ՄԱԿ-ն անհրաժեշտ ուշադրություն չի դարձնում խմելու ջրի սակավության խնդրին, իսկ աղքատ պետություններում այս ռեսուրսի ստացման հիմնական աղբյուրներն աղտոտված են: Նման գնահատականներ են պարունակվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության` խմելու ջրի վերաբերյալ զեկույցում: Այս տարվա մարտին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել էր, որ աշխարհում մոտ 800 միլիոն մարդ խմելու ջրի խնդիր ունի: ԱՀԿ ներկայացուցիչները փաստել են, որ արտեզյան ոչ բոլոր աղբյուրների ջրի որակն է ենթարկվում ստուգման: Իսկ ԱՀԿ մի փորձագետ նշել է, որ դժվար է հստակ գնահատել, թե երկրի բնակչության որ տոկոսն է տուժում խմելու ջրի սակավությունից, սակայն այդ ռեսուրսի հասանելիության հետ խնդիրներ ունեցող մարդկանց թիվը կարող է հասնել 4 միլիարդի: