«Բարոյական իրավունք վաստակել ենք»

12/05/2012

Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրվել է 4 թեկնածու: Բացի գործող նախագահ Բակո Սահակյանից, առաջադրվել են ԼՂ խորհրդարանի պատգամավոր, գեներալ Վիտալի Բալասանյանը, ՀՀ պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը, ԼՂ Ազգային ժողովի ընդհանուր բաժնի նախկին պետ Վալերի Խաչատրյանը: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ` առաջադրված բոլոր թեկնածուներն անկուսակցական են: Առայժմ միայն Բակո Սահակյանն է հիմնավորել իր առաջադրումը` նշելով, որ իր պաշտոնավարման 5 տարիների ընթացքում ինքը վաստակել է կրկին առաջադրվելու բարոյական իրավունքը: «Իմ որոշման հիմքում այս տարիների ընթացքում ձեզ հետ միասին կատարած աշխատանքն է` ուղղված մեր երկրի բնակչության սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը, ուղղված մեր երկրի անվտանգության ապահովմանը, մեր երկրի պաշտպանունակության ամրապնդմանը… Ինձ համար շատ կարեւոր է, թե ես եւ իմ գործընկերները բարոյական իրավունք ունե՞նք ձգտելու շարունակել այս առաքելությունը: Համարում եմ, որ այս տարիների ընթացքում մենք այդպիսի բարոյական իրավունք վաստակել ենք, որն էլ հիմք է հանդիսանում, որպեսզի ես այդպիսի որոշում ընդունեմ»: