– Ի՞նչ է իրենից ներկայացնում սոցիալական գովազդը:
– Այն հանրությանն առավել հուզող հարցերի, առավել արդիական խնդիրների բարձրացումն է ԶԼՄ-ներով, գովազդային այլ միջոցներով: Ներկայացնում է այն լուրջ խնդիրները, որոնք այսօր ծառացած են հասարակության առաջ եւ որոշակի լուծումների կարիք ունեն: Կա նաեւ սոցիալական գովազդի դասական սահմանում: «Գովազդի մասին» ՀՀ օրենքում հստակ սահմանված է` սոցիալական գովազդն ուղղված է հասարակության սոցիալական խնդիրների լուծմանը, հայրենասիրական ոգու դաստիարակությանը, քաղաքի մաքրությանը, առողջապահությանը, լեզվի մաքրությանը եւ այլն: Այսինքն` բոլոր այն խնդիրները, որոնք ծառացած են հասարակության առջեւ եւ լուծման կարիք ունեն: Կան տարբեր մոտեցումներ. օրինակ` միջազգային պրակտիկայում այն համարվում է հասարակական ծառայությունների հայտարարություն (PSA-Public service anouncement): Այսինքն` սոցիալական գովազդը` որպես այդպիսին, պետք է ծառայի հասարակությանը: Մեր օրենքում կոնկրետ նշվում է, թե ինչ տիպի ծառայություններ են դրանք, որն, ըստ իս, այդքան էլ ճիշտ չէ, որովհետեւ ժամանակի ընթացքում այդ ծառայությունների բովանդակությունը փոխվում է, եւ նոր ծառայությունների կարիք է լինում: Ուստի օրենքը պետք է այն սահմանի հստակ, որոշակի ընդհանրական մեկ նախադասությամբ: Սոցիալական գովազդն անդրադառնում է շատ այլ խնդիրների եւս, բայց այն օրենքով սահմանված չէ, ինչը կարող է խնդիր առաջացնել: Եթե տվյալ կետը նշված չէ օրենքում, ապա այն` ինչպես ուզես, կարող ես մեկնաբանել:
– Իսկ որքանո՞վ է սոցիալական գովազդը ծառայում մեր հասարակությանը։
– Մեկ-երկու տարի առաջ հարց ծագեց` արդյո՞ք մեր հասարակությանը պետք է սոցիալական գովազդը: Հասարակական կարծիքի ուսումնասիրություն անցկացրեցինք, եւ չկար մեկը, որ ասեր` դրա կարիքը մեր հասարակությունն այսօր չունի: Ինչո՞ւ է ծնվում սոցիալական գովազդը, որտեղի՞ց եկավ, եւ ամբողջ աշխարհի հասարակական կյանքում ինչո՞ւ այն մեծ տեղ ունի, իսկ հետխորհրդային միջավայրում, առավել եւս` Հայաստանում, ցավոք, այն դեռ անհրաժեշտ տարածումը չունի: Խնդիրն այն է, որ սոցիալական գովազդը հասարակական լարվածությունը թուլացնելու լավագույն միջոցն է եւ ճանապարհներից մեկը, որով հնարավոր է լուծել սոցիալական խնդիրները: Դա նշանակում է, որ եթե հասարակությունը տեսնում է, որ իր սոցիալական խնդիրն ուշադրության է արժանանում (տեսնում է հեռուստատեսությամբ, արտաքին գովազդի միջոցով կամ լսում է ռադիոյով), ապա թուլանում է իր լարվածությունը: Այսինքն` մտածում է, որ եթե խնդիրը բարձրացվում է, ապա ենթագիտակցորեն ենթադրում է, որ նաեւ խնդրի լուծում կլինի: Մյուս կողմից, եթե խնդիրը բարձրացվում է ԶԼՄ-ների կամ այլ տիպի գովազդի միջոցով, այն օղակները, որոնք կոչված են տվյալ խնդիրը լուծելու, ավելի են ձգվում. եթե խնդիրը բարձրացված է այս մակարդակով, ուրեմն պահանջում է լուծում: Բայց կան թերացումներ: Շատ հաճախ սոցիալական գովազդն իր ուղերձներով փիլիսոփայական բնույթ է կրում: Ենթադրենք, սոցիալական գովազդի վերջում ասվում է` «Հարգեք մարդկանց, ուշադիր եղեք հաշմանդամների հանդեպ», եւ այլն: Իրականում սոցիալական գովազդը պետք է խնդիրների լուծման կոնկրետ ճանապարհներ ցույց տա: Իհարկե, շատ լավ է, որ նաեւ այսպիսի գովազդներ կան, դրանք ընդհանուր բարոյական ֆոնն են ապահովում: Բայց սոցիալական գովազդի ամենամեծ առավելությունն այն է, որ բարձրացվում է խնդիրը եւ հնարավոր լուծումներ են առաջարկվում տվյալ խնդրի լուծման համար: Ենթադրենք` հաշմանդամների վերաբերյալ խնդիր ենք բարձրացնում, որ Հայաստանում պետք է ներդրվի ներառական կրթությունը: Այսինքն` հաշմանդամ եւ ոչ հաշմանդամ երեխաները պետք է միասին սովորեն: Այս խնդիրը մեր հասարակությունը դեռեւս չի ընդունում: Խնդիրը բարձրացնում ենք, իսկ ո՞րն է լուծումը: Այն, որ մենք մեր ներսում պետք է դա փոխենք: Իրար հետ չսովորող երեխաները խնդիր չունեն եւ չեն հասկանում` ինչո՞ւ միասին չեն սովորում: Խնդիրը մեր մեջ է: Հետաքրքիր է նաեւ, որ նման խնդիրներ ունեցող երեխաների ծնողները չեն ուզում, որ իրենց երեխաները մյուսների հետ միասին սովորեն: Հարցը երկկողմանի է եւ տեղափոխվում է նաեւ ծնողների դաշտ: Անհրաժեշտ է նախ ծնողների հոգեբանությունը փոխել: Ուղերձը պետք է հարցի տեսքով լինի, որպեսզի ամեն մարդ իր մեջ խորանա ու պարզի դա: Բնական է, որ չենք ստիպի չտեսնող կամ չլսող երեխաներին ներառել նույն դասարանում, քանի որ նրանք հատուկ մոտեցման կարիք ունեն: Խոսքը հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաների մասին է, ովքեր մտավոր եւ ֆիզիկական կարողություններով չեն տարբերվում ոչ հաշմանդամ երեխաներից, պարզապես շարժի սահմանափակ հնարավորություններ ունեն, իսկ դա չի խանգարում մաթեմատիկա, պատմություն կամ ֆիզիկա սովորելուն:
– Իսկ մեր հասարակության քաղաքացիական ակտիվության բարձրացման հարցում սոցիալական գովազդը դեր ունի՞:
– Սոցիալական գովազդը դեր ունի բոլոր բնագավառներում: Այն շատ մեծ դեր ունի կատարելու քաղաքացիական հասարակության կայացման հարցում: Այսօր հասարակությունն ինքնարժեւորվելու լուրջ խնդիր ունի, այն չի գնահատում իր ուժը, նրան պետք է ասել, որ` դու ուժեղ ես, կարող ես այս խնդիրը լուծել եւ իզուր քեզ չես հավատում: Ամբողջ աշխարհում հասարակությունն է որոշում, թե ինչպիսի երկրում ապրի: Իսկ մեր հասարակությունը, ցավոք, կարծում է, թե իրեն պետք է թելադրեն` ինչպես ապրել: Սա ինչ-որ առումով արվում է նաեւ չգիտակցված, երբ հասարակությունն ինքն իրեն զատում է տեղի ունեցող գործընթացներից, ասելով` ես գործ չունեմ, ինչ տան` այն էլ կուտեմ: Բայց իրականում հենց ինքը պետք է պատրաստի այն, ինչ պետք է ուտի: Օրինակ, եթերում ֆիսկալ կտրոնների վերաբերյալ գովազդում այսպիսի ուղերձ է հնչում. «Շահում ես դու, շահում է պետությունը»: Առաջին հարցը` արդյո՞ք դա սոցիալական գովազդ է, թե՞ ոչ: Սա պետության կողմից իրականացվող որոշակի ակցիայի հայտարարություն է, որ շատերը շփոթում են սոցիալական գովազդի հետ: Երկրորդ` ի՞նչ է նշանակում այդ ուղերձը: Նշանակում է, որ հասարակությանն առանձնացնում են պետությունից: Դրանից հետո մարդը սկսում է մտածել` իսկ ո՞վ է պետությունը: Այսինքն` կա մի վերացական հասկացողություն, որը շահում է: Դա եւս մեկ անգամ չգիտակցված խորացնում է պետության եւ հասարակության միջեւ անջրպետը: Հակված չեմ մտածելու, որ այն դիտմամբ է արվել: Իրականում երկու դեպքում էլ «շահում ես դու», որովհետեւ պետությունն էլ է քեզ ծառայում: Այ սա պետք է լիներ ուղերձը, որն ավելի ուժեղ ու ճիշտ կլիներ: Ամիսներ շարունակ լսելով այս արտահայտությունը` մարդկանց ենթագիտակցության մեջ տպավորվում է` կա պետություն` կամ ես:
– Մեր երկրում երբվանի՞ց կան սոցիալական գովազդները եւ արդյո՞ք որեւէ ազդեցություն ունեցել են:
– Խորհրդային ժամանակաշրջանում շատ են եղել սոցիալական գովազդներ, որոնք նպատակաուղղված էին պետության քաղաքականության ներմուծմանը: Շատ հայտնի պաստառներ կան սոցիալական գովազդի հետ կապված: Անկախացումից հետո սոցիալական գովազդը, որպես նոր մշակույթ, չներմուծվեց: Հետո արդեն` միջազգային կառույցների միջոցով եկավ: Այդ կառույցները փորձում էին նորաստեղծ երկիր բերել լավագույնը (ինչո՞ւ ոչ` նաեւ ոչ այնքան լավագույնը), որպեսզի նույն լեզվով խոսենք, եւ այդ ժամանակ մուտք գործեց նաեւ սոցիալական գովազդը: Սկսեցին պատվիրել գովազդ, որպեսզի լուծեն այս կամ այն խնդիրը: Մասնավորապես` դա պայքարն էր ՍՊԻԴ-ի դեմ, մի շարք այլ ուղղություններ, որոնք ունեին շատ նեղ ծրագրային նպատակներ: Այդ ձեւով կամաց-կամաց սկսեց այդ գովազդի տեսակը մտնել անկախ Հայաստան: Եղան մարդիկ, ովքեր սկսեցին լրջորեն զբաղվել դրանով, բայց հետո խնդիրներ առաջացան, երբ պատրաստի գովազդը չէին կարողանում հեռարձակել, քանի որ այն բավականին թանկ հաճույք էր: Մշակվեց, ապա ընդունվեց «Գովազդի մասին» օրենքը, որտեղ հստակ նշվեց, որ պատրաստման եւ տարածման ծախսերը հոգում է գովազդատուն: Միջազգային կառույցներին դա անակնկալի բերեց, քանի որ մտածում էին, որ եթե դա հասարակության համար է, եւ իրենք ֆինանսավորում են դրա մի մասը, ապա ինչո՞ւ պետությունը, մասնավորապես` Հանրային հեռուստատեսությունը, չի կարող իր վրա վերցնել դրա անվճար տարածումը: Բայց քանի որ բոլոր հեռարձակողները ենթարկվում են «Գովազդի մասին» օրենքին, ուստի տարածման համար բոլորին ֆինանսներ էին անհրաժեշտ: Դրանք բավականաչափ լուրջ թվեր էին: Այդ իսկ պատճառով գովազդը սկզբում ունեցավ լուրջ ծաղկում, բայց հետո կամաց-կամաց սոցիալական գովազդի արտադրությունը մարեց, որովհետեւ միջազգային կառույցները մտածում էին` ինչո՞ւ պատրաստել եւ պահել դարակներում, եթե այն չի տարածվում, եւ հասարակությունը դրանից չի շահում: Այսօր, չասեմ` զրոյական, բայց շատ ցածր հիմքերի վրա է դրված այն: Ժամանակ առ ժամանակ որոշ պետական, կառավարական կառույցներ ինչ-որ ակցիաներ անում են, ինչ-որ հոլովակներ կամ պաստառներ են հայտնվում, բայց սոցիալական գովազդի հետ կապված պետական քաղաքականություն չկա: Երկու տարի առաջ եղավ վարչապետի հրամանը` Հայաստանում մշակել սոցիալական գովազդի զարգացման հայեցակարգ: Ես, քանի որ երկար ժամանակ`1998-ից, զբաղվում եմ սոցիալական գովազդով, եւս ներգրավվեցի հայեցակարգի մշակմանը: Մշակույթի նախարարության հետ համատեղ մշակվեց հայեցակարգ եւ ներկայացվեց ՀՀ կառավարություն: Այնտեղ մի քանի անգամ պտտվելուց հետո դիտողությունները հաշվի առնվեցին, ու ձեւավորվեց բավականին լավ հայեցակարգ: Բայց, ցավոք, վերջնական հաստատում չեղավ, որպեսզի մտներ ԱԺ` օրենսդրական բարեփոխումներ անելու եւ սոցիալական գովազդը զարգացնելու ուղղությամբ: Զարգացած երկրներում այն պետության հոգածության առարկա է: Ամբողջ պատվերի 60-80 տոկոսը պետությունը վերցնում է իր վրա: Կա երկու մոտեցում` կամ պետությունը դրա պատրաստումն ու տարածումը վերցնում է իր վրա, կամ միայն պատրաստում է, իսկ տարածման պարտավորությունն անվճար դնում է հեռարձակողի վրա` որպես սոցիալական պարտավորության խնդիր: Հայաստանն ընտրել էր երկրորդ մոտեցումը, երբ ամբողջ ծախսերն իր վրա է վերցնում պատվիրատուն, որի դերում կարող է հանդես գալ եւ՛ պետությունը, եւ՛ անհատը, եւ՛ միջազգային կառույցը: Սա մեր օրենքում հստակ ձեւակերպված է: Երբ գործը հասնում է անվճար տարածելուն, լուրջ խնդիր է առաջանում, քանի որ, երբ օրենքով 1 ժամի համար գովազդի համար տրված է 14 րոպե ժամանակ, ապա չենք կարող հեռարձակողին զրկել իր շահույթից, քանի որ նա րոպեներն օգտագործում է վճարովի գովազդի համար: Բացի դա, հեռարձակողը պետք է նաեւ հարկեր մուծի պետությանը այդ տեսահոլովակների համար, իսկ այդ դեպքում ստացվում է, որ նա կրկնակի է տուժում: Նոր հայեցակարգով, սակայն, առաջարկվում էր գովազդային ժամանակից դուրս, սեփական հաղորդումների հաշվին մեկ ու կես րոպե տրամադրել անվճար սոցիալական գովազդին: Այս դեպքում հեռարձակողը չէր տուժում, քանի որ պատրաստման համար ծախս չէր անում: Բնականաբար` հարկ էլ չէր վճարում: Նոր հայեցակարգով երեք օրենքներում պետք է փոփոխություն արվեր («Գովազդի մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Հարկերի եւ տուրքերի մասին» օրենքներում): Սակայն դարձյալ խնդիրներ են առաջանում` կոռուպցիոն ռիսկերը մեծ են. ո՞վ պետք է որոշի` սոցիալակա՞ն գովազդ է, թե՞ ոչ: Դրա լուծումը կլիներ հանձնաժողովի ստեղծումը` բաղկացած կառավարության անդամներից, հ/կ-ների ներկայացուցիչներից եւ հեռարձակողներից: Մոտավորապես մեկ տարի առաջ, որպես գործընկերներ, աշխատեցինք Մոսկվայի համապատասխան կառույցների հետ` պատրաստելու նմանատիպ փոփոխություններ` սոցիալական գովազդի հետ կապված: Հայաստանը` ի դեմս ինձ, բավականին լուրջ աջակցություն ունեցավ այդ նոր հայեցակարգի մշակման մեջ: Ցավով եւ ուրախությամբ պետք է նշեմ, որ իրենց մոտ հայեցակարգը ոչ միայն անցել է, այլ նաեւ գործում է: Նրանք սկսել են այն փորձարկել նույն մոտեցումներով, ինչն առաջարկվել էր մեր կառավարությանը: Իսկ հայկական սոցիալական գովազդի դաշտը, առանձին անհատների մակարդակով, գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա: Միջազգային լուրջ փառատոների ժամանակ բազմաթիվ մրցանակներ ենք ստացել: Բովանդակության եւ խնդիրների բարձրացման առումով մենք լավ պոտենցիալ ունենք, բայց այսօր այն լիարժեք չի օգտագործվում: Մնում է միայն իրավական դաշտը կարգավորել: Դա կլինի շատ լուրջ առաջընթաց թե՛ պետության, թե՛ հասարակության համար:
– Ներկա օրենսդրության պայմաններում ինչպիսի՞ զարգացում կարող է ունենալ սոցիալական գովազդը:
– Ոչ մի զարգացում չի կարող ունենալ: Միակ զարգացումն այն կլինի, որ պետությունն իր վրա վերցնի եւ՛ պատրաստման, եւ՛ տարածման ամբողջ ֆինանսավորումը: Դա արեւմտյան պետությունների մոդելն է: Մեր երկրի համար մի քիչ բարդ է, քանի որ չունի այդ միջոցները, թեեւ, կարծում եմ, որ կարող է ունենալ: Յուրաքանչյուր նախարարություն կարող է իր ներսում ստեղծել հնարավորություններ` իր տարեկան բյուջեում առանձին տողով ունենալով սոցիալական գովազդի համար միջոցներ: Եվ անպայման դա իրականացնել, վերահսկել, չափել ազդեցությունը: Խնդիրը միայն հեռարձակելը չէ, այլ հսկումն ու ազդեցության գնահատումը: Իմ երազանքն է Հայաստանում հիմնել սոցիալական գովազդի դպրոց-լաբորատորիա, որը կկրթի եւ՛ պատվիրատուին (ինչպես ձեւավորել պատվերը), եւ՛ պատրաստողին, եւ՛ վերահսկողին` ազդեցությունը գնահատողին: Այն պետք է լուրջ հետազոտական կառույց լինի, որպեսզի վերլուծի, արդյունքներ ստանա եւ խորհուրդներ տա: Կարծում եմ, որ սոցիալական ցանկացած բարեփոխում առաջնահերթ ինձ է պետք, ես դա ուրիշների համար չեմ անում: Ցանկացած ոք իր գործունեությունը ծավալում է միմիայն ինքն իր համար: Եթե ասում եմ` Երեւանը մաքուր պահեք, ես ուզում եմ մաքուր քաղաքում քայլել, եթե ասում եմ` հարգալից եղեք, ուզում եմ, որ իմ հանդեպ հարգալից լինեն: Եթե յուրաքանչյուր անձ, լինի պաշտոնյա թե ոչ, այսկերպ մոտենա հարցին, որ` ամեն ինչ արվում է իր համար, ապա սոցիալական եւ մյուս հարցերին էլ այլ կերպ կմոտենա: Ճիշտ էգոիզմի ձեւավորման խնդիր կա: Պետք չէ առանձնացնել քեզնից` ինչ-որ մեկի համար: Ո՛չ: Եթե հարցերին այս փիլիսոփայությամբ մոտենա մեզանից յուրաքանչյուրը, մենք կունենանք փայլուն երկիր:
Գայանե ԼԱԼԱՅԱՆ