Ում են հավատում հայերը

03/12/2005 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

«Ես պարտավոր եմ փոխանցել ուրիշներին այն ամենն, ինչ ինձ պատմում են, սակայն հավատալ այդ ամենին` ամենեւին պարտավոր չեմ»:
Հերոդոտ, հին հունական պատմաբան

Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ ի սկզբանե հակված է հավատալ բոլորին եւ այն ամենին, ինչ տեսնում եւ լսում է: Օրինակ, երեխան երբեք չի կասկածում իր ծնողին, երբ վերջինս նրան խոստանում է խաղալիք գնել, որպեսզի երեխան մի գդալ ճաշ ավելի ուտի: Չեմ կարող ստույգ ասել, թե ինչն է դառնում մարդկանց կասկածամտության պատճառը: Սակայն հաստատ կարող եմ ասել, որ որոշակի տարիքից բոլոր մարդիկ էլ սկսում են չհավատալ, կասկածել եւ անվստահությամբ վերաբերվել շրջապատին: Իսկ դրա համար առիթներ՝ ինչքան ուզեք… Երբ բժիշկներն ասում են, որ ծխելը վնաս է առողջությանը, բայց իրենց մեծ մասը ծխող է, ապա, համաձայնեք՝ դժվար է նրանց հավատալ: Երբ ծնողն իր երեխային ասում է՝ «լավ սովորի, որ լավ ապրես», սակայն երեխան իր աչքերով տեսնում է, որ մեր օրերում լավ ապրելու համար պարտադիր չէ լավ սովորել, այլ ընդամենը կարելի է «լավ սապոնվել», հետո այդ երեխային «յոթը փետով ծեծես» էլ, միեւնույն է, հակառակը չես ապացուցի: Երբ «հաբռգած ժողովրդավարները» հայտարարում են, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, սակայն այդ նույն «բոլորը» տեսնում են, որ «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր», ապա հասկանալի է դառնում, որ այդ «օրենքը» ընդամենը թղթի վրա խզբզած թանաքի հետք է: Եվ այդ «բոլորից» յուրաքանչյուրը, «թքած ունենալով բոլոր տեսակի օրենքների վրա», ձգտելու է ամեն գնով դառնալ ուժեղ: Երբ հեռուստալրագրողը՝ փողոցում կանգնող պետավտոտեսուչի հայացքով, եթերից ինչ-որ բան է ասում, իսկ հետո, սեղանի շուրջ, հաղթանակած գեներալի հայացքով լրիվ հակառակն է պնդում, ապա կարելի է ընդամենը ծիծաղել: Հայերը երկար տարիներ հավատում էին ռուսներին: Հետո մի պահ սկսեցին կասկածել: Չգիտես` ինչո՞ւ, Վրաստանից եւ Ուկրաինայից հետո մենք սկսեցինք հավատալ ամերիկացիներին: Հանրաքվեից հետո բոլորը հասկացան, որ «ամերիկացի»-ն լայն հասկացողություն չէ, այլ շատ լայն… Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ եվրոպացիները ոչ մի կերպ չեն կարող հասկանալ, թե ինչու են հայերն ուզում` մեկ՝ ռուսներին, մեկ՝ ամերիկացիներին հավատալով, մտնել Եվրամիություն: Բացատրեմ: Որովհետեւ նրանց մտքով անգամ չի կարող անցնել, որ այստեղ շատերը «մտնել» ասելով, լրիվ ուրիշ բան են հասկանում: Իսկ Եվրամիությունն այդ շատերի համար Ռուսաստան – Ամերիկա շարքի շարունակությունն է: Մենք միշտ գլուխ ենք գովում, որ Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին ազգն ենք: Եվ 2001թ., ի ցույց աշխարհի, մենք նշեցինք այդ տոնի 1700-ամյակը: Բոլորը տեսան: Ով չգիտեր՝ իմացավ: Ու հիմա, այդ տոնակատարությունից մի քանի տարի անց, նրանք այդպես էլ չեն կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ է դեռ 4-րդ դարի սկզբում հեթանոսությունից հրաժարված այս ազգը նորից բռնել հեթանոսության պոչը: Նրանք հասկանում են, որ մերոնց մի մասն Ամերիկան դիտում է որպես փողի կամ գրանտների աստված, իսկ մյուս մասը՝ հեղափոխությունների աստված: Մի մասը Ռուսաստանն ընդունում է` որպես զենք-զինամթերքի կամ պաշտպանության, իսկ մյուս մասը՝ որպես գազի ու լույսի կամ մշակույթի աստված: Եվրոպան մի մասը դիտում է որպես ժողովրդավարության աստված, մյուս մասը՝ որպես միասեռականների բնօրրան: Մի մասը Թուրքիան դիտարկում է որպես դուշմանության աստված, իսկ մյուս մասը՝ առեւտրի: Մի մասը Չինաստանին վերաբերվում է որպես «միլիարդով բռակի» աստվածի, իսկ մյուս մասը՝ որպես «էժան ապրանքի»: Եվ այդպես շարունակ:

Իսկ հանրաքվեից հետո մեր ժողովուրդն այլեւս չի հավատում ոչ մեկին՝ ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, ոչ մտավորականներին (որովհետեւ մտավորականն այն մարդը չէ, որը հնարավորություն ունի Ծաղկաձորի Գրողների տանը տարին մի քանի անգամ «խալյավա հաց ուտելու»), ոչ դոլարին (որի գլխին Տիգրան Սարգսյանը «սեւ բերեց»):

Բայց ես լավատես եմ եւ հայ քրիստոնյա, ով հավատում է Աստծուն: Եվ եթե հազարամյակներ շարունակ մեր ազգը գոյատեւել է ու շատ ավելի վատ իրավիճակներից է դուրս եկել, ապա համոզված եմ, որ շատ շուտով այս համատարած կեղծ հավատքի մթնոլորտն իր տեղը կզիջի «իրար բաց ճակատով հանդիպելու» իրողությանը: