Անտարբերությունը նպաստում է

15/05/2012

«Ասել, որ ինքնասպանությունների աճի միտում է նկատվում` սխալ կլինի, պարզապես այս տարի նման դեպքերի թիվը համեմատաբար շատ էր»,- երեկ կայացած ասուլիսում ասել է հոգեբան Սամվել Խուդոյանը` հավելելով, որ ինքնասպանությունն իրականությունից փախչելու, հոգեբանական ճգնաժամից այլ ելք չգտնելու ձեւ է: «Ինքնասպանությունները խիստ անհատական բնույթ են կրում, բացի այդ` դրանց թիվը կարող է ավելանալ հատկապես գարնան ամիսներին»,- նշել է նա: Ըստ հոգեբանի, եթե մարդու գլխում թեկուզ մի պահ ինքնասպանություն գործելու միտք է ծագում, նա անմիջապես պետք է դիմի մասնագետի` կանխարգելելու նման զարգացման հնարավորությունը: «Ընդհանուր առմամբ տղամարդիկ ավելի շատ են ինքնասպանության դիմում, քան կանայք, մինչդեռ իգական սեռի ներկայացուցիչներն ավելի շատ են ինքնասպան լինելու փորձ կատարում»,- ասել է Սամվել Խուդոյանը` միաժամանակ չհամաձայնելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե հայկական հեռուստասերիալներն անուղղակի կերպով ինքնասպանություն են քարոզում: Խոսելով բանակում ինքնասպանությունների թվի աճի մասին` Խուդոյանը նշել է, որ դրանց մեծ մասը պայմանավորված են 18-20 տարեկան երիտասարդների խոր դեպրեսիաներով: «Բայց քիչ չեն նաեւ այն դեպքերը, երբ բանակ են զորակոչում իրապես հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց»,- ասել է նա: Իսկ ասուլիսին մասնակցող մեկ այլ մասնագետ` հոգեթերապեւտ Արմեն Ներսիսյանն ասել է, որ կարեւորն ինքնասպանությունները կանխելն է: «Հասարակության անտարբերությունը, հուսահատությունն ու մենությունն են ուղղորդում անձին գնալու այդ քայլին: Ինքնասպանության հաճախ դրդում է հենց սոցիումի վերաբերմունքը: Այդ է պատճառը, որ շատ կարեւոր է ամուր ընտանիքի գործոնը: Սեր եւ ջերմություն զգացող մարդը դժվար է գնում ինքնասպանության: Էական դեր ունի նաեւ հավատքը, իհարկե` խոսքն աղանդների մասին չէ, որոնք մարդկանց ուղղորդում են դեպի ինքնասպանություն»,- ասել է նա:

Ինքնասպանությունների պատճառները միանշանակ չեն

Հայաստանում 2011թ. գրանցվել է 195 ինքնասպանություն: Վիճակագրական տվյալներով, ինքնասպանություն գործածների ավելի քան 55%-ը 30-65 տարեկան են, 23.1%-ը` 65-ից բարձր: Ինքնասպանություն կատարած անձանց մեջ գերակշռել են 30-65 եւ 18-29 տարեկանները: Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ կատարողների մեջ գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները. միայն 2011թ. գրանցվել է 149 տղամարդու եւ 46 կնոջ ինքնասպանություն: Վիճակագրական տվյալների համաձայն` ինքնասպանության ու ինքնասպանության փորձերի դեպքերի մոտ 57%-ն արձանագրվել է գործազուրկների մոտ: «2011 թվականին ինքնասպանությունների թիվը շատ է ու դեռ կշատանա: Դա կապված է ժամանակաշրջանի հետ»,- ասում է աստղաբան, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը` անդրադառնալով ինքնասպանությունների խնդրին: Ըստ նրա` պատճառն այն է, որ շատերին ծանոթ չէ իրենց ներաշխարհը: «Աղջիկների մոտ մի քիչ հեշտ է, այդ պահին լաց են լինում, հանգստանում են: Տղաների մոտ դա ավելի դժվար է: Նրանք բռնկումից սրան-նրան են մեղադրում, նեղացնում, այնինչ ինքը տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունեցել իր ներսում: Շրջապատում ամենաչնչին բանը կարող է գցել մարդու տրամադրությունը: Առաջանում է հոգեբանական փոփոխականություն, անհավասարակշռություն, զգացմունքներն ունենում են բռնկուն բնույթ` հաճախ առանց պատճառի: Ոմանք էլ չեն արտահայտվում, ներս են գցում, եւ դա շատ ավելի վատ է»,- ասում է աստղաբանը: Նրա կանխատեսումներով` ինքնասպանությունների, խանգարումների քանակը փոփոխության չի ենթարկվի մինչեւ 2055 թվականը: Միաժամանակ, ըստ Էլյա Հովհաննիսյանի` կլինեն մեծ աղետներ: «2013-2014թթ. լի կլինի մահով` երկրագնդի մասշտաբով, պետք է զգուշանալ խանգարումներից»,- զգուշացնում է աստղաբանը:

Հոգեբան Ռուբեն Պողոսյանն էլ` անդրադառնալով ինքնասպանության խնդրին, մեզ հետ զրույցում նշեց, որ ինքնասպանությունների դեպքում միանշանակ պատճառ չի կարող լինել: Նրա խոսքով` ինքնասպան լինելու պատճառ կարող է լինել խորը հուզական վիճակը, սոցիալական պայմանները, շրջապատը, ընտանեկան վիճակը, գործազրկությունը… Ըստ հոգեբանի` գոյություն ունի նաեւ տարիքային ճգնաժամ: Օրինակ`18-25 տարեկանը համարվում է ճգնաժամային տարիք` հատկապես աղջիկների համար: Հոգեբանը նաեւ առանձնացրեց 25-60 տարեկանների եւ դեռահասների ինքնասպանությունները` ասելով. «Եթե նկատել եք, ինքնասպանության փորձ կատարողներն ամենեւին էլ չեն ցանկանում մահանալ: Նրանք մի քանի անգամ ինքնասպանության փորձ են կատարում, բայց այդպես էլ ինքնասպանություն չեն գործում»:

Եթե հոգեբանի կարծիքով` մարդիկ ինքնասպանության մասին մտածում են, երբ այլեւս չեն ցանկանում ընդունել իրականությունն այնպիսին, ինչպիսին այն կա, ապա, աստղաբանի կարծիքով` մարդկանց ինքնասպանության դրդում են տիեզերական չար ուժերը, այն էլ` գրեթե նույն օրերին: Չնայած այս ամենին` թե՛ հոգեբանը եւ թե՛ աստղաբանը միակարծիք են. պետք է ազատվել նման հոռետեսական մտքերից եւ դժվարությունները հաղթահարելու իմունիտետ ձեռք բերել, քանի որ ինքնասպանությունն իրավիճակից դուրս գալու համար ամենեւին էլ ելք չէ:

Կարինա ՊՈՂՈՍՅԱՆ