«Կլոնավորված մարդկանց լցոնումներ»

12/05/2012

«Չնայած այս ընտրությունները տարբերվում էին բռնությունների չնչին քանակով, այս անգամ ոչ թե կատարվել են ավանդական խախտումներ, այլ նոր տեխնոլոգիաներ են կիրառվել, ես դրանք անվանում եմ մարդկային լցոնումներ»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը` ներկայացնելով կոմիտեի դիտորդական առաքելության նախնական արդյունքները: «Կլոնավորված մարդկանց հսկայական քանակություն է եղել, որոնք տարբեր տեղերում գրանցվելով` եկել, քվեարկել են: Նույն մարդը միանգամից մի քանի բնակավայրերում էր ժամանակավոր գրանցում ձեռք բերել, ընդ որում` շատ դեպքերում նույնիսկ տվյալ բնակարանի տերը չի իմացել այդ մասին»,- ասել է Ավետիք Իշխանյանը` ավելացնելով, որ ամենատարբեր վայրերում ժամանակավոր գրանցում ձեռք բերած մարդկանց հիմնական մասը «ՍԱՍ» սուպերմարկետի աշխատակիցներն են եղել: Հելսինկյան կոմիտեի դիտորդական խումբը մայիսի 6-ին առաքելություն է իրականացրել Արաբկիրի 4-րդ ընտրատարածքի 24 ընտրատեղամասերում: «Սպասում էինք, որ սուր մրցակցություն կլինի, դրա համար ընտրեցինք այդ ընտրատարածքը»,- պարզաբանելով հենց թիվ 4-ում առաքելություն իրականացնելու որոշումը, ասել է Ա. Իշխանյանը, ում համոզմամբ, այդ ընտրատարածքում առաջադրված հայտնի գործիչներից հաղթեց մեկը, ով ընդհանրապես չի խոսում: Իշխանյանը տեղեկացրել է, որ յուրաքանչյուր տեղամասում Հելսինկյան կոմիտեն ունեցել է երկուական դիտորդ` տեղամասերի բացման պահից` մինչեւ արձանագրությունների կազմումը:

Ըստ նախնական եզրակացության, թեեւ քվեարկությունը հիմնականում խաղաղ է անցել, սակայն դիտորդներն արձանագրել են մի շարք խախտումներ` անձնագրերում դրվող կնիքների արագ անհետացում, բաց քվեարկություն, կողմնակի անձանց ներկայություն քվեախցիկներում, մարդկային կուտակումներ տեղամասերում: Մյուս խախտումները կապված են եղել ընտրացուցակների հետ, որոնցում տեղ են գտել մահացած, Հայաստանից բացակայող անձանց անունները, իսկ, օրինակ, Կոմիտասի 48 ա շենքի 57 բնակարանից, թեեւ հիմնական ցուցակով քվեարկել են 4 հոգի, սակայն նույն հասցեից եւս 7 անձ լրացուցիչ ցուցակով քվեարկելու են եկել Գորիսից, Գավառից եւ մոտակա գյուղերից: Իշխանյանի խոսքերով, դիտորդները նկատել են, որ հանձնաժողովի անդամներն անտեղյակ են եղել իրենց պարտականություններից, ինչի պատճառով ուշ են սկսել քվեաթերթիկների հաշվարկը, մինչ հաշվարկը նախապես լրացրել արձանագրության թերթիկը: Խախտումների մյուս տեսակը եղել է «կարուսելը», ինչը, ըստ Ա. Իշխանյանի, ֆիքսվել է նաեւ լուսանկարներով: Նա ցուցադրել է լուսանկարներ, որտեղ երեւում են քվեատուփից հանված դատարկ ծրարներ: «Ընտրական մեխանիզմը փշրված է: Նոր մեխանիզմներ են մշակվում ընտրությունների կեղծման համար»,- հայտարարել է Ա. Իշխանյանը: Իսկ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հ/կ նախագահ Վարուժան Հոկտանյանի դիտարկմամբ` հայերը մաքսիմալ արագությամբ ընտրություն կատարող ազգ են, քանի որ ամենապարզ հաշվարկները ցույց են տվել, որ մի շարք ընտրատեղամասերում անգամ 20 վայրկյանի ընթացքում են մարդիկ ընտրություն կատարել, իսկ ընտրողների ավելի մեծ մասը` 30 վայրկյանում:

Երեկվա ասուլիսում իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները ներկայացրել են իրենց նախնական դիտարկումները եւ գնահատականը 2012 թ. խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Դրանում մասնավորապես ասված է. «2012թ. մայիսի 6-ին ՀՀ-ում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնք, ցավոք, չեն կարող խթան հանդիսանալ երկրի իրական ժողովրդավարացման գործընթացների համար եւ չեն վկայում ընտրությունների ինստիտուտը բարեփոխելու` իշխանությունների քաղաքական կամքի մասին: Հայաստանյան հասարակության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ աստիճանաբար նվազել է սկսած 1995թ.-ից: Բոլոր ընտրություններն ուղեկցվել են համատարած ճնշումներով, սպառնալիքներով, ընտրակաշառքներով, իսկ 2008թ.` նաեւ մարդկային զոհերով: Պատշաճ ընտրությունների կազմակերպման ու հանրության վստահության վերականգնման անհրաժեշտությունը դարձել է Հայաստանի` այլ պետությունների եւ տարբեր միջազգային կազմակերպությունների հետ փոխհարաբերությունների առանցքային խնդիրը` մասնավորապես, արտացոլվելով ԵԽ ԽՎ որոշումներում եւ Եվրոպական Միության հետ ասոցիացմանն առնչվող բանակցություններում: Չնայած այս հանգամանքին եւ ՀՀ իշխանությունների կողմից բազմիցս հնչեցված հրապարակային խոստումներին` անցկացնելու «օրինակելի» ընտրություններ, 2012թ. մայիսին եւս Հայաստանի հասարակությունն ականատես չեղավ ժողովրդավարական պետությանը հարիր ընտրությունների, եւ առաջին հերթին` չարդարացան մեր հասարակության ակնկալիքները: Չնայած նախորդ համապետական ընտրությունների համեմատ արձանագրված առանձին դրական զարգացումներին, ինչպիսիք են նախընտրական քարոզարշավի ընթացքում զանգվածային լրատվամիջոցների կողմից քաղաքական ուժերի համար հավասար պայմանների ապահովումը, քարոզչական տպագիր նյութերի տարածման կանոնակարգումը, քվեարկության օրն ընտրությունների մասնակիցների տեղակայման հստակեցումն ընտրատեղամասերում եւ այլն, այդուհանդերձ, լուրջ քայլեր չեն իրականացվել ընտրողների կամքի ազատ արտահայտմամբ արդար ընտրություններ ապահովելու ուղղությամբ: Ընտրական գործընթացի եւ քվեարկության արդյունքների վրա աննախադեպ մեծ ազդեցություն են ունեցել ընտրազանգվածի կաշառումը, վարչական ռեսուրսի չարաշահումը, պետական համակարգի եւ մասնավոր գործատուների կողմից իրենց աշխատողների նկատմամբ քաղաքական թելադրանքն ու ճնշումը եւ բազմաթիվ այլ անօրինական «տեխնոլոգիաների» կիրառումը: Իրավապահ մարմինները, որպես կանոն, անգործություն են դրսեւորել անօրինականությունները կանխելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Վերոնշված դեպքերի բազմաթիվ փաստեր արձանագրվել են քաղաքացիական հասարակության կառույցների եւ առանձին ընտրողների կողմից: Քվեակեղծիքների հնարավորությունը բացառելու համար ներդրված անձնագրերի կնքման մեխանիզմի ձախողումն առավել խորացրեց հասարակության մեջ առկա անվստահությունը` նյութականացնելով կասկածները ընտրողների ուռճացված ցուցակների վերաբերյալ: Ընտրական գործընթացների օրինականության վրա էապես ազդել են երկրում տարածված աղքատությունը, գործազրկությունը, անձի անպաշտպանվածությունն ու անպատժելիության մթնոլորտը, որը քաղաքացիների զգալի մասին զրկել է ազատ, իրազեկ եւ գիտակցված ընտրություն կատարելու հնարավորությունից: Բարոյահոգեբանական այսպիսի միջավայրի ձեւավորմանը մեծապես նպաստել է այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները մինչ օրս անհրաժեշտ ջանքեր չեն գործադրել ինչպես 2008թ. մարտի 1-ի արյունալի դեպքերի կազմակերպիչներին եւ իրականացնողներին, այնպես էլ 2008թ. եւ դրան հաջորդած ընտրությունների կեղծարարներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Իսկ 2012թ. մայիսյան ընտրությունների նախօրեին ՀՀ ազգային ժողովն ընդունել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասի վիճահարույց օրենքը, որը թույլատրում է զինված ուժերի միջամտությունը ներքաղաքական գործընթացներում եւ, ուստի, շատերի կողմից ընկալվել է որպես սպառնալիք: Մենք` մարդու իրավունքների եւ ժողովրդավարության զարգացման գործընթացում ներգրավված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, խորապես մտահոգ ենք Հայաստանում տարեցտարի կատարելագործվող ընտրակեղծարարության մեխանիզմներով եւ դրանց կիրառողների անպատժելիությամբ: Գտնում ենք, որ ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու` Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների հերթական ձախողման արդյունքում պետք է համապատասխան հետեւություններ արվեն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կառույցների կողմից: Արձանագրում ենք, որ ժողովրդավարական ընտրությունների ինստիտուտի` Հայաստանում ձեւավորվելու առաջին եւ անհրաժեշտ նախապայմանն է 2012թ. մայիսի 6-ի ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակումը: Սա այն հիմնական քայլն է, որը կարող է ապացուցել ՀՀ իշխանությունների կամքը` վերականգնելու ընտրությունների իրական պատկերը եւ փարատելու քվեարկության արդյունքների նկատմամբ հասարակության թերահավատությունը»: Հայտարարությունը ստորագրած կազմակերպություններն են` Հայաստանի հելսինկյան կոմիտե, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հ/կ, Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հ/կ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան, Մենք պլյուս հ/կ, Կրթության ասպարեզ հ/կ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն, Լրագրողներ հանուն ապագայի հ/կ:

Կարինե ԳՐԻԳՈՐՅԱՆ