Գրեթե խարմսաբար

03/12/2005 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Անցած տարի պատվերով մի գործ թարգմանելիս դեմ առա «էվոլյուցիա» շատ հայտնի բառին ու որոշեցի դա էլ անպայման թարգմանել, քանի որ պատվիրատուն գործն ինձ էր վստահել ու ինձ էր տվել պատվերը։ Բառարան բացելն իմաստ չուներ։ Առանց բացելու էլ գիտեի, որ այնտեղ «էվոլյուցիայի» դիմաց նույն բառն է գրած լինելու։ Ու չնայած պատվիրատուն դժվար թե բողոքեր էվոլյուցիան էվոլյուցիա թողնելու համար, այդուհանդերձ որոշեցի համառել ու գտնել դրա հայերեն համարժեքը։

Ընդհանրապես թարգմանելը բարդ, բայց հաճելի գործ է, որի ընթացքում հասկացությունները խորությամբ ուսումնասիրելու բազմաթիվ առիթներ են լինում։ Մինչեւ անգամ ստիպված ես լինում վերանայել աշխարհայացքդ, հրաժարվել որոշակի կաղապարներից ու կլիշեներից։ Եվ ուրեմն, օրինակ, «էվոլյուցիա» բառի համարժեքը փնտրելիս ինչ ասես կարող է անցնել մտքովդ։

Առաջինը, չգիտեմ ինչու, «կապկագնացություն» հորինովի բառը եղավ։ Դե, այնքան էլ հորինովի չէր, ավելի շուտ կարելի է ասել՝ պատճենված։ Պատճենված էր դպրոցական դասագրքի այն էջից, որտեղ խոսվում էր Չարլզ Դարվինի «Էվոլյուցիոն տեսության» մասին։ Եթե հիշում եք, այդ դասը ձեւավորված էր «կապիկ-մարդ» ճանապարհի նկարագրությամբ։ Գետնաքարշ կապիկը` բարձրանալով ու երկու ոտքի վրա կանգնելով, զատվեց մնացյալ կենդանական աշխարհից եւ դարձավ մարդ։

Նկարում պատկերված ընթացքը, սակայն, ոչ դպրոցական տարիներին եւ ոչ էլ, առավել եւս, թարգմանություն անելու այդ պահին ինձ ոչ մի երաշխիք չէր տալիս, որ դիդակտիկ նյութի վերջին հերոսն էլ կապիկ չէ, որովհետեւ երկու ոտքի վրա կանգնելը բանականության բավարար ապացույց չէ։ «Կապկագնացություն» բառն անշուշտ դուր չէր գալու պատվիրատուիս, եւ ես շատ երկար չկանգնեցի դրա վրա, հատկապես, որ թարգմանվող նյութի ենթատեքստն այլ էր։ Այնտեղ, եթե ճիշտ եմ հիշում, խոսք էր գնում կավագործությունից մետաղագործության անցնելու մասին։

Հաջորդ տարբերակը հարափոխությունն էր, որն առաջ եկավ իբրեւ հեղափոխության հականիշ։ Դարվինի տեսության ազդեցությունն այստեղ էլ կար, քանզի նրա նախանշած ընթացքն, ի հակադրություն հեղափոխության, ավելի երկար է ու ձանձրալի։ Եթե Դարվինի դեպքում կապիկը գնում-գնում-գնում ու մի օր դառնում է մարդ, ապա հեղափոխությունը մարդուն կապիկ եւ կապկին մարդ է դարձնում օրերի ընթացքում։

Այս այլափոխությունն, ի դեպ, որպես դավանանք դրված էր հեղափոխականների շատ սիրելի «Ինտերնացիոնալ» երգում, ուր բառացիորեն ասվում էր. «Կտո բիլ նի չեմ, տոտ ստանետ վսեմ»։ Եվ ուրեմն, օրինակ, ասենք` շուկայի սայլորդ Կապիկ Գվոն, հեղափոխության հրապարակներում մի-երկու անգամ երեւալուց հետո շատ արագ դառնում է Գվիդոն Վոլոդյաեւիչ։ Ոչինչ, որ նա իր նորանորոգ կաբինետում երբեմն-երբեմն հին սովորությամբ թքում է գետնին եւ ոչինչ, որ իր տասնյակ հազարներ արժեցող մեքենայով երթեւեկելիս այնպես երկար ու համառ է ազդանշան տալիս, ասես բազարի դախլեքի միջակայքում սայլակը հրելով «Ճամփա, ճամփա» գոռալիս լինի։

Հիմա այս Գվիդոն Վոլոդյաեւիչը ձեր կարծիքով ինչքա՞ն պիտի մնար Կապիկ Գվո եւ ինչքա՞ն պիտի սայլորդություն աներ, որ կայանար Դարվինի հայտնի տեսությունը։ Կամ ինչո՞ւ նա, հենց նա՛ պիտի դառնար այդ չստուգված տեսության զոհը կամ զոհերից մեկը։ Ճիշտ է, երեխա ժամանակ հայրը մի քանի անգամ հորդորել էր. «Գվո, լավ սովորի, որ մարդ դառնաս», ինքն էլ արդարացել էր, թե «Հաշվել գիտեմ, ստորագրության տեղն էլ խաչ կդնեմ», բայց մտքով երբեք չէր անցել, թե մարդ դառնում են առանց նախապայմանների։ Եվ հիմա էլ չի անցնում, քանզի շուկայի իր սայլակը լավության կարգով տվել է մանկության ընկերներից մեկին, ով առավոտից իրիկուն սովորելով ցատկոտում էր «դպրոց-համալսարան-ասպիրանտուրա» աստիճաններով։

Հարափոխությունն ուրեմն վրիպումներ ունի, եւ ամենեւին էլ հեղափոխության հականիշը չէ։ Հեղափոխության հականիշը հեղափոխություն չանելն է։ Հեղափոխության հականիշն անգամ սահմանադրության բարեփոխումների հանրաքվեն չէ, որովհետեւ Գվոն «Կապիկ Գվո» կամ «Գվիդոն Վոլոդյաեւիչ» է լինում ոչ թե` համաձայն սահմանադրության այս կամ այն դրույթի, այլ` պարզապես եւ հետեւաբար։

Հետո մտքովս անցավ «հարաճ» բառը, բայց միանգամից հրաժարվեցի, որովհետեւ աճը զարգացման հետ ոչ մի կապ չունի: Օրինակ՝ կարող է հար աճ լինել, բայց այդպես էլ ոչ մի զարգացում չլինի: Այսինքն՝ աճը կարող է լինել երկայնակի եւ ոչ թե քայլ առ քայլ, ինչպես լուսահոգի Դարվինն էր փորձում ներկայացնել մարդու առաջացումը: Այս դեպքերում մեր ժողովուրդն ասում է «էշ կերած, էշ մեծացած», հավանաբար նկատի ունենալով կերակուրի անկախությունն ուտողի նախասիրություններից, ճաշակից ու մինչեւ անգամ ախորժակից:

Կամ էլ մեր իմաստուն ժողովուրդն առաջ է քաշում ուղղահայաց զարգացման տարբերակը, երբ, ասենք, հրապարակային հարթակների բարձրությունը հակադարձ համեմատական է լինում հավաքված ժողովրդի քանակին: Հիմա կասեք, որ բարձրությունն ուղիղ կամ հակադարձ համեմատական չի կարող լինել քանակին: Ձեր տարակուսանքը փարատելու համար ասեմ, որ մեր իրականության մեջ բարձրությունը ոչ միայն քանակին է լինում համեմատական, այլեւ` որակին:

Օրինակ՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մասնակիցների թիվը հակադարձ համեմատական եղավ փողոցների դատարկությանը, բայց դա չխանգարեց, որ «այո» ասողների քանակը հակադարձ համեմատական լինի հասարակության հիասթափության աստիճանին կամ ուղիղ համեմատական լինի ոչ հեռավոր անցյալում «Ռուսաստան-Բելառուս» դաշինքին միանալ փափագողների ձգտումներին:

Եթե այս ամենը ժամանակին իմանար լուսահոգի Չարլզ Դարվինը, հավանաբար խորհուրդ կտար լուսահոգի Ալբերտ Էյնշտեյնին` քիթը չխոթել հարաբերականության տեսության մեջ, եւ ինձ էլ խորհուրդ կտար զբաղվել միայն թարգմանությամբ եւ չմտնել հասկացությունների իմաստների խորքերը, այն էլ` Հայաստանի նման երկրում, որտեղ ժամանակն ուղիղ համեմատական է հոտին, իսկ հոտը հովվի ետեւից տարածվում է դեպի Եվրոպա: