Մայիսի 6-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեծամասնություն ստացած Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա չեն կազմի Հայ ազգային կոնգրեսն ու «Դաշնակցություն» կուսակցությունը:
Երեկ այդ մասին ընտրությունների վերահսկման միասնական շտաբի նիստում հայտարարեցին ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ու ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Խորհրդարան անցած մյուս 4 կուսակցություններից կոալիցիա կազմելու կամ չկազմելու հարցի հետ կապված դեռ հայտարարություն չի հնչել: Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ վերահաստատեց իր այն կարծիքը, թե դեմ է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն: «Ես անձամբ կտրականապես դեմ եմ, որ ԲՀԿ-ն մտնի ոչ իրական կոալիցիայի մեջ: Կարծում եմ, որ եթե քաղաքական ուժն ունի բացարձակ մեծամասնություն, պետք է ամբողջ պատասխանատվությունը վերցնի իր վրա: Ինքս անձամբ պայքարել եմ քաղաքական մենաշնորհների դեմ ողջ ընտրարշավի ընթացքում եւ շարունակելու եմ պայքարել: Համենայնդեպս, ինքս` Վարդան Օսկանյանս, ոչ իրական կոալիցիայի պատասխանատվությունների տակ չեմ մտնի»,- երեկ հայտարարեց ԲՀԿ անդամ Վ.Օսկանյանը:
Իսկ արդյո՞ք այս հայտարարությունը նշանակում է, որ եթե ԲՀԿ-ն որոշի մտնել կոալիցիա, ինչը հավանական է, Վ.Օսկանյանը դուրս կգա այդ խմբակցությունից եւ Ազգային ժողովում կմնա որպես անկախ պատգամավոր: Մեր այս հարցին Վ.Օսկանյանը չցանկացավ կոնկրետ պատասխան տալ: «Մեկնաբանությունները դուք արեք, ամեն ինչ ես չեմ անի»,- ընդամենն ասաց նա:
Իսկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ի՞նչ դիրքորոշում ունի մեծամասնություն ստացած ՀՀԿ-ի հետ նորից կոալիցիա կազմելու հեռանկարի մասին: «Ինքն այս պահին ուղղակի լսում է կարծիքներ: Իմ տպավորությունը դա է»,- ավելացրեց Վ.Օսկանյանը:
Վ.Օսկանյանի խոսքերով` կոալիցիա կազմելու հարցի հետ կապված ԲՀԿ-ում կան տարբեր տեսակետներ` մի մասը կողմ է արտահայտվում, մի մասը` դեմ: Ի դեպ, դեմ արտահայտվողներն արդեն ներկայացրել են իրենց այդ տեսակետը` ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Հովհաննիսյանը հայտարարել են, թե իրենց կարծիքով` նորից կոալիցիա կազմելը ճիշտ չի լինի: Իսկ թե ԲՀԿ-ում ովքեր են կողմ կոալիցիա կազմելուն, դեռ հայտնի չէ: Անգամ հայտնի չէ, թե ինչ է ուզում ինքը` Գ.Ծառուկյանը: Իսկ Վ.Օսկանյանը երեկ նորից ինտրիգ մտցրեց 2013թ. նախագահական ընտրություններին իր առաջադրվելու հնարավորության հետ կապված, կրկին ասաց, թե դեռ չի որոշել: Այնպես, ինչպես ժամանակին Ծառուկյանն էր ասում` «հաջորդ դասին»:
Երեկվա նիստի ժամանակ այդ շտաբի անդամ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասնական հայտարարություն հրապարակեցին: «Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբը շարունակելու է համատեղել ջանքերը երկրում ստեղծված արատավոր ընտրական համակարգի վերափոխման եւ իրապես ժողովրդավարական ընտրությունների մեխանիզմների հաստատման ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ: Այս երեք ուժերի ներկայացուցիչներն էլ առանձին-առանձին նշեցին, թե ինչ կարգի ընտրակեղծիքներ են տեղի ունեցել ընտրությունների ժամանակ, եւ, որ իշխանություններն այդ գործում իրենց մեղսակից են դարձրել նաեւ ընտրողների մի զգալի մասին` ընտրակաշառքով իրենց օգտին քվեարկել տալով: Լ.Զուրաբյանն անդրադարձավ նաեւ ՀԱԿ-ին ուղղված այն մեղադրանքներին, թե ընտրակաշառք բաժանելու համար ինչու են դատապարտում միայն ՀՀԿ-ին: Չէ՞ որ այդ շտաբում իրենց գործընկեր ԲՀԿ-ն նույնպես համատարած ընտրակաշառք է բաժանել: ՀԱԿ համակարգողը պատասխանեց, թե ընտրակաշառք բաժանելու հիմնական պատասխանատուները ոչ թե կուսակցություններն են, այլ պետական կառույցները` հատկապես իրավապահ մարմինները, որոնք չեն կատարել իրենց պարտականությունները: Եվ եթե այդ կառույցները կատարեին իրենց պարտականությունը, ապա ոչ միայն ԲՀԿ-ն, այլ նաեւ ՀՀԿ-ն չէր համարձակվի ընտրակաշառք բաժանել: Նա նաեւ անդրադարձավ այն մեկնաբանություններին, որ եթե ՀԱԿ-ը չի հրաժարվում ընտրությունների արդյունքում իրեն բաժին հասած 7 մանդատներից, ուրեմն ընդունում է ընտրությունների արդյունքները: «Եթե ընտրություններն արդար անցկացվեին, Կոնգրեսը վստահաբար 50 մանդատից պակաս չէր վերցնի: 43 մանդատ մեզանից գողացել են, ասում են` ուրեմն հետ տվեք ձեր 7 մանդատը այդ գողերին, ինչո՞ւ: Մենք վերցնում ենք գողացած մանդատները հենց հետ վերադարձնելու համար ժողովրդից գողացածը, եւ ոչ թե մեր վերցրածն էլ հանձնենք գողերին: Պառլամենտում մենք բոլոր լծակներն օգտագործելու ենք դրա համար»,- ասաց Լ.Զուրաբյանը:
Իսկ արդյո՞ք խորհրդարան մտնելով` այս ուժերը կմոռանան փողոցային պայքարը: «Ո՞վ ասաց, որ եթե մտնում ենք ԱԺ, ապա բացառում ենք փողոցը: Մենք անելու ենք քայլեր թե՛ խորհրդարանում, թե՛ խորհրդարանից դուրս»,- ավելացրեց Ա.Ռուստամյանը` ընդգծելով, որ իշխանությունները ցանկանում են, որ ով պարտվել է ընտրությունների արդյունքում, խորհրդարան չգնա, իսկ հիասթափված զանգվածն էլ երկրից գնա:
Սակայն միասնական շտաբը ներկայացնող կուսակցությունների ներկայացուցիչները երեկ չմանրամասնեցին, թե «համատեղել ջանքերը» ասելով` ինչ նկատի ունեն, կամ այսուհետ ինչպես է դրսեւորվելու նրանց համագործակցությունը: Արդյոք այդ կուսակցությունները խորհրդարանում օրենքների, հայտարարությունների դեպքում միասնական տեսակետ կդրսեւորե՞ն կամ խորհրդարանից դուրս միասին հանրահավաքներ ու դժգոհության այլ միջոցառումներ կկազմակերպե՞ն: Երեք ուժերի ներկայացուցիչներն էլ այս հարցին կոնկրետ չպատասխանեցին, ասացին, որ ընտրությունների հետ կապված հարցերը դեռ քննարկում են, իսկ հետագա գործողությունների մասին որոշումներ դեռ չեն կայացրել:
Երեկ նիստ էր հրավիրել նաեւ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի նախաձեռնած աշխատանքային խումբը, որը դիտարկում էր Ընտրական օրենսգրքի կիրառումը: Այստեղ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչ Կարել Հոֆստրան ուշագրավ հայտարարություն արեց. «Մենք երբեք չենք հաղթահարի անվստահությունը, եթե մենք չենք հրապարակելու ստորագրված ցուցակները»: Խոսքը վերաբերում է ընտրություններից հետո ընտրությանը մասնակցած մարդկանց ցուցակներին: Այս պնդումը մինչեւ ընտրություններն անում էին նաեւ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն: Վերջին երկու կուսակցությունները նաեւ համապատասխան օրենսդրական նախաձեռնություն էին ներկայացրել ԱԺ, որը չընդունվեց: Եվ, որ ամենահետաքրքիրն է, այս օրենսգրքի հիմնական հեղինակ Դավիթ Հարությունյանը հայտարարում էր, թե կոնկրետ ստորագրված ցուցակները հրապարակելու դրույթին դեմ է եղել վենետիկյան հանձնաժողովը: Եվ հիմա ուշագրավ է, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչը հակառակ կարծիք է հայտնում, թե եթե ընտրություններից հետո այդ ցուցակները չեն հրապարակվում, ընտրությունների հետ կապված անվստահությունը չի հաղթահարվի: «Ես արդեն բավականին փորձ ունեմ Հայաստանում եւ մտածում եմ, որ այս պահին դա պետք է անել, որ վստահություն լինի»,- ասաց Կ.Հոֆստրան:
Իսկ արդյո՞ք միջազգային կառույցների, այդ թվում եւ` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական դրական եզրակացությունն ու մայիսի 6-ի ընտրությունների իրականությունը համապատասխանում են: Չէ՞ որ ընդդիմությունը խոսում է համատարած ընտրակաշառքի եւ այլ ընտրակեղծիքների մասին: «Մարդկանց վստահությունը շատ դժվար է գնահատել, հաշվել»,- պատասխանեց Կ.Հոֆստրան:
Վերջինս գրեթե միշտ մասնակցել է այդ աշխատանքային խմբի նիստերին, որին մասնակցում են նաեւ միջազգային մի շարք այլ կառույցների եւ հ/կ-ների ներկայացուցիչներ: Եվ այդ կառույցների հետ համագործակցելով` Ս.Նիկոյանը կարողացավ նրանց մոտ ընտրական գործընթացների մասին դրական տպավորություն ստեղծել: Արդյո՞ք հենց այդ նպատակը չէր հետապնդում Ս.Նիկոյանի կողմից նման աշխատանքային խմբի նախաձեռնումն ու դրան միջազգային կառույցների ներկայացուցիչների ներգրավումը: «Ես երբեք չեմ փորձել հենց այնպես դրական տպավորություն ստեղծել: Ինչպես կարող ես դրական տպավորություն ստեղծել, երբ իրենք մասնակցում են աշխատանքներին, տեսնում եւ զգում են դա: Նրանք հաստատ միամիտ չեն, այս պրոցեսներին շատ լավ տիրապետում են: Եթե նրանք գտնում են, որ դրական քայլեր կան, դրանից պետք չէ վատ զգալ»,- չհամաձայնեց Ս.Նիկոյանը:
Ի դեպ, 5-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը տեղի է ունենալու մայիսի 31-ին, ժամը 10-ին: