«Լավատեղյակ աղբյուրները» լրատվամիջոցներին հայտնել են հերթական միջգալակտիկական նշանակության լուրը` Սերժ Սարգսյանը, հնարավոր է, հրաժարական տա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Հիմնավորում` միայն նախագահական արտահերթ ընտրությունների դեպքում նա կկարողանա մնալ իր պաշտոնում: Հակառակ դեպքում` նախագահ վերընտրվելու հավանականությունը խիստ փոքրանում է: Եվ դա «լավատեղյակ աղբյուրներին» ակնհայտ է դարձել խորհրդարանական ընտրություններից հետո:
Եթե՜ միայն Հայաստանի քաղաքական դաշտում այնքան սկզբունքային ու ազնիվ ուժեր լինեին, որոնց ներկայությունը խորհրդարանում իրական վտանգ լիներ թե՛ գործող նախագահի համար, թե՛ իշխանությունների համար` առհասարակ… Սակայն անգամ այսօր, երբ, թվում է` արդեն պարզ է ուժերի հարաբերակցությունը խորհրդարանում, ամեն ինչ անհամեմատ անկանխատեսելի է:
Խորհրդարանական ընտրություններին հաջորդած կուսակցությունների երկիմաստ լռությունը հիշեցնում է հայտնի մի պատմություն. մի համերգի ժամանակ կոմպոզիտոր Մորիս Ռավելը նստում է մեկ այլ կոմպոզիտորի հարեւանությամբ, ով տանել չէր կարողանում Ռավելի երաժշտությունը: Հաջորդում է երկարատեւ լռություն: Այն խախտում է Ռավելը. «Բարեկամս, եկեք թեման փոխենք»: Քաղաքական ուժերը երեկ փոխեցին թեման եւ խախտեցին լռությունը. Միասնական շտաբը հանդես եկավ սպասված հայտարարությամբ: Մեր երկրի քաղաքական վերնախավից յուրաքանչյուրը վաղուց արդեն տիրապետում է հռետորական արվեստին այնպես, որ կարող է ասել երկար տեքստ, բայցեւ, միաժամանակ, ոչինչ չասել: Այդպիսին էր շտաբի հայտարարության բովանդակությունը. «Խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կողմից քաղաքական ուժերին աջակցության իրական պատկերը: Միասնական շտաբը շարունակելու է համատեղ ջանքերը երկրում ստեղծված արատավոր ընտրական համակարգի վերափոխման եւ իրապես ժողովրդավարական ընտրությունների մեխանիզմների հաստատման ուղղությամբ»: Հայտարարության ենթատեքստը հասկանալի է բոլորին. Հանրապետական կուսակցությունը կեղծել է ընտրությունները, կիրառվել է ընտրակաշառքը` որպես ձայներ ստանալու արդյունավետ միջոց: Իսկ ձեւակերպումը, թե խորհրդարանը չի արտացոլում քաղաքական ուժերին աջակցության իրական պատկերը, նշանակում է` մյուս կուսակցությունները կստանային շատ ավելի ձայներ, եթե ՀՀԿ-ն այդքան ջանասիրաբար չաշխատեցներ վարչական լծակներն ու ընտրակաշառքի իր անսպառ հնարավորությունները: Սա իրականություն է, եւ որեւէ մեկը չի կարող այն վիճարկել: Սակայն, երբ այդ իրականությունն ասվում է այնպիսի մանվածապատ ձեւակերպումով, որ «ոչ ոք գլխի չընկնի», հայտարարությունը ձեռք է բերում փետուրի կշիռ: Միասնական շտաբը ներկայացնում է քաղաքական դաշտի ծանր հրետանին` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը: Եթե այս երեք կուսակցությունների հայտարարությունը վախվորած, անատամ այս տեքստն է, ո՞րն է այն վտանգը, որը կարող է Սերժ Սարգսյանին թույլ չտալ հանգիստ վայելել պաշտոնավարման մեկ տարին, ապա անմիջապես ու սահուն անցնել պաշտոնավարման հաջորդ ժամկետին: Ո՞վ կխանգարի նրան: Իրականությունն աբստրակտ ժանրի է ձգտում նաեւ այն հանգամանքով, որ Միասնական շտաբի կուսակցություններից մեկը` ԲՀԿ-ն, եւս առատորեն ընտրակաշառք է բաժանել, ինչը հմտորեն կարողանում են չնկատել ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները: Ինքը` ԲՀԿ-ն, իր բաժանած ընտրակաշառքի մասին լուրերը մեկնաբանում է այնպես, ինչպես Վարդան Օսկանյանի հայտարարությունները: Այսինքն` չի մեկնաբանում:
Մյուս հանգամանքը, որը խաչ է քաշում արտահերթ նախագահական ընտրությունների հնարավորության վրա` ներկուսակցական խմորումներն են: Ակնհայտ տարաձայնություններ կան ՀԱԿ-ում: Տակավին երեկ պատգամավորական մանդատը վայր դրեց Արամ Սարգսյանը, ով պատրաստվում է հեռանալ նաեւ ՀԱԿ-ից: Սա լուրջ մարտահրավեր է այս կուսակցությանը, քանի որ Արամ Սարգսյանն ընկալվում էր որպես բարոյական հարթության մեջ գործող քաղաքական ֆիգուր: ՀԱԿ-ը հետեւողականորեն փորձում է ԲՀԿ-ն առանձնացնել կոալիցիայից, չարձագանքել ԲՀԿ-ի կողմից բաժանվող ընտրակաշառքին, ինչը, ինչպես ՀԱԿ-ի բաժանած ընտրակաշառքը, նույն նպատակն ունի` գնել ընտրողի ձայնը: ՀԱԿ-ն ինքն էլ անկանխատեսելի է. հիշենք ՀԱԿ առաջնորդի` հանրապետության նախագահին ուղղված երկխոսության հրավերը: Այն չաշխատեց: Որքանո՞վ կարող է ԲՀԿ-ն վստահ լինել, որ ավելի հարմար պարտնյոր ունենալու դեպքում ՀԱԿ-ը որպես թիրախ չի հայտարարի համար մեկ օլիգարխին:
ԲՀԿ-ն ակնհայտորեն երկու բեւեռի է բաժանվել. գաղափարական թեւն իրավացիորեն գտնում է, որ ԲՀԿ-ն չպետք է կոալիցիայի մեջ մտնի ՀՀԿ-ի հետ: Մյուս` գործնական թեւը, ում այս կուսակցությունը բացառապես Ծառուկյանի գրպանին մոտ լինելու հնարավորություն է տալիս, հակված է հակառակին: Սակայն հնարավոր չէ չնկատել` ԲՀԿ առաջնորդն ու երկրի նախագահը խոսում են նույն լեզվով, ուր արեւմտահայերենի գեղեցիկ շեշտադրությունը տեղ չունի:
Ներկուսակցական կրքերը չեն հանդարտվում նաեւ «Ժառանգությունում»: Այս ցուցակին իրենց ձայնը տվողների համար ուղղակի անդառնալի հարված կլինի, եթե իրականություն դառնա ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի չարագուշակ ցանկությունը` որպեսզի նախագահական ընտրություններին «Ժառանգությունը» պաշտպանի նախագահ Սարգսյանի թեկնածությունը:
Հասկանալի է, որ այս ամենից շահում է ՀՀԿ-ն: Միայն մեծամասնական ընտրակարգով այս կուսակցության պաշտպանած թեկնածուների անունները ստիպում են լարվել. առաջիկա տարիներին եւս տնտեսությունը շարժվելու է մենաշնորհ հաստատած օլիգարխների թելադրած խաղի կանոններով: Դրանից բխող հետեւանքներով: Սրան գումարած` նաեւ իրենց ձայնի հանդեպ հարգանք չունեցող տասնյակ-հազարավոր քաղաքացիներ, որոնց ինքնագնահատականը նույնքան ցածր է, որքան վերցրած ընտրակաշառքը:
Միակ մխիթարանքն այն է, որ այս նոր խորհրդարանն իշխանություններին կստիպի վերանայել վերաբերմունքը կյանքի հանդեպ. այն կթվա ոչ այնքան հիասքանչ: