Երկբեւեռ խորհրդարան

12/05/2012

«Ես ցավագին կընդունեմ, եթե այն գիծը, որն ընտրել է մեր թիմը 2007թ.-ին, չկարողանա պահել: Ինչքանով նոր, «բազմակարծիք» թիմը կկարողանա դա անել, դա իր խնդիրն է: Բայց հուսանք, որ լավ կլինի»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության դեռեւս գործող պատգամավոր, այդ ուժի համամասնական ցուցակի 41-րդ համարը զբաղեցնող Լարիսա Ալավերդյանը: «Այն տեխնոլոգիաները, որոնք որդեգրել էր «Ժառանգությունը» 2012թ. թիմը կազմելու ժամանակ, ես դրանց անհաղորդ եմ, չկամ այդ դաշտում, ես իմ անհամաձայնությունը հայտնել եմ ոչ կադրային առումով, այն շատ ավելի խորքային է»,- նշել է նա` ավելացնելով, որ իր համար ընկալելի չէր կարճ ժամկետում այդպիսի տեխնոլոգիաներով թիմ կազմելը, որը գուցե «Ժառանգության» ղեկավարների տեսակետից գրագետ է: Նա հիշեցրել է, որ 2007 թվականին ընդդիմության մի մասը մեղադրում էր խորհրդարանում 7 մանդատ ստացած «Ժառանգությանը»` մանդատները վայր չդնելու մեջ: «Հիմա բոլոր այն ուժերը, որոնք մտել են խորհրդարան, ավելի ձայներ չեն հավաքել, քան «Ժառանգությունը», գրեթե նույն տոկոսներն են: Ես ուրախ եմ, որ ոչ մեկը չի պահանջում իրենցից` վայր դնել մանդատները, բայց ուզում եմ ասել, որ միշտ, քաղաքական ուժը երբ մի բան է անում` ներկայով չմտածի, այլ գոնե 5 տարի առաջ նայի»,- ասել է նա: «Գործող նախագահն ապացուցեց, որ երկիշխանություն այլեւս գոյություն չունի, եւ նախագահական ընտրություններից առաջ հստակ լծակներն իր ձեռքին են. գոնե հիմա Հանրապետական կուսակցությունն է տիրում քաղաքական դաշտում,- ասել է Լ. Ալավերդյանը` ավելացնելով,- Բայց ԱԺ-ում լինելու են առնվազն երկու բեւեռներ, երկուսն էլ` իշխանական: Հասարակությունը որեւէ նոր բան չշահեց, նույն իշխանությունն է, բայց «վերմակը ձգելու» գործընթացը խորհրդարանում դեռ կերեւա: Մենք կշարունակենք ունենալ իշխանության մեջ փոքր-ինչ երկբեւեռանոց խորհրդարան»: Լ. Ալավերդյանը չի ցանկացել կանխատեսումներ անել հնարավոր կոալիցիաների ձեւավորման մասին` նշելով միայն. «Եթե ես լինեի «Բարգավաճ Հայաստանի» տեղը, միանգամից կոալիցիա չէի մտնի: Ես իրենց տեղը լինեի, այլընտրանք կդառնայի»: Նաեւ հայտարարել է, որ «Ժառանգությանը» ՀՀԿ-ի հետ նույն դաշինքի մեջ չի պատկերացնում: