Այս տարվա ապրիլին ՀՀ վերահսկիչ պալատի հրապարակած «ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից բյուջետային միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողության արդյունքների հաշվետվության» մեջ նշված էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից հակակարկտային կայանների տեղադրման ծրագրում հայտնաբերված չարաշահումների մասին:
Նշյալ կայանների տեղակայման աշխատանքներում թույլ է տրվել 15,5 մլն դրամ հավելագրում: Ընդ որում, հիշեցնենք, որ հակակարկտային կայանները տեղակայվել են Ճապոնիայի կառավարության աջակցությամբ: Իսկ կայանների մատակարարման պայմանագիրը կնքվել է «Պոսո Լեքս Քոնսալթինգ» ընկերության հետ` թվով 76 կայաններ: Միեւնույն ժամանակ առկախ մնաց նաեւ այն հարցը, թե ինչո՞ւ ֆրանսիական ռեագենտով գործող կայանները չեն տեղակայվել, որոնք, ինչպես նշվում էր, կրկնակի էժան են մյուսների համեմատ եւ պաշտպանում են 8 անգամ ավելի մեծ տարածք: Մինչ օրս կառուցված կայանները չեն ստացել միջգերատեսչական եզրակացություններ, պարզ չեն այդ կայանների հիմնական տեխնիկական բնութագրերը: Ավելին` կայանների արդյունավետությունը, որ ներառում է պաշտպանվող տարածքի չափը, էկոլոգիական անվտանգությունը, հիմնավորում չի ստացել: Ինչեւէ, Հայաստանում արդեն մեկնարկել է կարկուտների «թեժ» շրջանը, եւ գոնե մինչեւ հիմա որեւէ գյուղացի իր «գոհունակությունը» չի հայտնել կամ չի հասցրել հայտնել այդ կայանների աշխատանքից: Արտակարգ իրավիճակների նախարարության «Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ տնօրեն Ռոբերտ Հովսեփյանի խոսքով` հանրապետության 6 գյուղեր` Արագածոտնի մարզի Արտաշավան, Ղազարավան, Սաղմոսավան, Արմավիրի մարզի Բերքաշատ, Շենավան, Գետաշեն գյուղերը գտնվում են կարկտահարության վտանգի տակ եւ չեն լիցքավորել հակակարկտային կայանները: Մենք փորձեցինք խոսել նշյալ գյուղերի ղեկավարների հետ, որոնցից, սակայն, միայն երկուսը պատասխանեցին մեր հարցերին, իսկ մյուս 4-ի հեռախոսներն անհասանելի էին: Արագածոտնի մարզի Արտաշավանի գյուղապետ Ղազար Կարապետյանը, անդրադառնալով նշված խնդրին, ասաց. «Անցյալ տարի մեզ մոտ տեղադրվեց, բայց անցած տարի կարկուտն էկավ էդ կայանի գլխին` երկու թիզ կարկուտ էր դրել կայանի կրակող սարքի վրա: Կայանն ինքն իրեն չկարողացավ կարկուտից պաշտպանել, ուրեմն` էդ խոսում ա, որ կայանն անարդյունավետ է աշխատում»: Գյուղապետի խոսքով` գյուղապետարանի բյուջեն այնքան փոքր է, որ, ինչպես ինքն ասաց, նույնիսկ «ռոճիկ» չի կարողանում տալ: Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է գյուղը դիմակայելու կարկտային շրջանին, Ղ. Կարապետյանը պատասխանեց. «Էս մեր գյուղնախարարը, որ կա, չասե՞ց` մատաղ արեք, Աստծու հետ խոսեք, կարող ա փրկվիք: Մարդիկ վիճակ չունեն հողերը վարեն-ցանեն, դրա համար հողերը թողել են թամուզ-թայզա: Մենակ տնամերձներն են մնացել»: Իսկ Ղազարավանի գյուղապետ Հայկ Ասատրյանն էլ մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ իրենց ուշ են տեղեկացրել կայանների լիցքավորման մասին: «Էն ժամանակ իրանք են արել, ես էլ հիմա բյուջե չունեմ, որ փոխանցեմ: Հարցն էդ ա` կամ պիտի ես իմ ուժերով անեմ, կամ… Ինձ արդեն ասել են էդ մասին: Գյուղապետարանի բյուջեում չենք նախատեսել փոխանցում անենք հակակարկտային կայանի համար: Մեզ ուղղակի ուշ են տեղեկացրել: Դե մեզ նամակով ուշ են տեղեկացրել»,- ասաց Հ. Ասատրյանը: Այն հարցին, թե ումի՞ց են նամակ ստացել, ո՞վ է իրենց ուշ զգուշացրել, վերջինս պատասխանեց. «Ես չգիտեմ, թե ո՞վ պետք է մեզ զգուշացներ: Նախորդ անգամ իրենք են արել իրենց միջոցներով, իսկ էս անգամ ուշ են մեզ ասել, դրա համար մենք չենք նախատեսել: Ես էլ չեմ կարա ասեմ, ով պիտի մեզ զգուշացներ: Նամակով ուշ են տեղեկացրել, մենք էլ բյուջեում չենք հաստատել: Մի չնչին գումար ա, բայց ես ո՞նց կարամ հանեմ բյուջեից, եթե նախատեսված չունեմ»: Այնուհետ գյուղապետը մեզ փոխանցեց գյուղապետարանի աշխատակցուհի Վարդուհու հեռախոսահամարը` նշելով, որ վերջինս հանգամանալից կպատասխանի մեր հարցերին, որովհետեւ, ինչպես ինքն ասաց, «գյուղսովետում» ավելի լավ` կոնկրետ կպատասխանեն մեր հարցերին: «Դե, գյուղապետին էին տվել նամակը, ինքն էլ ուշ մեզ տվեց, արդեն ժամկետն անցած էր, մենք չկարողացանք պատասխան տալ: Հետո հունվարին բյուջեով չէինք նախատեսել դա: Նամակը, կարծեմ, ապրիլին ստացանք, գյուղապետն ա բերել մեզ»,- ասաց Ղազարավանի գյուղապետարանի աշխատակցուհին` ավելացնելով, թե ինքը մեր զրույցի պահին գտնվում էր գյուղապետարանից դուրս եւ ավելի ուշ կարող է մեր հարցերին պատասխանել: «Գյուղապետերը, չգիտեմ ինչի, չեն լիցքավորում: Ասում են` գումար չունենք, հողերի վարձ չեն մուծել, ջրի վարձ չեն մուծել: Էդպես ձգձգում են: Գյուղ կա, որ ոչ անցյալ տարի, ոչ էս տարի ա լիցքավորել, օրինակ, Բերքաշատ գյուղը, Շենավան գյուղը: Մեր միջոցների հաշվին ենք լիցքավորում, բայց դրա իրավունքը չունենք, որովհետեւ Կառավարությունից հատուկ հանձնարարական կա, որ հակակարկտային կրակակետերի լիցքավորման բոլոր գործողությունները պետք է կատարվեն համապատասխան գյուղական համայնքի կողմից»,- ասաց Ռ. Հովսեփյանը: Վերջինիս փոխանցմամբ` իրենք նախազգուշացնում են գյուղական համայնքների ղեկավարներին, ավելին` կնքվում են պայմանագրեր հակակարկտային կայանները լիցքավորելու համար: «Նրանք լավ գիտեն, որ կարկուտ է գալիս, եւ Հայաստանում կարկուտի սեզոնը ապրիլի 1-ից սկսվում է: Այս տարի մի քիչ ուշ սկսվեց` ապրիլի 6-7-ի կողմերը, որովհետեւ ձմեռը մի քիչ երկար տեւեց: Շարքային գյուղացուց մինչեւ գյուղապետ` գիտեն, որ կարկուտը սկսվում է ապրիլ ամսից, եւ իրենց հակակարկտային կայանները պետք է կազմ ու պատրաստ լինեն»,- նկատեց ԱԻՆ աշխատակիցը:
Նրա փոխանցմամբ` մեկ կայանի լիցքավորման գումարը կազմում է մոտ 120.000 դրամ, իսկ տարեկան առավելագույնը 200.000 դրամ պիտի փոխանցեն «Բութան» ՍՊԸ-ին, որտեղից ստանում են կայանների աշխատանքի համար նախատեսված գազը: Հարցին, թե արդյո՞ք նշյալ կայանների գործունեության մասին մինչ օրս դժգոհություններ ստացել են, Ռ. Հովսեփյանը պատասխանեց. «Բոլոր կայանները նորմալ աշխատում են, նորմալ գործում են: Որտեղի՞ց դժգոհություն լինի, եթե ընդհանրապես հակակարկտային կայանների աշխատանքի արդյունավետությունը մեզ մոտ շատ բարձր է: Դրանք տեղադրված են 3 մարզերում: 119 հակակարկտային կայան կա հանրապետությունում, որոնք աշխատում են բարձր արդյունավետությամբ: Պաշտպանող տարածքներում այդ պայքարի աշխատանքները կատարվում են մեծ արդյունավետությամբ, իսկ չպաշտպանված տարածքներում տեղի է ունենում կարկտահարություն»: Ընդ որում` Ռ. Հովսեփյանը նաեւ ընդգծեց, որ կայանների լիցքավորման հարցում գյուղնախարար Սերգո Կարապետյանը եւս նամակներ է գրում գյուղապետերին: Հետաքրքիր է` եթե կայաններն այդքան արդյունավետ են աշխատում, ապա ինչո՞ւ են գյուղապետերը հրաժարվում, ինչո՞ւ է գյուղապետարաններին պարտադրվում «աշխատեցնել» դրանք: Փորձեցինք որոշ հարցերի պատասխան ստանալ նաեւ ՀՀ գյուղնախարարությունից, որտեղ, սակայն, մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին: