«Լինելու են այնպիսի փոփոխություններ, որ մեր ժողովուրդն իր կյանքում զգա. մեր ժողովրդի կյանքը բարելավվելու է: Բոլորի»,- երեկ «Հաղթանակ» զբոսայգում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով լրագրողների հարցին, թե Հայաստանում կլինե՞ն դրական փոփոխություններ, ինչպես ՀՀԿ-ն էր խոստացել իր` «Հավատանք, որ փոխենք» նախընտրական կարգախոսում: Ի դեպ, Տ.Սարգսյանը Հայրենական Մեծ պատերազմի վետերանների հետ ճաշելիս` խոստացել է նրանց հետ լինել նաեւ 2013թ., մայիսի 9-ին: Մեր թղթակցի հարցին, թե մեկ տարի հետո ինքը կրկին վարչապետ կլինի՞, այսպես է պատասխանել. «Անպայման: Իսկ դու, ինչ է, կասկածո՞ւմ ես»: Մինչդեռ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն այդքան վստահ չէ, որ Տ.Սարգսյանը կշարունակի մնալ վարչապետի պաշտոնում: Հարցին, թե հնարավո՞ր է` ներքաղաքական պայմանավորվածությունների արդյունքում ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնը զիջի ԱԺ-ում 35 տոկոս ունեցող ԲՀԿ-ին, նա պատասխանել է. «Դա կարող է լինել քաղաքական պայմանավորվածությունների հետեւանքով: Այս դեպքում պետք է արդեն նպատակահարմարությունը տեսնել»: