«Գազպրոմի» «անակնկալը»

03/12/2005

«Գազպրոմ» ԲԲԸ-ն 2006 թվից մտադիր է Հայաստան մատակարարվող բնական գազի գինը բարձրացնել հազար խմ-ի դիմաց` մինչեւ 110 դոլար` ներկայիս 54-ի փոխարեն: Այդ մասին Մոսկվայում հաղորդել է «Գազպրոմի» վարչության փոխնախագահ Ալեքսանդր Ռյազանովը: Մինչդեռ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մամլո ծառայությունում հաղորդել են, որ ներկա դրությամբ հայկական կողմը բնական գազի գնի բարձրացման մասին որեւէ պաշտոնական փաստաթուղթ չի ստացել: Ավելի վաղ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշել էր, որ առնվազն մինչեւ 2006 թ. մայիսի 1-ը պետք չէ խոսել էլեկտրաէներգիայի, ջրի եւ բնական գազի սակագների բարձրացման մասին: Ա. Ռյազանովի խոսքերով, Վրաստանի սպառողների համար նույնպես կգործի հազար խմ-ի դիմաց` 110 դոլար գինը: Իսկ ներկայումս Մերձբալթիկայի երկրների համար գազն արժե հազար խմ-ի դիմաց` 80 դոլար: Հաջորդ տարվանից Լիտվան, Լատվիան եւ Էստոնիան գազի դիմաց կվճարեն 120-125 դոլար, իսկ Մոլդովան` 150-160: Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա «Գազպրոմը» պնդում է, որ արդեն նոր տարվանից երկիրը վճարելու է 160 դոլար, մինչդեռ ուկրաինական կողմը եւս մեկ տարի ցանկանում է պահպանել 50 դոլարի սակագինը: