը միշտ չէ, որ ուղեկցվում է հոգեկան որեւէ խնդրով: Սակայն հանճարները, հիմնականում, ունեն խիստ ընդգծված տարօրինակություններ` Ամպեր, Շուման, Սվիֆթ, Նյուտոն, Ռուսո, Շոպենհաուեր: Օրինակ` Ամպերն այրել է իր գործերից մեկը` վախենալով, թե այն թելադրել է իրեն սատանան: Հոլանդացի հանճարեղ նկարիչ Վան Գոգը եւս վստահ էր, որ իրեն հետապնդում է սատանան: Կյանքի ընթացքում ցնորվել են Գունոն, Պերգոլեզին, Սալիերին, Էդգար Պոն, Մյուսեն: Շումանին, օրինակ, թվում էր, թե Բեթհովենն ու Մենդելսոնը գերեզմանից իրեն երաժշտություն են թելադրում: Ըստ Լոմբրոզոյի` հալյուցինացիաներից տառապում էին Գյոթեն, Գոգոլը… Երբ մի առիթով զրուցում էի մեր ժամանակների լավագույն դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի հետ, նա, Մոցարտին հիշատակելիս, անդրադարձավ նրա մի շարք կախվածություններին: Սակայն, երբ հարցազրույցը պետք է տպագրվեր, խնդրեց այդ հատվածը հանել: Հիմնավորումը չափազանց գրագետ էր` նա, ով գիտի Մոցարտին, գնահատում է նրան` իր թերություններով: Ով չի ճանաչում նրա երաժշտությունը, նրա համար Մոցարտ անունն ասոցիացվելու է ոչ թե երաժշտության, այլ այդ արատների հետ: Հետեւաբար հարց է ծագում` ճի՞շտ է տալ հանճարեղ այս մարդկանց անունները` այս ենթատեքստում: Թերեւս` ոչ: Սակայն մեծ է գայթակղությունը` ամիսներ շարունակ բնավ ոչ հանճարեղ քաղաքական գործիչների եւ նրանց կուսակցությունների հապավումների անվերջ թվարկումից հետո հանկարծ տալ Շոպենհաուերի կամ Սպինոզայի անունը: Ավելի հնարամիտ իմ գործընկերներն այդպես էլ անում են` մեր ԱԺ որոշ պատգամավորներին համեմատում են Շոպենհաուերի կամ Սպինոզայի հետ: Սակայն համապատասխան նկատառումներից ելնելով` այդ անունները վերցնում են չակերտների մեջ…
Հետաքրքիր է Լոմբրոզոյի եզրակացությունը` «Սահմանելով այսքան ընդհանրություններ հանճարների եւ հոգեկան խնդիրներ ունեցողների միջեւ` բնությունը կարծես ցանկացել է ցույց տալ մեզ` կարեկցանքով վերաբերվել մարդկային աղետներից ամենամեծին` հոգեկան հիվանդությանը….»:
Համաշխարհային գրականության մեջ եւս կա մի առանձնահատկություն. այն հերոսները, ում վրա հեղինակը դրել է ճշմարտություններ ասելու ծանրությունը, կա՛մ հոգեկան շեղումներ են ստանում (Լիր արքա), կա՛մ ձեւացնում են, թե հոգեկան հիվանդ են (Համլետ), կա՛մ մանկամտության հասնող պարզության վիճակում են (իշխան Միշկին):
Անկախ Չեզարե Լոմբրոզոյի կոչից` լինել ներողամիտ ոչ միայն խելագարների, այլեւ հանճարների հանդեպ, մեծամասնությունը հանճարեղ լինելը համարում է հիվանդություն: Ընդ որում, երբեմն` անբուժելի: Այնքան անբուժելի, որ ստիպված ես հասարակությանը հանճարից ազատելու համար դիմել ամենածայրահեղ միջոցին: Ինչպես արեց Սալիերին: Մարդկությունը բացառություններից ազատելու այլ` ավելի արդյունավետ ձեւ դեռեւս հայտնի չէ…