Գերադասում եմ պայքարել փողոցում

12/05/2012

Երեկ կայացած ասուլիսում Հայ ազգային կոնգրեսի առանցքային ուժերից մեկի` «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀԱԿ-ի համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Արամ Սարգսյանը հայտարարել է պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին` բացառելով նաեւ առաջիկայում ՀԱԿ-ից դուրս գալու հնարավորությունը:

«Ինչպես գիտեք, ես ասել էի, որ ՀԱԿ-ի խորհրդարան անցնելուց հետո հրաժարվելու եմ մանդատից, եւ հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի իմ մանդատը ու հաջողություն եմ մաղթում ՀԱԿ-ին առաջիկա խորհրդարանական գործունեության մեջ: Կանխելով ձեր հարցադրումները` հայտարարում եմ նաեւ, որ առաջիկայում կուսակցության ակտիվի հետ քննարկելու ենք ՀԱԿ-ի հետ մեր հետագա համագործակցության ձեւաչափը: Չի բացառվում նաեւ ՀԱԿ-ից դուրս գալու հեռանկարը: Անցած ժամանակահատվածում մենք ունեցել ենք տարաձայնություններ ՀԱԿ-ի գործունեության վեկտորի, ներքաղաքական զարգացումների, արտաքին քաղաքական դիրքորոշումների շուրջ, որոնց մասին ազատորեն բարձրաձայնել եմ իմ կարծիքը: Լինելով թիմային գործունեության մարդ, չկարեւորելով սեփական հավակնությունների հաստատումը, ես արել եմ հնարավորն ընդհանրական հաջողության համար: Խորապես համոզված եմ, որ մենք բոլորս արժանի ենք բոլորովին այլ Հայաստանի, քան ունենք: Կուսակցության անդամների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, շահագրգիռ անձանց քննարկումներից հետո «Հանրապետություն» կուսակցության առաջիկա համագումարում ծրագրային ելույթով կներկայացնեմ մեր պատկերացումները նոր Հայաստանի եւ մեր անցնելիք ճանապարհի մասին»,- երեկ կայացած ասուլիսի սկզբում տարածած հայտարարության մեջ ասել է Ա. Սարգսյանը: Մեկնաբանելով իր քայլը` Ա. Սարգսյանն ասել է, որ գերադասում է պայքարել փողոցում մնացած ժողովրդի մեծամասնության հետ: «Այս ԱԺ-ն նախագահ-կառավարություն շրջանակում վերեւից իջեցված հրահանգների դակիչ մարմին է դարձել` առավել եւս, նման մեծամասնության պարագայում այլ ելք չունի, քան դակելը: Բայց բոլոր այն մարդկանց, ովքեր ազնվորեն գնում են ԱԺ` հույս ունենալով, որ կարող են ինչ-որ բան փոխել, ես, իհարկե, հաջողություն եմ մաղթում: Իմ ներկայությամբ կամ պրագմատիկ մոտեցումներով չեմ ուզում կաշկանդել կամ կասկածի տակ դնել աշխատելու իրենց ցանկությունը: Ես կարծում եմ, որ օրենքների մասին իմ տեսակետները հասարակությանը կարող եմ ասել ոչ միայն ԱԺ-ում, այլեւ ԶԼՄ-ներով եւ հանրահավաքների ժամանակ: Ես համոզված եմ, որ ժողովրդի 90 եւ ավելի տոկոսը, ընդդիմություն լինելով, ԱԺ-ում ներկայացված ունի 15-20 հոգի, ոչ ավելի: Ես գերադասում եմ այդ 90 տոկոսի հետ լինել փողոցում եւ ամեն ինչ անելու եմ` փողոցում լինելու առումով: Դուք դա դեռ կտեսնեք»: Հարցին` հավաստի՞ են լուրերը, որ ինքը պատգամավորության մանդատը վայր է դնում, քանի որ ՀԱԿ-ը հրաժարվել է իր առաջարկից` վայր դնել բոլոր մանդատները, Արամ Սարգսյանը պատասխանել է. «Բացարձակապես, ես ՀԱԿ-ին նման բան չեմ առաջարկել: Ես իմ մանդատը չեմ դնում որեւէ մեկին իմ փոխարեն ԱԺ մտցնելու համար: Ինձ համար էական չէ, թե հաջորդ մարդն ով է լինելու: Ով ուզում է` մտնի: Իմ որոշումը քաղաքական է»: Ինչ վերաբերում է իր եւ ՀԱԿ-ի տարաձայնություններին, ապա Ա. Սարգսյանը երեկ հայտարարել է, որ դրանք սկսվել են դեռ անցած տարվա գարնանից: Հիշեցնենք, որ այդ տարաձայնություններն ավելի արտահայտիչ դարձան, սակայն, այն բանից հետո, երբ Ա. Սարգսյանն առանց այլեւայլությունների` դեմ արտահայտվեց Լեւոն Տեր- Պետրոսյանի «քաղաքագիտական երկխոսությանը», որով, ըստ էության, հիմք դրվեց ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը: Երեկ խոսելով «Հանրապետության» առաջիկա անելիքների մասին, Ա. Սարգսյանն ասել է, որ դրանք կորոշվեն կուսակցության համագումարում, որի օրը կորոշի կուսակցության ակտիվը, ոչ թե քաղխորհուրդը: «Իսկ դա նշանակում է, որ մարզերից էլ պետք է մարդկանց հրավիրենք: Նախնական ասեմ, որ դա կլինի սեպտեմբեր ամսվա վերջին: Մինչ այդ մենք իսկապես հակված ենք շփվելու քաղաքացիական հասարակության անդամների հետ: Ես համոզված եմ, որ այս երկրի բնակչության 90 տոկոսից ավելին փոփոխություններ է ուզում: Ես տեսնում եմ, որ մեր ժողովուրդն այդ պոտենցիալն ունի, եւ այդ առումով լուրջ աշխատանք ունենք անելու: Ես չեմ բացառում քաղաքական դաշտում քաղաքական ուժերի, անհատների, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը: Սա մեր երկիրն է, եւ մեր երկրում բոլորը, բացառությամբ նրանց, ովքեր ժողովրդի առջեւ ազնիվ չեն եղել, սեփական շահը գերադասել են հասարակական շահից, բացառությամբ այդ ուժերի` մնացածների հետ համագործակցությունը համարում եմ շատ հնարավոր»,- հայտարարել է նա: Նշենք նաեւ, որ Ա. Սարգսյանը հրաժարվել է պատասխանել հարցին` առաջիկա նախագահական ընտրություններին կառաջադրի՞ իր թեկնածությունը, թե՞ ոչ: Մեկնաբանելով Ա. Սարգսյանի քայլը` ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ ասել է. «Մեզ համար նորություն չէր, որ Արամ Սարգսյանը հրաժարվելու է մանդատից, նա այդ մասին հրապարակավ վաղուց էր ասել»։ Նա ավելացրել է, որ մեկնաբանություն չունի Ա. Սարգսյանի` ՀԱԿ-ից դուրս գալու հնարավորության մասին: Ուշագրավ է, որ ՀԱԿ համակարգողը չգիտի, թե ինչի շուրջ են եղել Կոնգրեսի եւ Արամ Սարգսյանի տարաձայնությունները, այն դեպքում, երբ «Հանրապետության» ղեկավարը պարզ, հոդաբաշխ կերպով ներկայացրել է դրանք մամուլում: