«ՀԱԿ-ը Լեւոն Տեր-Պետրոսյանից լավ նախագահի թեկնածու չունի»,- երեկ հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը` պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե պատգամավորական մանդատից հրաժարվելուց հետո Տեր-Պետրոսյանը ինչպե՞ս է շարունակելու մնալ քաղաքականության մեջ, եւ արդյո՞ք 2013-ի նախագահական ընտրություններում կառաջադրի իր թեկնածությունը: «Նա շարունակում է մնալ ՀԱԿ-ի առաջնորդը, եւ եթե ինձ հարցնեք` ո՞վ է ամենահավանական թեկնածուն առաջիկա նախագահական ընտրություններում, ես կարծում եմ, որ այդ հարցն անվիճելի է Կոնգրեսի ներսում: Տեր-Պետրոսյանը շարունակում է լինել անվիճելի հեղինակություն, եւ ավելի լավ թեկնածու մենք չունենք»,- ասել է Զուրաբյանը, ով, ի դեպ, համարվում է 2013 թ. նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի եթե ոչ` «ամենահավանական», ապա` հավանական թեկնածուներից մեկը: Զուրաբյանը երեկ հերքել է նաեւ լուրերը, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է գլխավորելու ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցությունը: «Խմբակցությունն ինքը պետք է ընտրի խմբակցության ղեկավարին, եւ դրա մասին դեռ որեւէ խոսակցություն մեր մեջ չի եղել»,- ասել է նա:
Ի պատասխան հարցին, թե արդյո՞ք ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը եւս վայր է դնում մանդատը, Զուրաբյանը հիշեցրել է այդ մասին Սարգսյանի հրապարակային հայտարարությունները: «Դա մի իրողություն է, որ ինքն արդեն փաստել է: Նաեւ մեր խորհրդակցությունների ժամանակ, մեր կենտրոնական շտաբի նիստում, քաղխորհրդի նիստերում ինքը դրա մասին հայտարարություն արել է, որ պատրաստվում է մանդատը դնել»,- ասել է Զուրաբյանը` հավելելով, որ ընտրություններից հետո Սարգսյանի հետ այդ հարցով որեւէ խոսակցություն չի ունեցել: Նշենք, որ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն առայժմ հրաժարվում է այդ թեմայի շուրջ մեկնաբանություններից: