Կոալիցիայի կազմը կպահպանվի

12/05/2012

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «ավելի ու ավելի է դառնում նախկին նախագահ»: Ըստ նրա` հավանականությունը, որ նա 2013թ. նախագահական ընտրություններում կառաջադրի իր թեկնածությունը` ակնկալիքների դաշտից է: «Նա ավելի շատ նախկին նախագահ է, եւ այդ կարգավիճակը ժամանակի ընթացքում ավելի է ամրագրվում»: Նա` հեռանալով քաղաքականությունից, վերածվել է հետաքրքիր ֆենոմենի, դառնալով Մոբի Դիքի պես կերպար: «Նա իրականում հայկական քաղաքականության Մոբի Դիքն է: Բոլորը փնտրում են նրան, մտածում նրա մասին»,- ասել է Կիրակոսյանը:

Անդրադառնալով ԱԺ ընտրություններին եւ հնարավոր կոալիցիայի ձեւավորմանը, Ռ. Կիրակոսյանն ասել է, թե կոալիցիա կկազմվի նույն ուժերի միջեւ, սակայն, ըստ նրա` դա կլինի «արհեստական ամուսնություն»: «Կարող ենք տեսնել չգործող ամուսնության կրկնությունը, թեեւ դա չի լուծի ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ եղած խնդիրը: Համատեղ ընտանեկան կյանքի ընթացքում միգուցե կխորանա դա»,- ասել է նա: Կիրակոսյանի գնահատմամբ` այդ երկու ուժերի միջեւ առկա կոնֆլիկտը ոչ թե քաղաքական է, այլ` իշխանական: «Կոնֆլիկտը իրական է, եւ գոյություն ունի շատ լուրջ մրցակցություն, եթե չասենք` թշնամություն: Դա իշխանության կոնֆլիկտ է, ոչ թե քաղաքական: Կարելի է ասել, որ դա կոնֆլիկտ է երկու նախագահների միջեւ»,- ասել է Ռ. Կիրակոսյանը` միաժամանակ հավելելով, որ թեեւ ԲՀԿ-ում «գերիշխում» են Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, բայց այն չի առաջնորդվում Ռ. Քոչարյանի կողմից: Ըստ նրա` ԲՀԿ-ն այս անգամ էլ կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ, որպեսզի հնարավորություն ունենա օգտվելու իշխանության լծակներից: Ռ. Կիրակոսյանը կարծում է, որ ԲՀԿ-ի համար դժվար կլինի հանդես գալ որպես ընդդիմություն, քանի որ այն ի սկզբանե եղել է իշխանական կուսակցություն: «Ուզո՞ւմ են մարդիկ, թե՞ չէ, ԲՀԿ-ն կմիանա այդ ֆորմալ դաշինքին` կոալիցիային»,- երեկ հայտարարել է Ռ. Կիրակոսյանը: Իսկ ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա, Ռ. Կիրակոսյանի խոսքով` «այն արժանի չէր ընտրվելու եւ այդքան ձայներ ստանալու»: