ՀՀՇ-ի հրավերով մայիսի 11-12-ը Հայաստանում անցկացվում է Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական եւ բարեփոխումների կուսակցության (ELDR) տարեկան նիստը: ELDR կուսակցության մեջ են մտնում Եվրոպայի 37 երկրների 54 կուսակցություններ, այդ թվում` ՀՀՇ-ն: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի` ELDR-ը, որն իր ունեցած մանդատների քանակով Եվրամիության խորհրդարանում երրորդ խոշոր խմբակցությունն է, իր տարեկան նիստում քննարկելու է նաեւ հայաստանյան ընտրությունների հարցը: ELDR-ի նախագահ Գրահամ Ուաթսընը երեկ Երեւանում հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ մայիսի 6-ի ԱԺ ընտրությունները թեեւ «ավելի լավն էին, քան նախորդը, սակայն դեռ շատ անելիքներ կան»: «Բայց թույլ տվեք ասել, որ դեռ շատ անելիքներ կան: Դե գիտեք… արագ հօդս ցնդող թանաքների մասին, եղել են համայնքներ, ուր, պարզվում է, քվեարկել է բնակչության 102 տոկոսը, սրանք բոլորը մտահոգությունների առարկա են»,- ասել է Ուաթսընը, ում գլխավորած ELDR-ն իր կողմից մոնիտորինգի է ենթարկել ԱԺ ընտրությունները: «Մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում, սակայն պետք է մի քիչ ավելի արագ շարժվել: Եթե հայացք նետեք սեւծովյան տարածաշրջանին, կտեսնեք այնպիսի երկրներ` Բուլղարիա, Ռումինիա, որոնք մի քանի տարի առաջ ազատությունից զուրկ էին, բայց այժմ նրանք վայելում են ազատության զգալի չափաբաժին: Հույս ունեմ, որ մի քանի տարուց Հայաստանը, Ադրբեջանը եւ այլ երկրներ մենք կդասենք նույն կատեգորիայի երկրների շարքում»,- հավելել է նա: Ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով նաեւ հայ-թուրքական հարաբերությունները` Գրահամ Ուաթսընը մտահոգություն է հայտնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առաջընթացի բացակայության առիթով: «Մենք` Եվրոպայի լիբերալներս, որեւէ խնդիր չունենք «ցեղասպանություն» բառն օգտագործել` նկարագրելու այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել անցյալում: Մենք նաեւ միասին աշխատում ենք Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հետ` արագացնելու պատմաբանների կողմից պատմությունը վերանայելու գործընթացը: Բայց եթե դուք համեմատեք ներկայիս Թուրքիան` 10 տարի առաջվա Թուրքիայի հետ, դուք հսկայական առաջընթաց կտեսնեք»,- ասել է ELDR նախագահը: