Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն այլեւս պատմություն է: Թեեւ ընդդիմությունը պահանջում է անվավեր ճանաչել դրա արդյունքները, նախագիծը հայտարարվեց ընդունված: Հանրաքվեին հետեւած միակ միջազգային կազմակերպության՝ ԵԽ ԽՎ դիտորդական առաքելության կարծիքով` հանրաքվեն «ընդհանուր առմամբ անցել է ժողովրդավարական չափանիշերին համապատասխան, սակայն լուրջ խախտումների դեպքերով»: Դիտորդները մասնավորապես կասկածի տակ են առել հանրաքվեին մասնակցած քաղաքացիների՝ ԿԸՀ կողմից հրապարակված տվյալները՝ 1 մլն 513 հազար մասնակից: Ընդդիմության տվյալներով էլ՝ հանրաքվեին մասնակցել է ընդամենը 352 հազար քաղաքացի: Ինչո՞վ է պայմանավորված գնահատականների այս հսկայական տարբերությունը: «Ես չեմ հավատում ո՛չ ընդդիմության հրապարակումներին, ո՛չ էլ դիտորդներին»,- «168 Ժամի» հետ զրույցում երեկ հայտարարեց Միավորված կոմունիստական կուսակցության (ՄԿԿ) առաջնորդ Յուրի Մանուկյանը: Վերջինիս խոսքերով՝ պետք է ուղղակի մտածել. ինչի՞ են ձգտում, ի՞նչ են ուզում մարդիկ: Իսկ ընդդիմությունն ըստ նրա պարզապես աթոռ է ուզում: Բայց թե ինչի՞ են ձգտում ԵԽ դիտորդները, Յու. Մանուկյանի խոսքերից պարզ չդարձավ: «Դիտորդներն այդքան բացասական չեն արտահայտվել, ինչպես հարեւան հանրապետության ընտրությունների մասին: Բավականին լոյալ գնահատական էր, որ ոչ մի ցնցումների չի ենթարկվելու: Բեկանելու, անարդար կամ ոչ թափանցիկ լինելու մասին խոսք չի եղել: Եղել է առանձին խախտումների մասին, որոնք ընտրությունների ժամանակ ամենադեմոկրատական երկրներում էլ լինում են»,- մխիթարում է ՄԿԿ ղեկավարը: Նրա համոզմամբ՝ ընդդիմությունն արդեն քաղաքական դիակ է ու ավելի լավ կլինի` վերադառնա խորհրդարան եւ զբաղվի օրինաստեղծ գործունեությամբ: «Ընդդիմությունը վերջացել է արդեն: Պրծավ, այդ ընդդիմությունը չկա»,- պնդում է նա: ՄԿԿ ղեկավարի խոսքերով՝ ընդդիմության եւ տեղական ու միջազգային դիտորդների՝ հանրաքվեի վերաբերյալ բացասական հայտարարությունները միանշանակ սխալ են ու չեն ընդունվելու Հայաստանում: «Ես ուրախ եմ, որ իմ երկրում կա պետություն, որտեղ կարողանում են այդպիսի հանրաքվե անցկացնել: Հոյակապ է դա: Եվ ամբողջ աշխարհը դա ընդունեց»,- ասում է Յու. Մանուկյանը: Լավ, իսկ Յու. Մանուկյանը կարո՞ղ է հայտարարել, որ հանրաքվեն անցել է ազատ, արդար եւ թափանցիկ: Պարզվում է՝ նրա համար սկզբունքային որեւէ նշանակություն չունի, թե ինչպիսի գնահատական եւ որտեղից են տալիս ընտրությունների ընթացքի մասին: «Եթե իմ երկրին, իմ ժողովրդին անհրաժեշտ է անդամագրվել Եվրամիությանը, ուրեմն Եվրամիության պահանջների կատարումը, անկախ նրանից՝ ինչպիսի գնահատական է այն ստանում այս կամ այն թեւի կամ մեկ այլ կազմակերպության կողմից, ես չեմ ընդունում: Անցել է, շատ լավ էլ անցել է, հոյակապ է»,- ասում է ՄԿԿ առաջնորդն ու հավելում, որ դա արդեն նշանակում է, որ հանրաքվեն եւ՛ ազատ է եղել, եւ՛ թափանցիկ, եւ՛ արդար: Յու. Մանուկյանը հպարտ է, որ Հայաստանում հնարավոր է անցկացնել հանրաքվե՝ «այսպիսի բարձր մասնակցությամբ եւ «այո»-ով»: Հանրաքվեի ընթացքի մասին իրենց գնահատականներում ԵԽ դիտորդները թերությունների շարքում նշել էին նաեւ բաց քվեարկության մասին: Հիշեցնենք, որ բաց քվեարկություն էր կատարել նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Արդյո՞ք նախագահի քվեարկությունն օրենքից դուրս էր: Մեր այս հարցին ՄԿԿ ղեկավարը պատասխանեց. «Ես ինքս բաց եմ քվեարկել: Հանրապետության նախագահն էլ է բաց քվեարկել: Հոյակապ է: Օրենքի ի՞նչ խախտում է: Դա իմ մասնավոր կարգն է: Ես քվեաթերթիկը վերցնում եմ եւ, ժամանակ չկորցնելու համար, անմիջապես քվեարկում եմ եւ գցում եմ արկղը: Եթե ես չեմ գնում խցիկ, այլ սեղանի վրա քվեարկում եմ, որ բոլորը տեսնեն՝ ես «այո» եմ քվեարկում, ի՞նչ վատ բան կա դրա մեջ»: Իսկ երբ Յու. Մանուկյանին հիշեցրինք, որ դեռեւս գործող Սահմանադրության (հոդված 3) եւ «Ընտրական օրենսգրքի» համաձայն` քվեարկությունը փակ, գաղտնի է, նա պատասխանեց. «Բայց օրենքում գրված չէ՝ արգելվում է բաց քվեարկությունը: Նման տողեր չկան: Բաց քվեարկությունն արգելված չէ, դա քո կամքն է»: Նկատենք, որ այս տրամաբանությամբ ջախջախվում են ընդդիմության՝ իշխանություններին ներկայացվող բոլոր մեղադրանքները: Ասենք, ընդդիմությունը, վկայակոչելով գործող Սահմանադրության 50-րդ հոդվածը, որտեղ նշվում է, որ «ՀՀ նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում ՀՀ-ում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք», Ռ. Քոչարյանին մեղադրում է նրանում, որ նա ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելու իրավունք չուներ թե 1998-ին, թե 2003-ին, քանզի, ըստ նրանց` այդ ժամանակ Ռ. Քոչարյանը ՀՀ 10 տարվա քաղաքացիություն չուներ ու ՀՀ-ում 10 տարի մշտապես չէր բնակվել: Սակայն վերոնշյալ տրամաբանությամբ պետք է նկատել, որ ո՛չ գործող Սահմանադրության, ո՛չ էլ օրենքների մեջ գրված չէ, որ այն անձը, ով, ասենք, 10 տարվա ՀՀ քաղաքացիություն չունի, ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելու իրավունք չունի: Այնպես որ, կարիք էլ չկա փորձել ընդդիմությանն ապացուցել, որ Ռ. Քոչարյանը ՀՀ 10 տարվա քաղաքացիություն ուներ, պետք է միանգամից նշված տրամաբանությամբ վկայակոչել գործող Սահմանադրությունը: Նույնկերպ բացարձակապես անհիմն են ընդդիմության ներկայացրած մյուս բոլոր մեղադրանքները, քանզի հակասահմանադրական են: Ի դեպ, ընդդիմության մասին: Յու. Մանուկյանը, ով երեկ բավականին զայրացած էր երեւում, կարծում է, որ նախագահը պետության սիմվոլն է ու «նրան չի կարելի հայհոյել»: «Ես կլուծարեի այն Ոստիկանությունը, որը չի կարողանում իր նախագահին պաշտպանել նման հայհոյանքներից: Ու այդ հայհոյողները պետք է օրենքով պատժվեն: Եթե չեն հասկանում, պետք է ուժ կիրառել»,- կարծում է նա: Նրա համոզմամբ՝ ընդդիմադիրները եւ որոշ թերթեր, որոնց շարքում նա տվեց նաեւ «168 Ժամի» անունը, «պետականությանը քար են նետում»: Նկատենք միայն, որ պետականության վրա իրականում քար են նետում (այն էլ շատ մեծ) ընտրություններ կեղծողները, օրենքները ոտնահարողներն ու նրանց սատարողները: