Այսօրվա թատրոնի էությունը եւ էության թատրոնը

15/05/2012 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հայաստանում թատերարվեստը ժամանակ առ ժամանակ կենդանության նշաններ է ցույց տալիս, սակայն դժվար է ասել, որ թատրոնը ժամանակին զուգահեռ ողջամիտ «նյութ» է առաջարկում:

Թատրոնն ու թատրոնի մարդիկ նույնքան քաղաքականացված են, որքան մեր երկրում ապրող շարքային քաղաքացիները: Ստացվել է այնպես, որ Հայաստանում չկա մշակութային քաղաքականություն, բայց փոխարենը` մշակութային դաշտում քաղաքականությունը «պղծում» է արվեստն ու արվեստի մարդկանց: Թատերարվեստում պարադոքսալ երեւույթ կա: Թատրոնների գեղարվեստական ղեկավարները, բեմադրող-ռեժիսորները մշտապես թմբկահարում են ժամանակակից լավ պիեսների բացակայության խնդիրը: Միեւնույն ժամանակ դժգոհում են դրամատուրգները` մատնանշելով այն հանգամանքը, որ իրենց պիեսները բեմադրվելու փոխարեն` փոշոտվում են իրենց անձնական արխիվներում: Այսինքն` մի կողմից` մեր թատրոններն ունեն ժամանակակից, որակյալ պիեսների կարիք, մյուս կողմից էլ` դրամատուրգներն ունեն ժամանակակից, որակյալ պիեսներ, որոնք բեմ չեն բարձրանում: Բանն այն է, որ թատրոնում դրամատուրգիան «իրացվում է» ճիշտ նույն սկզբունքով, որը գործում է գրեթե բոլոր ոլորտներում: Օրինակ` բեմադրվում են այն դրամատուրգների պիեսները, որոնց հեղինակները ՀՀ մշակույթի նախարարությունում պաշտոն են զբաղեցնում, զբաղեցրել են, կամ նույն գերատեսչության չինովնիկների հետ «բարիդրացիական» հարաբերությունների մեջ են: Դրամատուրգիայի կամ պիեսի արժեքը տվյալ դեպքում ոչ այնքան կարեւոր է, որքան կարեւոր է պետությունից փող պոկելն ու «յուրայիններով» ներկայացում բեմադրելը: Այլ կերպ ասած` պիեսի ընտրությունը, գնահատականը պայմանավորված է հեղինակի «ճարպկությամբ», այլ ոչ թե հեղինակի տաղանդի կամ գործի արժեքով: Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախկին նախարարներից Ռոլանդ Շառոյանը պաշտոնը ստանձնելուց հետո որոշեց իր դրամատուրգիան թատրոն ճանապարհել: Նույն գերատեսչության փոխնախարար Կարինե Խոդիկյանի պիեսներն այսօր էլ բեմադրվում են: Կինոգետ Դավիթ Մուրադյանը նույնպես նախարարությունում պաշտոն ստանձնելուց հետո իր «Դաշնամուր» պիեսը բեմադրեց եւ, կարեւոր էլ չէ, որ վերը թվարկված մարդկանց որոշ պիեսներ թատրոններում տապալվեցին: Չինովնիկական ստվերում չգոյավորվող դրամատուրգները դաշտից դուրս, մեկուսացված են: Կարեւորը մաֆիայի օրենքներն են, որոնցով «խաղացողները» լավ տիրապետում են պետբյուջեից դեպի թատրոն ձգվող «խողովակի» երկայնքին: Հանդիսատեսի կարծիքը պետական «քաղաքականության» կոնտեքստից դուրս է: Հետեւաբար, հանդիսատեսը հիմա թատրոնում ծափահարում է այնպես, ինչպես կծափահարեր որեւէ ակումբում իրականացվող շոուի ավարտին: Թատրոնների բեմադրող ռեժիսորները կամ բեմադրում են «վերեւներից» հրահանգավորված պիեսներ, կամ կրկին անդրադառնում են դասականներին` փորձելով կրկնօրինակել կամ դասական գործերը ներկայացնել կոսմետիկ «վերանորոգված» տարբերակով: Թատրոնի խաղացանկերում ներկայացումների վերնագրերը տարիներ շարունակ անփոփոխ են, մինչդեռ հանդիսատեսը հոգնել է հայ թատրոնում տարբեր հագուստներով ու նորովի շպարով բեմում հայտնված նույն Համլետից ու Օթելլոյից: Հանդիսատեսն ուզում է բեմում տեսնել իր հերոսներին, որոնք, սակայն, դրամատուրգների դարակներից դուրս չեն գալիս ու բեմում կերպար չեն դառնում:

Մայիսի 13-ին Պետական Կամերային երաժշտական թատրոնում կայացավ «Թութակները վանդակում» ներկայացման պրեմիերան, որի պիեսի հեղինակը դրամատուրգ Գեւորգ Շահինյանն է: Երիտասարդ էքսպերիմենտալ թատերախմբի ռեժիսոր Հակոբ Միրզախանյանը պիեսը «բացահայտել» էր Գ. Շահինյանի «Էության թատրոն» ժողովածուից: Այնուամենայնիվ, այս պրեմիերան փաստեց մեկ բան. երիտասարդները համարձակվեցին բեմադրել ժամանակակից պիես, ընդ որում` հայ դրամատուրգի գործ, ինչի «դուխը», թերեւս, չունեն հայ թատրոնների «պաթոսամոլությամբ» տառապող ռեժիսորները: Մենք դրամատուրգ Գ. Շահինյանի հետ զրուցեցինք դրամատուրգիայի եւ թատրոնի խնդիրների շուրջ, որոնց չմիավորվելու արդյունքում այս երկու ոլորտները խոցելի ու խնդրահարույց են: Ի դեպ, նրա «Հանիբալ» պիեսն արդեն երեք տարի գտնվում է Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում, որն առայսօր չի բեմադրվել:

– Երիտասարդ, տաղանդավոր ռեժիսոր Դավիթ Հարությունյանը, ով բեմադրել էր «Արա Գեղեցիկը», արդեն երեք տարի է` փորձում է Սունդուկյան թատրոնում բեմադրել իմ պիեսը: Հայտարարած սպասում ենք պատասխանին: Այդ թատրոնն անհասկանալի գեղարվեստական խորհուրդ ուներ, եւ մինչ այդ էլ այնտեղ գործում էր` «Դու` ինձ, ես` քեզ» սկզբունքը, ընդ որում` գլխավոր ռեժիսորից մինչեւ անձնակազմ: Այսինքն, եթե անում են մի ներկայացում` պիտի գիտակցեն նաեւ, թե ինչ շահ ունեն դրանից: Արդյո՞ք դա իրենց կօգնի պատգամավոր դառնալ կամ հաճոյանալ մեկին, փող պոկել մեկից: Սա շատ վատ սկզբունք էր` Սունդուկյան թատրոնում բուն դրած: Ես մեծ հույսեր ունեմ, որ ներկայիս նշանակված գլխավոր ռեժիսորը կձգտի իրեն հեռու պահել նման պահվածքից, որովհետեւ Մայր թատրոնը դա ազգային խայտառակության վայր չէ: Նրանք պետք է իրենց խղճի առաջ ազնիվ լինեն, իսկ եթե լավ պիես, ներկայացում անելու համար իրենց խելքը չի հերիքում, ապա թող բարի լինեն` այլ գործի անցնեն` դերասանություն կամ այլ աշխատանք կատարեն:

– «Մայր թատրոն» ձեւակերպումը հիմա միայն ասոցիացվում է մարդկային անհասկանալի փոխհարաբերությունների, գզվռտոցի եւ այլ վատ երեւույթների հետ: Դրա մեջ հայաստանյան բարձր արվեստ փնտրելն այլեւս ակտուալ չէ:

– Համաձայն եմ, թատրոնն այնքան են որակազրկել, որ մարդիկ ամաչում են Մայր թատրոն անվանել: Մինչդեռ այնտեղ պետք է հայ թատերական միտքը, ոգին, իմաստությունը ներկայացնող հավաքական թիմը լինի: Եթե չկա, ուրեմն` պետք է ինչ-որ բան անել, որ մարդիկ այդ հիասթափությունը թոթափեն: Թատրոնի քանդման արմատներն ավելի խորն են, քան դուք պատկերացնում եք: Սկսած այն ժամանակից, երբ սկսեցին բեմադրել «Հաջի Փայլակի» նման պիեսներ, այսինքն` KBH: Ինչ վերաբերում է հարաբերություններին, ապա դա միայն սոցիալական պատճառներ ունի: Սունդուկյանի անվ. թատրոնում հզոր, տաղանդավոր դերասաններ կան, բայց դերասանն ի՞նչ, նրան դեր է պետք, եւ վերջ: Ռուդոլֆ Ղեւոնդյանը, Մուրադ Ջանիբեկյանը, Արմեն Մարությանը, Հարութ Մովսիսյանը մեծ դերասաններ են, եւ պետք չէ վախենալ ասել, որ նրանք փայլուն դերասաններ են: Այդ թատրոնը դերասանական լավ կազմ ունի, եւ երբեք այնտեղ չեն պակասել լավ դերասանները: Երբ հարցը փողին է վերաբերում, այ էդտեղ թատրոնում թատրոնը նոր սկսվում է: Ով իշխանությունը կվերցնի, ով այդ երկու կոպեկն այդտեղից կփախցնի, ով այդ դափնիները կգողանա… Ամբողջ քաոսը սկսվում է փողից. նեղ սոցիալական վիճակ, ցածր վարձատրություն, թատրոնում ոչ ոք իր տեղը կոնկրետ չգիտի, իր չափն ու նշանակությունը չգիտի, եւ սկսվում են բոլոր չարիքները: Սա է ողբերգությունը:

– Անդրադառնալով ժամանակակից դրամատուրգիային, արդյո՞ք չեք կարծում, որ նախ` Մշակույթի նախարարության համապատասխան մասնագետները պետք է «ժողովեն» դրամատուրգներին, ուսումնասիրեն ժամանակակից պիեսների որակն ու արժեքը, այնուհետեւ պետական պատվեր իջեցնեն այն պիեսի բեմադրման համար, որի պահանջարկը կա թատրոնում եւ հանդիսատեսի մոտ:

– Մեր երկրում երբ մեկը սկսում է լուրջ դրսեւորվել` վրան մի շատ լավ «կլեյմո» են դնում` «գլխներիս նոր մարգարե է հայտնվել»: Դա մարդուն ոչնչացնելու ամենաարդյունավետ միջոցն է: Կարող են լրատվամիջոցներին հոդված պատվիրել եւ դաշտից հեռացնել դրամատուրգին: Երբ իմ գործերից սկսեցին բեմադրել` իմ դեմ սկսեցին հոդվածներ գրվել: Մյուս դրամատուրգների դեպքում էլ այլ միջոցներով են իրականացնում, դրա համար էլ միջակությունը շատ ակտիվ է ու լավ տիրապետում է կռվելու մեթոդներին: Դրամատուրգներից մեկն ինձ ասաց` Գեւորգ, այսօր լավ պիես գրելը մի բան է, դա առաջ տանելը` բոլորովին ուրիշ բան: Պիտի չոքես նախարարության դուռը, որ պետպատվեր իջեցնեն, կամ պիտի պնդերես լինես: «Հանիբալ» պիեսը ներկայացրել էի Մշակույթի նախարարություն: Անշուշտ, պետք է ուշադրության չարժանանա, որովհետեւ նախարարության Դրամատուրգիայի բաժինը ղեկավարում է դրամատուրգ: Մի սպասիր լավ բան, քանի որ նա չի կարդում` հասկանալու համար, թե ինչ ես գրել, այլ կարդում է` հասկանալու համար, թե իրենից լա՞վ ես գրել: Չի ցանկանում տեսնել, որովհետեւ ուզում է իր պիեսներն անցկացնել եւ այսօր լինել ամենալավն ու ճանաչվածը: Այսինքն` պաշտոն ունեցիր, որպեսզի պիեսդ բեմադրվի: Չկա մշակույթ, կա` ես քեզ, դու ինձ, ախպերություն, իրար ծառայելու միջակությունների գեղեցիկ, ամուր իրար կապված շղթա: Պետք է նաեւ նշեմ, որ հաջողված ներկայացումը միայն դրամատուրգից կախված չէ, այլ` լավ բեմադրելուց: Վարդան Աճեմյանի մեծությունը նաեւ ոչնչից ներկայացում սարքելն էր: Նիկոլայ Ծատուրյանն էլ նույնը կարող է անել: Դրամատուրգ-ռեժիսոր հարաբերությունն ու ներդաշնակումը նման է ամուսնության. պետք է համընկնեն երկուսի մտածողությունները: Մենք ունենք լավ դրամատուրգիա: Էս վերջերս ես շատ լավ գործեր եմ կարդացել: Հիմա անուններ չեմ տա, որովհետեւ հայ հասարակության մեջ անուն տալը շատ վտանգավոր է: Եթե ես մի անուն տամ, վաղը մի 700 հոգի կհարձակվի ինձ վրա, ասելով` տո լավ է, էդ ի՞նչ է գրում, որ նրա անունը տալիս ես: Մեր ռեժիսորներն այնպիսի պիես են ուզում, որն արդեն բեմադրվել է եւ փորձարկված է: Նոր պիես բեմադրելու համար համարձակություն է պետք, որովհետեւ տապալվելու հավանականություն կա: Ներկայացում բեմադրելով` դու չգիտես` դա քո առաջի՞նը, թե՞ վերջինը կլինի: Նորը բեմադրելու վախ կա: Դրա համար անում են մի բան, որը հռհռացնում ու փող է բերում:

– Ձեր դրամատուրգիան հարում է հինգ տարի առաջ ձեւավորված էության թատրոնին: Կերպարների միջոցով փորձում եք բացահայտել մարդու էությո՞ւնը:

– Երբ արվեստագետը սկսում է ստեղծագործել, նախ` պետք է ինքն իրեն հարց տա, թե ինչո՞ւ է այդ ազգի պատկանելության, այդ ազգի ծնունդ: Ազգային յուրահատկությունները պետք է լինեն առաջնային: Տիրապետելով հայոց լեզվին, երբ ուշադրությամբ հետեւում ես լեզվի ձեւին, ֆորմաներին, կառուցվածքին` համոզվում ես, որ աշխարհում միակ լեզուն է, որը կառուցված է «է»-ի վրա: Պատահական չէ, որ Մաշտոցը «է» տառը յոթերորդն է համարել: Յոթն աստվածային թիվ է, եւ ինքն էլ հասկացել է, որ աստվածայինը` էությունը, պետք է յոթերորդը լինի: Լեզուն ամբողջությամբ ծածկագիր է եւ փիլիսոփայություն: Ամբողջը կառուցված է էության վրա, որը հասկանալուց հետո ինձ սկսեց սյուժետային գրականությունը չհետաքրքրել: Ինչ-որ մեկի մասին գրվածքներն աշխարհում շատ են եւ արդեն ձանձրալի, անհետաքրքիր: Աշխարհի ամենակարեւոր հարցադրումներն են` ինչո՞ւ եւ ինչպե՞ս: Երբ հասկանում ես ինչուն եւ ինչպեսը` գտնում ես էությունը: Քանի երկիր մոլորակն առկա է` մարդը պիտի տանջվելով էության բացահայտումներ անի: Քանի մարդ արարածն ապրում է երկիր մոլորակի վրա` նրա ամբողջ մտքերը, ձգտումները ճանապարհն է առ Աստված: Դրա համար գրականությունը, մշակույթը պետք է ծառայի դեպի Աստված տանող ճանապարհը ցույց տալուն: Այսինքն` մարդուն պետք է այդ հարցադրումների համար մշտապես հիշատակումներ անես, պետք է այդ ճանապարհի մասին արվեստի միջոցով խոսես: Մարդը պետք է մշտապես զգոն լինի եւ իրեն հարց տա` իմ արածն ըստ էությա՞ն էր, Աստծո կա՞մքն էր, թե՞… Մեր գրականությունն ամբողջովին հիմնված է սուտ պաթոսով հայրենասիրության վրա: Չես հասկանում` ինչ հերոսներ են հորինում, գովերգություն անում, ու չես հասկանում, թե մեր երիտասարդությանը դա ինչ է տալիս:

– Դրա համար էլ ընթերցողն այլեւս չի ընդունում այդ կեղծիքը: Գուցե գրքից ընթերցողի հեռացման բանալին նաեւ այդտեղ է:

– Այո, մարդը գիտակցում է, որ իր ուղեղում ավելորդ աղբ է լցվում: Նա շատ հանգիստ փակում է այդ դուռը, որպեսզի աղբը չլցվի իր գլխուղեղ: Սկսում է որոնել այն, ինչն անհրաժեշտ է վաղն ավելի լուսավոր ապրելու համար. այն, ինչը կտա մի բանաձեւ, որը կոնկրետ իրավիճակում որոշում կամ վճիռ կայացնելիս` իր համար սիրո մթնոլորտ, դեպի վեր տանող փրկօղակ կդառնա: Իմ «Էության թատրոն» պիեսների ժողովածուն միանգամից ընթերցողի կամ բեմադրողի մտածողությունը կարող է ուղղորդել դեպի կոնկրետ երեւույթի էություն:

– «Թութակները վանդակում» ներկայացման մեջ պայմանականորեն քամու կամ ռադիոյի միջոցով Աստծո պատգամները բնորոշող ուղերձներ էին հնչում: Կարծում եք` թատրոնը կարո՞ղ է հանդիսատեսին արժեհամակարգի վերանայման, կյանքի վերաիմաստավորման, ինքնաճանաչողական հղումներ տալ, եւ մարդը թատրոնից հեռանա նոր արժեքների փնտրտուքով:

– Պիեսը կարծես թե կենցաղային մի փոքրիկ պատմություն է, բայց ձայնը, որն ուղերձներ է հնչեցնում, վկայում է, որ կենցաղային թեմայի տակ թաքնված են գլխավոր, աստվածային հրահանգները, որի շուրջ երկու թութակների կերպարները պտտվում են: Պետք է նշեմ, որ նույնիսկ հեռուստատեսությամբ ցուցադրվող հաղորդումները, որոնք, թեեւ անջատված են, չեն ցուցադրվում, այդուհանդերձ` հոսում են մեր ուղեղի միջով, եւ մեր ենթագիտակցական աշխարհի վրա այդ էլեկտրոնը թողնում է իր հետքը: Անկասկած, ներկայացման ընթացքում հնչած այդ իմաստուն մտքերը, ուղերձները հանդիսատեսի մոտ հետք են թողնում: Դրանք մեր կամքից անկախ երեւույթներ են: Օրինակ` ասել, որ ես սիրում եմ գրել… բացարձակ չեմ սիրում, որովհետեւ դա ինձ համար տանջալից մի բան է: Երբ գրիչը վերցնում եմ ձեռքս` մի քանի անգամ գնում եմ էն աշխարհ, գալիս եմ: Եվ, որն ամենակարեւորն է` խոսում ենք մի նյութի մասին, որի անունն է` էության թատրոն, ու այդ նյութի մեջ չի կարելի ընդհանրապես կեղտոտ կոշիկներով մտնել: