Բուժիչ նամակներ

15/05/2012 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Մենթոլի բուրմունքով բուժարարը

Պղպեղադաղձը (Mentha piperita) չի հանդիպում բնության մեջ, այն դաղձի վայրի տեսակներից ստացված հիբրիդ է։ Մշակովի տեսակը ստացվել է 17-րդ դարում Անգլիայում։ Ունի երկու ենթատեսակ` ավելի շատ ծաղկող բաց կանաչ եւ ավելի բուրումնավետ մուգ կարմրա-մանուշակագույն տերեւներով։ Բույսը մշակվում է մի շարք երկրներում, դեղագործության մեջ կիրառվում է երկրորդ տեսակը։

Բնության մեջ հանդիպող դաղձի=նանա=անանուխ տեսակները շատ են, դրանք աճում են խոնավ վայրերում եւ բազմանում սերմերով կամ վեգետատիվ եղանակով։ Մշակովի տեսակը բազմացնում են միայն վեգետատիվ եղանակով` սերմերից ստացվող բույսը չի պահպանում ժառանգական հատկությունները։

Դաղձը պարունակում է մինչեւ 6 տոկոս եթերային յուղ ծաղկաբույլում եւ մոտ 3 տոկոս տերեւներում, նաեւ դաբաղանյութ, կարոտին, ֆլավոններ, միկրոտարրեր, օրգանական թթուներ, ճարպեր, ֆիտոնցիդներ, բջջանյութ եւ այլն։ Դաղձը լավ մեղրատու է` 150-500 կգ մեղր` 1 հա դաղձի ցանքից։ Ունի բարձր որակ, սաթի գույն, մենթոլի բուրմունք։ Հարուստ է C վիտամինով, ունի լեղամուղ, հականեխիչ, ցավազրկող եւ հանգստացնող հատկություն։

Շատ օգտակար է երեխաներին` ստոմատիտի կանխարգելման եւ բուժման համար։ Դաղձի եթերային յուղն արտադրվում եւ վաճառվում է դեղատներում։ Որպես բուժիչ հումք` ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է դաղձի տերեւը` հավաքեք բույսի ծաղկման սկզբում, չորացրեք օդափոխվող ծածկի տակ։ Դաղձի թարմ տերեւներն օգտագործվում են աղցանների մեջ, չորացրածը` որպես համեմունք։ Բույսի թարմ եւ չորացրած տերեւները, եթերային յուղը, տերեւից այլ մզվածքները լայն կիրառում ունեն բազմաթիվ հիվանդությունների դեպքում` օգտագործելով առանձին կամ այլ դեղաբույսերի հետ համատեղ։

Արտադրվում է դաղձ պարունակող մոտ երկու տասնյակ անուն դեղորայք։

Դաղձի պատրաստուկները կիրառվում են աթերոսկլերոզի, բրոնխիտի, պնեւմոնիայի, վարիկոզի, թութքի, գլխացավի, գլխապտույտի, հիպերտոնիայի, ստամոքսի խանգարման, լեղաքարային հիվանդության, ատամի ցավի, բերանի տհաճ հոտի, պարոդոնտոզի, կոլիտի, դաշտանային պարբերության խանգարման, մետեորիզմի, նեւրոզի, նյարդային հոգնածության, ուշագնացության, սթրեսի, սրտի ոչ կանոնավոր գործունեության, սրտխառնոցի, դեմքի կորյակների եւ պիգմենտային բծերի դեպքում, եւ այլն։

Դաղձի ցեղի բույսերի Menta անվանումը համահունչ է Հին Հռոմեական` մարդկային բանականությունը մարմնավորող Մենթա աստվածուհու անվանը։ Հնում բույսի թուրմը ցայել են սենյակներում, իմաստասերները համարել են, որ դաղձի բուրմունքը բարձրացնում է մտավոր կարողությունը։ Բույսի լայն թերապեւտիկ հնարավորությունների մասին գրել են Հիպոկրատը, Ավիցենան, Պարացելսը, հայ բժշկապետեր։

Զգուշացում։ Հակացուցված է հղիներին եւ մինչեւ 3 տարեկան երեխաներին։

Կանխարգելիչ միջոց գրիպի դեմ.

– Մանրացրեք 3 ատամիկ սխտոր, 15 րոպե եփեք 500 մլ զտված ջրի մեջ, ավելացրեք 1-2 թ/գ դաղձի տերեւ եւ թրմեք փակ վիճակում, մինչեւ հովանալը։ Կատարեք ողողումներ օրը 4-6 անգամ։

– Խառնեք 1-ական ճ/գ հալվեի եւ դաղձի տերեւների, կիտրոնի հյութերը։ Մանրացրեք 3 ատամիկ սխտոր եւ 1 ժամ թրմեք հյութերի խառնուրդի մեջ։ Կաթեցրեք 2-3 կաթիլ յուրաքանչյուր քթանցքը, օրը 5-6 անգամ։

Քրտնամուղ. Խառնեք 1-ական ճ/գ սեւ թանթրվենու, երիցուկի եւ լորենու ծաղիկները, դաղձի տերեւը 1 ժամ թրմեք 900 մլ եռջրով ջերմապահում։ Խմեք 200-ական մլ, օրը 2-3 անգամ` գոլ կամ տաք վիճակում։

Ալերգիա. Խառնեք ակնամոմի 10 տոկոսանոց եւ դաղձի ոգեթուրմերը, բժշկական գլիցերին, ծիծեռնախոտի վերգետնյա մասի (կամ արմատի) փոշին (4։2։4։1)։ Թրմեք 2-3 շաբաթ մութ տեղում, պարբերաբար թափահարեք։ Քսեք քորի հետեւանքով առաջացած վերքերին։

Թութք. Խառնեք 10-ական գրամ ցինկի քսուքը (գնեք դեղատնից) եւ կարագը, 5 կաթիլ 10 տոկոսանոց դաղձի ոգեթուրմ։ Խառնուրդը բարակ շերտով քսեք կալկայի վրա, տեղավորեք փակ տարայի մեջ եւ սառեցրեք։ Քնելուց առաջ անջատեք փոքր կտոր եւ տեղադրեք (ինչպես մոմիկը) ներքին թութքի դեպքում։

Սուր ցավով ուղեկցվող ցիստիտ. Մանրացրեք, խառնեք տանձի (անկախ տեսակից) եւ դաղձի տերեւները (1։1)։ Հումքի մեկ (թուրմի դեպքում` 2) ճ/գ-ն 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3-4 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։

Քրոնիկ ստամոքսաբորբ. Խառնեք 1-ական ճ/գ քաղցրարմատի արմատը, խնկեղեգի կոճղարմատը, հոռոմ-սամիթի պտուղը, դաղձի տերեւը, լորենու ծաղիկը, ավելացրեք 1 լ եռջուր, 15 րոպե պահեք ջրային բաղնիքի վրա, թրմեք մինչեւ հովանալը։ Խմեք 150-200 մլ, օրը 2-3 անգամ` սնվելուց 1 ժամ առաջ, բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի դեպքում։

Ստամոքսահյութի ցածր թթվայնություն. Սննդակարգի մեջ կիրառեք օրը 20-30 գ դաղձի տերեւ։

Լուծ. Խառնեք 1-ական ճ/գ անմեռուկ ավազուտայինի ծաղիկը, դաղձի եւ առյուծագի տերեւները, սրոհունդի խոտը, ավելացրեք 300 մլ եռջուր։ Թրմեք 3-6 ժամ, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց 30 րոպե առաջ։

Հաճախակի փորկապություն. Խառնեք հոռոմ-սամիթի պտուղը, բեկտենու կեղեւը, դաղձի տերեւը, հազարատերեւուկի խոտը(1։1։2։2)։ Հումքի 1 ճ/գ-ն 3 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 200-ական մլ` առավոտյան եւ երեկոյան։

12-մատնյա աղիի բորբոքում. 100 գ թարմ դաղձի տերեւը 5 օր թրմեք խնձորի քացախի մեջ։ Խմեք 1-ական թ/գ, 100 մլ գոլ ջրի հետ խառնած, օրը 1-2 անգամ։

Դաշտանային պարբերության խանգարում. Նախորդ դեղատոմսում հոռոմ սամիթը փոխարինեք եղինջի տերեւով։ Խմեք 100-ական մլ առավոտյան եւ քնելուց առաջ։

Կլիմաքս. Խառնեք դաղձի տերեւը, կատվախոտի արմատը, երիցուկի ծաղիկը (3։3։4)։ Հումքի 2 ճ/գ-ն 2 ժամ թրմեք ջերմապահում 500 մլ եռջրով։ Քամեք։ Խմեք առավոտյան եւ երեկոյան` որպես ցավամոքիչ, հանգստացնող միջոց։

Գլխացավ, բարձր ճնշում, անքնություն. Խառնեք մասուրի պտուղը (առանց սերմի), դաղձի տերեւը, ճագոմ սպիտակի խոտը, պատրինջի ծաղկած վերգետնյա մասը (1։1։2։2)։ Հումքի 1 ճ/գ-ն կես ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 60-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց 15 րոպե առաջ։ Շարունակեք 10 օր, ընդմիջեք 5 օր։

Գլխացավ. 100 գ թարմ դաղձի տերեւը 5-10 րոպե եփեք 150 մլ եռջրի մեջ, թրմեք մինչեւ հովանալը։ Լուծույթի մեջ թրջեք սեւ հացը, դրեք գլխի ցավոտ մասին եւ ամրացրեք բամբակյա լաթով։

Սնկային ախտ. Աղացեք 100 գ դաղձի թարմ տերեւները, խյուսի մեջ լուծեք 1 թ/գ աղ։ Քսեք ոտքի մատների միջնամասին, պահեք 1 ժամ (կամ դրեք հյութով թրջոց)։

Կորյակներ. 1 ճ/գ դաղձի տերեւը 15 րոպե թրմեք 500 մլ եռջրում։ Քամեք։ Ավելացրեք 1 ճ/գ վաղենակի ոգեթուրմ եւ 1 թ/գ կիտրոնի հյութ։ Մաքրեք դեմքը առավոտյան եւ երեկոյան։

Ծակոտկեն մաշկ. Խառնեք 1-ական ճ/գ դաղձի տերեւը, երիցուկի ծաղիկը, թրմեք 400 մլ եռջրի մեջ` մինչեւ հովանալը։ Քամեք։ Օգտագործեք որպես լոսյոն։