Թույլ չեն տվել

12/05/2012

Նախօրեին ՄԱԿ-ում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հակաահաբեկչության հարցերով զբաղվող կոմիտեների զեկույցների քննարկում, որն անցկացվում էր Ադրբեջանի նախագահության ներքո: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն, Ադրբեջանը «փորձել է չարաշահել նախագահողի իր դիրքը` մերժելու համար հանդիպմանը ելույթ ունենալու Հայաստանի խնդրանքը` գիտակցելով, որ հայկական կողմն անպատասխան չի թողնի անցած շաբաթ ՄԱԿ-ի այդ մարմնում Ադրբեջանի նախագահի ցինիկ եւ ստահոդ հայտարարությունները»: Անվտանգության խորհրդի անդամ երկրների ճնշման արդյունքում ադրբեջանական նախագահությունը ստիպված է եղել ելույթի հնարավորություն ընձեռել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանին: Հաշվի առնելով ահաբեկչության հանցագործության անդրսահմանային բնույթը` Հայաստանի դեսպանը նշել է, որ այս բնագավառում տարածաշրջանային համագործակցության հիմնական խոչընդոտներից է հարեւան երկրների հետ սահմանների փակ լինելը, եւ խոր մտահոգություն հայտնել, որ միջազգային կառույցները հստակորեն մատնանշում են, որ Ադրբեջանի տարածքն ազատ օգտագործվում է տարբեր ահաբեկչական ու ծայրահեղ կրոնական խմբավորումների կողմից, որոնք այդ երկիրն իրենց հանցագործ գործունեության համար ապահով միջավայր են համարում: Դեսպանը նաեւ հավելել է, որ այդ խմբավորումները կովկասյան տարածաշրջանով մեկ զբաղվել են մարդկանց, զենքի ու փողերի ապօրինի փոխադրմամբ, որի համար էլ միջազգային հանրությունը շարունակում է ահազանգել Ադրբեջանի կողմից ձեռնարկված անբավարար հակաահաբեկչական քայլերի առնչությամբ: Նազարյանը նաեւ հայտարարել է, որ հայտնի ու լավագույնս փաստագրված է Ադրբեջանի իշխանությունների կապը «Ալ-Քաիդային» հարող ահաբեկչական խմբերի հետ, որոնք փորձել են պատերազմել ԼՂ-ի դեմ 90-ականների սկզբին, եւ որ այդ պատճառով էլ անհրաժեշտ է դրսեւորել զգոնություն` թույլ չտալու ահաբեկիչների հավաքագրումն ու ծայրահեղականների կողմից տարածաշրջանի փխրուն իրավիճակի կրկնակի շահարկումն ահաբեկչությունների ու սադրանքների միջոցով: Երեկ որպես Անվտանգության խորհրդի փաստաթուղթ` ՄԱԿ-ում պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ալիեւի մայիսի 4-ի ելույթի առնչությամբ, որն առաջացրել էր անդամ երկրների տարակուսանքն ու անթաքույց դժգոհությունը: