Պաշտոնական վիճակագրությունը մայիսի ընթացքում գների աճի ցուցանիշները դեռ չի հրապարակել։ Այդ ցուցանիշները կհրապարակվեն ամսվա վերջին եւ առավել մանրամասն ու վերջնական տեսքով կներկայացվեն հաջորդ ամսվա առաջին կեսին։
Սակայն այն մարդիկ, ովքեր հետընտրական շրջանում գների աճ էին կանխատեսում, կարող են արդեն հայտարարել, որ դրա նախանշանները երեւում են։ Հիշեցնենք, որ հատկապես Զատիկի օրերին, երբ շատերի համար անսպասելիորեն ձուն չթանկացավ, մի շարք փորձագետներ դա կապում էին գալիք ընտրությունների հետ եւ ասում, որ թանկացումը «հետաձգվեց» մայիսի 6-ից հետո։ Այժմ նրանք հիմքեր ունեն պնդելու, որ չեն սխալվել։ Խոսքն այն մասին չէ, որ արդեն ընտրությունների օրվա գիշերը լուրեր տարածվեցին, որ սննդամթերքի որոշ հիմնական տեսակներ արդեն իսկ թանկացել են։ Խոսքը ավելի լուրջ, ավելի պաշտոնական ցուցանիշի մասին է՝ փոխարժեքի։ Ինչպես եւ սպասվում էր, դրամն ընտրություններից հետո սրընթաց արժեզրկվում է։ Եթե մինչեւ ընտրությունները շուկան լցված էր արտարժույթով, որը փոխարկվում էր դրամի՝ նախընտրական ֆորմալ եւ ոչ ֆորմալ ծախսերը հոգալու համար, ապա այժմ հակառակ պրոցեսն է ընթանում։ Ամերիկյան արժույթը ռեկորդային բարձունքներ է նվաճում։ Այսպես, երեկ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում վաճառվել է 2.7 մլն դոլար, միջին փոխարժեքը կազմել է 394.47 դրամ։ Տարվա ընթացքում ամերիկյան արժույթի փոխարժեքն առաջին անգամ է գերազանցում 394-ի սահմանը: Կանխիկ փոխանակման կետերում երեկ մեկ ամերիկյան դոլարը գնում էին մինչեւ 393.5 դրամով, վաճառում, նվազագույնը 395 դրամով։
Իսկ ի՞նչ կապ ունի սա գնաճի հետ։ Ամենաանմիջական։ Դրամի արժեզրկումը անխուսափելիորեն հանգեցնելու է ներմուծվող ապրանքների գների աճին։ Իսկ ներմուծման ծավալները տպավորիչ են։ Օրինակ՝ նախորդ տարվա ընթացքում ներմուծումը կազմել է 4.1 միլիարդ դոլար կամ 1.5 տրիլիոն դրամ։ Դա 1.5 անգամ գերազանցում է նախորդ տարվա ընթացքում արդյունաբերական արտադրանքի ծավալը, եւ 1.7 անգամ՝ գյուղատնտեսական արտադրանքի ծավալը։ Այսինքն՝ փոխարժեքը բավականին լուրջ ազդեցություն է թողնելու ներմուծված, եւ արդյունքում՝ ընդհանուր ապրանքային շուկայի վրա։ Սակայն ժամանակից առաջ չընկնենք, քանի որ կա Կենտրոնական բանկ՝ իր գործիքներով հանդերձ։ Վերադառնալով ընտրությունների թեմային, նշենք, որ գնաճը միայն ընտրություններով պայմանավորելը տրամաբանական է, սակայն միանշանակ չէ։ Մեր թերթի նախորդ համարներից մեկում նշել ենք, որ, օրինակ, 2007թ. մայիսի 12-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններից հետո պաշտոնական վիճակագրությունն արձանագրեց ոչ թե գնաճ, այլ հակառակը` գնանկում: Մինչդեռ 2008թ. փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո գրանցվեց ուրիշ դինամիկա: Ամսական կտրվածքով (յուրաքանչյուր ամիսը` նախորդ ամսվա համեմատ) գնաճը մարտին կազմեց 1.4%, ապրլին` 1.1%, մայիսին` 1.3%: Այդ դեպքում, ընտրություններին հաջորդող 3 ամիսների ընթացքում ունեցել ենք գումարային գնաճ շուրջ 4%-ի չափով։ Անկեղծ ասած, մինչեւ այս վերջին ընտրությունները վերլուծելով այդ թվերը՝ կարծում էինք, որ գնաճ չի լինի։ Նման համոզմունքի պատճառն այն էր, որ առջեւում՝ մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում, Հայաստանում անցկացվելու են նախագահական ընտրություններ։ Կարծում էինք, որ իշխանությունն ամեն ինչ կանի, որպեսզի մինչեւ նախագահական ընտրությունները «պատկերը չփչացնի»։ Այսինքն՝ անգամ կոշտ մեթոդներով, սեփական օլիգարխների շահույթի հաշվին կզսպի գնաճը։ Սակայն ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո այդ համոզմունքը թուլացել է։
Իշխանությունը, մասնավորապես՝ Հայաստանի հանրապետական իշխանությունը, այնպես է ամրացրել իր դիրքերը, որ արդեն կարող է իրեն լիովին ազատ զգալ։ ՀՀԿ-ի «ջախջախիչ» հաղթանակն այնքան վարպետորեն կազմակերպվեց, որ անգամ արմատական ընդդիմությունը ոչ մի լուրջ փաստարկ չկարողացավ հակադրել եւ, վերցնելով իրեն հասած մի քանի մանդատները՝ մտավ խորհրդարան։ Փաստորեն, իշխանությունն արդեն վստահ է, փորձով ապացուցած, որ կարող է առանց ակնհայտ խախտումների լիակատար հաղթանակ տանել ընտրություններում։ Ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ գալիք նախագահական ընտրությունները կտարբերվեն խորհրդարանականից։ Անկախ տնտեսական ցուցանիշներից, անկախ գնաճից, անկախ մյուս բոլոր գործոններից՝ իշխանության թեկնածուն վստահ հաղթանակ է տանելու, կամ ընտրություններն արձանագրելու են նրա համոզիչ հաղթանակը։ Ընդ որում, կարծում ենք, որ այդ ընտրությունները կարժանանան ավելի բարձր գնահատականի միջազգային ու տեղական դիտորդների կողմից։ Ասվածի իմաստն այն է, որ իշխանությունն այլեւս կարող է իրեն նեղություն չտալ՝ գեղեցիկ խոստումներով, վառ ծրագրերով ու պլպլան ցուցանիշներով։ Փորձը ցույց տվեց, որ անգամ ամենաբացասական ցուցանիշները հակառակ ազդեցություն են թողնում հայաստանյան էլեկտորատի եւ ընտրությունների արդյունքների վրա։ Կարելի է չմտահոգվել նաեւ գնաճով։ Միեւնույն է, նախորդ տարվա ընթացքում պարենային ապրանքների երկնիշ գնաճը մոռացվեց։ Պարզվեց, որ բոլորը վերջին տարիներին սիրով են լցվել իշխանությունների նկատմամբ։ Այլ կերպ ասած, գործում է «որքան վատ, այնքան լավ» սկզբունքը։ Որքան վատ` երկրի, այնքան լավ՝ իշխանության համար։
Ինչ վերաբերում է կոնկրետ գնաճին, ապա այն զսպելու շատ լուրջ մոտիվ իշխանությունն արդեն չունի։ Մնում է ապավինել նրա մեծահոգությանը։
Իշխանությունը միգուցե երկիրը ղեկավարել չսովորեց, բայց ընտրություններում հաղթել (դեռ մինչեւ ընտրության օրը) գերազանց է սովորել։ Իսկ քաղաքականության մեջ, ինչպես հայտնի է, ամեն ինչ արվում է ընտրվելու համար։