Խորհրդանշական թվեր

12/05/2012

«Ինչպես գիտեք, ես ասել էի, որ ՀԱԿ-ի խորհրդարան անցնելուց հետո հրաժարվելու եմ մանդատից, եւ հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի իմ մանդատը ու հաջողություն եմ մաղթում ՀԱԿ-ին առաջիկա խորհրդարանական գործունեության մեջ… Առաջիկայում կուսակցության ակտիվի հետ քննարկելու ենք ՀԱԿ-ի հետ մեր հետագա համագործակցության ձեւաչափը: Չի բացառվում նաեւ ՀԱԿ-ից դուրս գալու հեռանկարը»,- երեկ հայտարարել է Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀԱԿ-ի համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Արամ Սարգսյանը: «Այս ԱԺ-ն նախագահ-կառավարություն շրջանակում վերեւից իջեցված հրահանգների դակիչ մարմին է դարձել` առավել եւս, նման մեծամասնության պարագայում այլ ելք չունի, քան դակելը…

Ես կարծում եմ, որ օրենքների մասին իմ տեսակետները հասարակությանը կարող եմ ասել ոչ միայն ԱԺ-ում, այլեւ ԶԼՄ-ներով եւ հանրահավաքների ժամանակ: Ես համոզված եմ, որ ժողովրդի 90 եւ ավելի տոկոսը, ընդդիմություն լինելով, ԱԺ-ում ներկայացված ունի 15-20 հոգի, ոչ ավելի: Ես գերադասում եմ այդ 90 տոկոսի հետ լինել փողոցում եւ ամեն ինչ անելու եմ` փողոցում լինելու առումով: Դուք դա դեռ կտեսնեք»,- ասել է նա: Արամ Սարգսյանի այս հայտարարությունը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից ու դրան հաջորդող զարգացումներից հետո Հայաստանում տեղի ունեցած, թերեւս, միակ քաղաքական, քաղաքացիական քայլն է, որը տարբերվում է ընդդիմադիր համարվող բոլոր ուժերի կրավորական-հարմարվողական կեցվածքից: Ա.Սարգսյանի այդ քայլն այնքան հիմնավոր ու այնքան քաղաքական է, որքան մակերեսային ու ապաքաղաքական են մանդատներ վերցրած ընդդիմադիրների հայտարարությունները վերջին օրերին: Ա. Սարգսյանը ցույց տվեց, որ ընտրությունները կեղծած իշխանության դեմ պայքարն իրականում ոչ թե այդ նույն իշխանության հրամցրած մանդատները վերցնելն է, այլ մերժելը: Ընդ որում, ամենեւին նշանակություն չունի, որ նա այդ մասին հայտարարել էր ընտրություններից առաջ, քանի որ նա այսօր ԱԺ գնալու տասնյակ փաստարկներ կարող էր ներկայացնել, որոնք հաստատ ավելի հիմնավոր կընկալվեին, քան ՀԱԿ-ի` մանդատները վերցնելու վերաբերյալ ներկայիս «մեղմասացությունները»: Բնականաբար, Ա. Սարգսյանը երեկվանից համալրեց ՀԱԿ-ի թշնամիների ցուցակը, չնայած իր քայլն ուղղված է բացառապես «աննախադեպ» ընտրություններ անցկացրած իշխանությունների դեմ: Ու կոնգրեսականները լծվեցին Ա. Սարգսյանի դատապարտմանն այնքան արագ, որքան արագ նետվեցին ԲՀԿ-ի գիրկը «քաղաքագիտական վերլուծությունից» հետո: Ընդ որում, ՀԱԿ-ը, ավելի ճիշտ` Լ. Տեր-Պետրոսյանը, Ա. Սարգսյանին չներեց հենց ԲՀԿ-ի հետ համագործակցության մասին իր կարծիքն արտահայտելու համար: Իսկ կարծիք արտահայտելը, ՀԱԿ-ում, ինչպես հայտնի է` մահացու մեղք է, եթե այն տարբերվում է «առաջնորդի դոկտրինից»: Հիմա Ա. Սարգսյանին, բնականաբար, մեղադրելու են ՀԱԿ-ը քանդելու, պառակտելու մեջ, այն դեպքում, երբ պատգամավորական մանդատը վայր դնելով, ավելին` հենց ՀԱԿ-ից դուրս գալով (եթե, ի վերջո, դա տեղի ունենա), նա հավատարիմ է մնում այն գաղափարներին, որոնք դրված էին ՀԱԿ-ի ստեղծման հիմքում: ՀԱԿ-ից դուրս գալով` Ա. Սարգսյանն իրականում փրկում է 2008թ. սկսված համաժողովրդական շարժման մարող բեկորները` այդպիսով նաեւ ընտրության առաջ կանգնեցնելով դեռեւս ՀԱԿ-ում մնացած ուժերին ու գործիչներին` մնալ ՀԱԿ-ում եւ վերջնականապես ոչնչացնել շարժումը, կամ արտահայտել քաղաքական, քաղաքացիական դիրքորոշում` հավատարիմ մնալով 2008 թվականի արժեքներին: Քանի որ այն, ինչ այդ շարժման հետ ժամանակին չկարողացավ իշխանությունն անել նույնիսկ «7-ի գործով», այսօր հաջողվեց դա անել ընդամենը 7 մանդատով: