Կառավարության այսօր կայանալիք նիստում որոշում է ընդունվելու սոցիալապես անապահով ընտանիքների սպառած գազի սուբսիդավորման ժամկետը եւս մեկ տարով երկարաձգելու մասին: Ըստ այդ որոշման նախագծի, մինչեւ 2013թ. ապրիլի 1-ը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից անապահով ընտանիքներից 300 խմ բնական գազի քանակության համար վճարումները կգանձվեն հաստատված սակագնից (1000 խմ-ի դիմաց` 132.000 դրամ) նվազեցված սակագնով (1000 խմ-ի դիմաց 100.000 դրամ): Սակագների տարբերության գումարը «ՀայՌուսգազարդին» փոխհատուցվում է ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների վերազինման, օպտիմալացման եւ բարեփոխումների արդյունքում առաջացող շահույթի հաշվին: Անկհայտ է, որ կառավարությունը երկարաձգում է բազմիցս քննադատության արժանացած այս պոպուլիստական որոշման ժամկետը` հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններից առաջ անապահով խավի դժգոհությունը մեղմելու նպատակով: Եթե հաշվի առնենք, որ նախընտրական շրջանը համընկնելու է տարվա «ամենաաղքատ» շրջանի` հունվար-փետրվարի հետ, ապա այս քայլը շատ կարեւոր է իշխանության համար: