«Քաղաքական ուժ են, եթե դուրս գան, բնականաբար, խնդիրներ կլինեն: Ինչ վերաբերում է` տեղյա՞կ էինք, իհա՛րկե տեղյակ էինք»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը` անդրադառնալով «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի` պատգամավորի մանդատից հրաժարվելու քայլին եւ ՀԱԿ-ից դուրս գալու հնարավորությանը: Նա ասել է, թե չգիտի` արդյո՞ք կպառակտվի, թե՞ ոչ ՀԱԿ-ը, եթե «Հանրապետությունն» ի վերջո դուրս գա դաշինքից, սակայն կարծում է, որ այն կթուլանա: Ի դեպ, ի պատասխան «Ժառանգություն» կուսակցության անդամ Լարիսա Ալավերդյանի երեկվա հարցադրմանը, թե ինչո՞ւ է Կոնգրեսը մտնում խորհրդարան, եթե ժամանակին իրենց մեղադրում էր` ասելով, թե յոթ մանդատով խորհրդարան մտնելն անիմաստ է, Մակեյանն ասել է, թե խնդիրը ԱԺ մտնել-չմտնելը չէ, այլ այն, որ ՀԱԿ-ի ԱԺ մտնելու որոշումը ՀԱԿ անդամ կուսակցությունների հետ չի քննարկվել: