Եվ այսպես, մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում ձայների նվազագույն շեմը հաղթահարած բոլոր ուժերը գնալու են խորհրդարան` անկախ ընտրություններին տրված նրանց «սահմռկեցուցիչ» գնահատականներից: Գնալու են, որ ԱԺ ամբիոնից «օր ու արեւ» չտան ընտրությունները կեղծած իշխանություններին: Եվ ՀԱԿ-ը, եւ ՀՅԴ-ն, եւ «Ժառանգությունը» տարբեր տոնայնությամբ, տարբեր ձեւակերպումներով, սակայն արձանագրել են, որ ընտրություններն անցել են աննախադեպ կեղծիքներով: Արձանագրել են, սակայն որեւէ մեկը չի հրաժարվել ոչ լեգիտիմ խորհրդարանում իր «լեգիտիմ մասնաբաժինն» ունենալու հնարավորությունից: Ընդ որում, բոլոր այդ ուժերը պատգամավորական մանդատները վերցնելու իրենց որոշումը ներկայացնում են որպես մեծագույն զոհողություն` հասարակության առաջ, քանի որ ԱԺ են գնում իրենց «պայքարը շարունակելու համար»: Այսինքն` ծառայում են ժողովրդին: Ասվածն ամենեւին չի նշանակում, թե ընտրությունների արդյունքները բոյկոտելն ամենաարդյունավետ եղանակն է: Սակայն, եթե այս ուժերն իրականում համարում են, որ ընտրությունները կեղծվել են, եւ պայքարում են իշխանությունների դեմ, ապա խորհրդարան չգնալով` նրանց պայքարն ավելի առարկայական կարող էր դառնալ, իշխանության ամենաթողությունն ավելի կզսպվեր, քան ԱԺ ամբիոնից ունենալիք նրանց «կրակոտ» ելույթների արդյունքում: Իշխանությունն ընտրությունները կեղծել է այնքան համակարգված ու անթերի, որ արժանացել է միջազգային հանրության բարձր գնահատականին: Հիմա իշխանությանը պետք են «ազատ եւ խաղաղ ընտրությունների» արժեքը փաստող հետագա ատրիբուտներ: Քաղաքական 6 ուժերի ներկայությունն ԱԺ-ում դրանցից մեկն է: Իսկ եթե այդ ուժերը նաեւ խստորեն քննադատում են իշխանությանը, այդ քննադատությունը հեռարձակվում է արդեն «ազատ» հեռուստաեթերում, իշխանությունը դառնում է է՛լ ավելի ժողովրդավար, է՛լ ավելի հանդուրժող: Եվ այդ «որակներով» ընդամենը մի քանի ամիս հետո իշխանությունը կգնա նախագահական ընտրությունների: Այսինքն` իրականում ԱԺ գնալով ընդդիմադիր ուժերը ծառայում են ոչ թե ժողովրդին, ինչպես իրենք են ներկայացնում, այլ իշխանության «ժողովրդավարական կերպարի» կերտմանը: Այդ իմաստով` խորհրդարանական ուժերն արդեն դառնում են ոչ այնքան քաղաքական, որքան իշխանական համակարգի բաղկացուցիչներ: Ինչպիսին էր ու է՛ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որքան էլ ՀԱԿ-ը նրան փորձում էր առանձնացնել իշխանությունից: Ընտրություններից հետո ԲՀԿ-ականների երկակի վարքագիծը վկայում է ընդամենն այդ նույն իշխանական համակարգի նոր իրողություններում ավելին ստանալու մարտավարության մասին: ՕԵԿ-ի մասին այս համատեքստում խոսելն անիմաստ է, քանի որ այն իշխանական համակարգում իր դերը կատարելու է այն դիրքով, որը տվյալ պահին պետք կլինի ՀՀԿ-ին: Այս պայմաններում խորհրդարանական ընդդիմությունն իրականացնելու է այնպիսի գործառույթ, ինչպիսին, ասենք, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը, Հանրային խորհուրդը… Դրանք եւ էլի շատ ինստիտուտներ, լայն իմաստով, կազմում են Հայաստանի իշխանության «արտաքին տեսքը», միջազգային դիտորդների բարձր գնահատականների երաշխիքը: Այս իրավիճակում նույն այդ միջազգային հանրությունը կարող էր սթափվել միայն մի դեպքում` եթե ընտրություններին մասնակցած ոչ իշխանական ուժերը, անկախ մինչ այդ ունեցած գաղափարական եւ այլ տարաձայնություններից, բոյկոտեին ԱԺ-ն` դրանով ցույց տալով, որ Հայաստանում հաստատվել է «եվրոպական չափանիշներին համապատասխանող» մենիշխանություն: Հակառակ պարագայում` իրենց ապագա գործառույթներով խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերն իրականում կատարելու են ոչ թե իշխանության «հաճախորդի» (ինչպես ընդունված է իշխանական բառապաշարում), այլ իշխանության սպասավորի դեր: Առանձին-առանձին կամ միասնաբար: Դառնալով իսկական «միավորված հայեր»: