«Գեղանկարչության մեջ պատվիրատուն ես եմ»,- ասում է նկարիչ, դիզայներ Շամիր Շահիրյանը

12/05/2012 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մայիսի 13-ին Խանջյան 13ա հասցեում գտնվող Երգի պետական թատրոնի դահլիճում տեղի կունենա գեղանկարիչ, դիզայներ Շամիր Շահիրյանի ցուցահանդեսը, որն իր մատուցման ձեւով բավականին ինքնատիպ է լինելու: Ցուցահանդեսի էքսպոզիցիան արդեն հուշում է, որ

Շ. Շահիրյանի արվեստը ներկայացվելու է ոչ ավանդական ֆորմատով: Նախ` բացման արարողության ժամանակ կիրառվելու են տեխնիկական հմտություններ. դահլիճի դատարկ բեմահարթակի շրջակայքում ակնթարթորեն հայտնվելու են թաքնված նկարները: Ինքը` նկարիչը, չի ցանկանում բացահայտել ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ սպասվող անակնկալը, քանի որ դիտողի համար այն պետք է մնա գաղտնիք: Վերջին մեկ տարվա ընթացքում կատարված նրա ստեղծագործությունները ցուցադրվում են նկարչի 50-ամյակի կապակցությամբ: 1995թ. Շ. Շահիրյանը ցուցադրվել էր Կամերային թատրոնում, որից հետո նա ավելի շատ զբաղվում էր դիզայներական գործունեությամբ: Ընդհանրապես թատրոնում ցուցադրվելը բավականին հետաքրքիր միջավայր է ստեղծում: Գալերեայի սպիտակ պատի տարածության մեջ ու թատրոնի մթնոլորտում նկար դիտելը բոլորովին այլ ընկալումներ ու զգացողություններ է առաջացնում: Օրինակ` գալերեայում կտավը մենակ է ինքն իր ու դիտողի հետ, թատրոնում` կտավը` լինելով մենակ, այնուհանդերձ, ընկալվում է գեղագիտական փիլիսոփայության ամբողջական կոնտեքստով: Աբստրակտ, էսքպրեսիոնիստական գործերն ընդհանրապես հոգեւոր ներդաշնակության «տարածք» ստեղծելու ներուժ ունեն: Այսինքն` նկարն իր ողջ էսթետիզմով շրջապատված է թատերական, երաժշտական էսթետիկ պլատֆորմով: Գույնը` գույնի մեջ, գույնի մեջ գտնված գույնը, գծի ու ֆորմայի երեւակայական խաղը` մարդու ենթագիտակցության մեջ թողնելով հետքեր, այնուամենայնիվ, ապրելու են յուրաքանչյուր այցելուի ներաշխարհում: Այսինքն` ցուցահանդեսում ներկայացված գործերը վիզուալ տարածքից դեպի զգայական տարածք «սողոսկելու» հատկություն ունեն:

«50-ամյակն ուղղակի առիթ է իմ գործունեության հաշվետվությունը ներկայացնելու համար: Մասնագիտությամբ նկարիչ եմ, գեղանկարչությամբ վերջին մեկ տարին եմ զբաղվում, քանի որ դիզայներական աշխատանք եմ կատարել, բայց ամբողջ կյանքում եղել եմ նկարիչ: Այնտեղի թեմաները, խնդիրները նույնն են, ինչն առկա է գեղանկարչության ասպարեզում: Եթե նույնիսկ ցուցահանդեսի ընթացքում տխուր անակնկալներ լինեն` դրանք անակնկալներ չեն լինի, որովհետեւ ես պատրաստ եմ: Դիզայնի ոլորտում խնդիրներ ունեցել եմ, բայց գեղանկարչությունը քեզ աննկարագրելի ազատություն է տալիս: Դու ես, քո վրձինն ու կտավն է, ինչ ուզում` անում ես: Դու ինքդ քո պատվիրատուն ու պատասխանատուն ես: Ազատությունը գեղանկարչության ամենամեծ առավելությունն է»,- ասում է Շ. Շահիրյանը, ով նաեւ Մնջախաղի թատրոնի գլխավոր նկարիչն է: Այնուամենայնիվ, կարեւորելով մասնակիցների «ծափահարությունները»` Շ. Շահիրյանը կերպարվեստի նկատմամբ անտարբեր մեր հասարակությունից առանձնապես սպասելիքներ չունի եւ ողբերգություն չի ապրի, եթե մարդկանց հետաքրքրությունը չշարժվի:

«Մասնագետը նա է, ով գիտի` ինչ չի կարելի անել»

Շ. Շահիրյանը նաեւ եղել է «Հայրենիք» հեռուստաընկերության գլխավոր նկարիչը եւ այսօր էլ` իրականացնում է որոշ հաղորդումների տաղավարների ձեւավորումը: Ընդհանրապես համարում է, որ հեռուստատեսությունը պետք է ունենա գլխավոր նկարիչ եւ դիզայներական խումբ, հակառակ դեպքում` ունենում ենք այն, ինչն այսօր ունենք: «Այսօր ոչ ոք չի մտածում կոնկրետ հեռուստաալիքի հեղինակության մասին, մինչդեռ իրականում` ալիքը փոխելիս, առանց անկյուններում լոգո փնտրելու, մարդը պիտի ճանաչի տվյալ հեռուստաալիքը: Դա ապահովում է նկարիչը, դիզայնը, բայց որեւէ հեռուստաընկերություն չունի մշտական աշխատող, աշխատանքներին հետեւող նկարիչ: Հեռուստատեսությունում այդ գործով զբաղվում են ոչ մասնագետները, որի արդյունքում ոչ մի հեռուստաընկերություն իր դեմքը չունի: Մինչդեռ մասնագետը նա է, ով գիտի, թե ինչ չի կարելի անել: Լավ մասնագետը գիտի, թե ինչ է կարելի անել, իսկ վարպետն արդեն գիտի, թե ինչպես է պետք անել: Պատվիրատուի հետ կոնֆլիկտներ միշտ լինում են այդ «չի կարելի»-ների հետ կապված, որովհետեւ իմ եւ իրենց գեղագիտական ճաշակն ու պատկերացումներն այլ են»,- ասում է Շ. Շահիրյանը` նկատելով, որ հեռուստաընկերությունների միակ մտահոգությունը բիզնեսն է, որի արդյունքում ստեղծագործական դաշտ, վիզուալ ճաշակ գոյություն չունի: Ինչ վերաբերում է հեռուստադիտողին, ապա, ըստ նրա` հեռուստադիտողին մեր հեռուստաընկերությունները սովորեցրել են անճաշակության հետ հաշտվելուն, ինչի արդյունքում` գնալով ավելի անորակ ու հակագեղագիտական վիզուալ ինֆորմացիան ընկալվում է միանգամայն օրինաչափ երեւույթ: «Դա վերաբերում է ոչ միայն դիզայնին, այլեւ ռեժիսուրայի, սցենարիստների մասնագիտության տեր մարդկանց աշխատանքին: Ոչ մասնագիտական աշխատանքի արդյունքում դեգրադացվում է մի ողջ հասարակություն: Մենք առանց մտածելու փակում ենք մանկական եւ մշակութային հեռուստաալիքը, այսինքն` կոնկրետ ուղղվածությամբ միակ հեռուստաալիքը: Երկու ծառի կռիվ ենք տալիս, բայց երեք միլիոնանոց ժողովրդի բոլոր երեխաներին ուղղակի արհամարհում ենք: Ես մի քանի երեխա գիտեմ, ովքեր սթրես են ապրել դրանից: Ուզում է միացնել այդ ալիքը, բայց չկա»,- ասում է Շ. Շահիրյանը: Այնուամենայնիվ, համարում է, որ թեեւ մանկական հեռուստաալիքը որակական առաջընթաց չէր արձանագրում, բայց փակելու փոխարեն` պետք էր նոր գաղափարներ կյանքի կոչելու հնարավորություն տալ: Մինչդեռ, մենք բոլոր ոլորտներում կատարում ենք ճիշտ նույն քայլերը` փակել, վերացնել, քանդել կամ ոչնչացնել: «Օրինակ` ես ահավոր ատում եմ Հյուսիսային պողոտան, մեռած գոտի, բետոնե մի կույտ է: Բայց եթե վաղը պողոտան քանդելու հարց լինի` ես դրան դեմ եմ լինելու: Ընդհանրապես ես դեմ եմ ցանկացած բան քանդելուն: Այ, այդ քանդելու հակումը բերել է նրան, որ այսօր ոչինչ չունենք: Նույն Հյուսիսային պողոտան կոնկրետ ժամանակաշրջանի կոնկրետ սիմվոլ է, որին ձեռք տալ չի կարելի: Վատ սիմվոլ է, ուրեմն` որպես վատ ժամանակաշրջանի արձանագրություն, թող լինի: Պետք չէ դրան ձեռք տալ, նույնիսկ, եթե ահագին մարդու այդ հիշողությունը ցավ է պատճառում: Սխալ են արել, որ կառուցել են, բայց ավելի մեծ սխալ կլինի նաեւ քանդելը»,- նկատում է Շ. Շամիրյանը:

«Երեւանում հիմա ես ինձ տուրիստի պես եմ զգում»

Վաղը Շ. Շամիրյանը կտոնի իր 50-ամյակը այն քաղաքում, որտեղ իրեն վերջին տարիներին ինքնաթիռից նոր իջեւանած զբոսաշրջիկի պես է զգում: Փոխվել է քաղաքը, փոխվել են մարդիկ, իսկ ամենավառ հիշողությունը` քաղաքի ցայտաղբյուրները, այլեւս չկան, որովհետեւ հիմա շշալցված ջրերի բիզնեսը զորեղ է ամեն տեսակի հիշողություններից ու քաղաքային կոլորիտից: «Մեր քաղաքում ես ինձ շատ անհարմարավետ եմ զգում: Ահավոր անհարմարավետ եմ զգում, երբ շաբաթ-կիրակի օրերին Երգի թատրոնից դուրս եմ գալիս ու բախվում եմ Վերնիսաժի տեսարանին, որի ներկայիս բնորոշումը քրջանոց է, ոչ թե Վերնիսաժ: Ես մեծ սթրես եմ ապրում յուրաքանչյուր գետնանցման մեջ հայտնվելով: Ես տեսել եմ իսկական Երեւանը, իսկ այսօր մենք ամեն օր հանդիպում ենք գյուղական բազարի: Քաղաքի ընդհանուր մտածելակերպը փոխվել է»,- ասում է Շ. Շահիրյանը` համարելով, որ իրենցից արժեք ներկայացնող մարդիկ Հայաստանից հեռացել են` մնացածին տալով մեծ ազատություն: Նա հիշում է, թե ինչպես էին «իսկական Երեւանում» օտարերկրացիները շրջում ու իրենց առաջին տպավորությունը հայտնում քաղաքի ցայտաղբյուրների «մշակույթի» մասին: Ցայտաղբյուրը Երեւանի «բրենդն» էր: «Կարապի լճի մոտ երկհարկանի ցայտաղբյուր կար` երեխաների եւ մեծերի համար: Ով այդ ցայտաղբյուրի մոտ լուսանկար ուներ` համարվում էր երեւանցի (ծիծաղում է.- Լ.Ս.): Այսինքն` երեւանցու անձնագիրն այդ ցայտաղբյուրի մոտ լուսանկարն էր: Իմ սերնդակիցներից բոլորն էլ պարտադիր ունեն այդ լուսանկարից: Մենք անձնագրով երեւանցի ենք»,- ասում է նա:

Առհասարակ, Շ. Շահիրյանը շատ չի ցանկանում խոսել այն միջավայրի մասին, որն արվեստում, հեռուստատեսությունում կամ առհասարակ քաղաքում է: Նկարչի խոսքը վրձինն է, որը լավ ու վատ էմոցիաներով կտավին է հանձնում մարդու զգայական դաշտի ողջ ինֆորմացիան: