Ընտրություններից հետո, բնականաբար, ամենաակտիվ թեման խորհրդարան անցած ուժերի հնարավոր դաշինքները կամ կոալիցիաներն են:
Եվ այս առումով, բնականաբար, բոլորի ուշադրության կենտրոնում Հանրապետական կուսակցությունն է, որովհետեւ ընտրություններից հետո կրկին այդ ուժն է մեծամասնություն կազմել, եւ նրա կամքից է կախված իշխանական կոալիցիայի ձեւավորման հեռանկարը:
Իհարկե, ՀՀԿ-ն մեծամասնություն ստանալով` ապագա խորհրդարանում կարող է ինքնուրույն կառավարություն ձեւավորել: Սակայն 2013թ. նախագահական ընտրություններին ընդառաջ` իշխող կուսակցությունը, ավելի շուտ` ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, կցանկանա իր շուրջ «համախմբված տեսնել» խորհրդարանական եւս մի քանի ուժերի, որպեսզի նախագահական ընտրություններում իր հաղթանակն ավելի երաշխավորված ու հանգիստ լինի: Այս առումով քաղաքական դաշտի ամենամեծ ինտրիգը շարունակում է մնալ ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետագա համագործակցության հեռանկարը: Արդյո՞ք Ս.Սարգսյանը ԲՀԿ-ին նորից կհրավիրի կոալիցիա կազմել, կամ` եթե նման առաջարկ ստանա, արդյո՞ք ԲՀԿ-ն կցանկանա կրկին անդամակցել կոալիցիային: Չէ՞ որ ԲՀԿ-ն այս ընտրությունների արդյունքում ավելի շատ մանդատ ապահովեց, քան ուներ: 29-ի փոխարեն` ԲՀԿ-ն այժմ ունի 37 մանդատ, որը կազմում է պատգամավորների թվի 35 տոկոսը: Ի դեպ` արժե հիշել, որ 2007թ. խորհրդարանական ընտրություններից առաջ այս կուսակցությունը հայտարարում էր, թե ունի 400 հազար անդամ, սակայն ընտրությունների արդյունքում ստացավ մոտ 200 հազար քվե: Այս անգամ արդեն ԲՀԿ-ն ձեռք է բերել ավելի քան 450 հազար ձայն, այսինքն` հաղթահարել է այդ բարդույթը: Այնպես որ, ԲՀԿ-ն ունի քաղաքական դաշտում ինքնուրույն խաղալու, ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմելու, անգամ 2013թ. սեփական նախագահի թեկնածուն առաջադրելու հնարավորություններ: Այս պահին հայտնի է միայն, որ կոալիցիա կազմելու հնարավորությունը չեն բացառում գրեթե բոլոր քաղաքական ուժերը, թերեւս, բացառությամբ ՀԱԿ-ի: Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե կոալիցիա կազմելու հարցն այժմ քննարկումների փուլում է: Այսինքն` ՀՀԿ-ն արդեն քննարկում է, թե ում հետ կարող է կոալիցիա կազմել: Ի դեպ, անցած 2 օրերին նախագահ Ս.Սարգսյանը Լեռնային Ղարաբաղում է, որտեղ մասնակցում էր Շուշիի հաղթանակի օրվա տոնակատարություններին եւ Ստեփանակերտում ԼՂՀ բանակի 20-ամյակի առիթով կազմակերպված զինվորական շքերթին: ԼՂՀ-ում է եղել նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում հետ, ըստ տարբեր տեղեկությունների, Ս.Սարգսյանը պետք է քննարկեր քաղաքական հետագա զարգացումները: Որոշ դիտորդների ասելով` նոր կոալիցիայի հեռանկարները կախված են հենց Սարգսյան-Քոչարյան բանակցություններից: Տ. Սարգսյանը երեկ չմանրամասնեց, թե որ կուսակցությունների հետ է քննարկվում կոալիցիա կազմելու հարցը, կամ` ում են հրավիրել իրենց հետ կոալիցիա կազմելու շուրջ բանակցությունների: Արդյո՞ք ԲՀԿ-ն կա այդ կուսակցությունների մեջ: Նա ընդամենն ասաց, թե մի քանի օր անց ամեն ինչ պարզ կլինի: Գուցե վարչապետը պարզապես Ռ.Քոչարյանի հետ բանակցությունները նկատի ուներ:
Փոխարենը` ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը փոքրիկ ճշտում մտցրեց` ասաց, թե հետագա կոալիցիան պետք է լինի «գաղափարական կոալիցիա»: Ըստ նրա` եթե «մի քանի կուսակցություն իրար կողքի կանգնում եւ համագործակցում են, ապա գաղափարապես նույն ուղղվածությունը պետք է ունենան»: Հարցին, ՀՀԿ-ն ԲՀԿ-ին համարո՞ւմ է գաղափարական գործընկեր, հաշվի առնելով, որ նախընտրական շրջանում այդ կուսակցության գործիչները` իրենց հետ կոալիցիայի անդամ լինելով, սուր քննադատության ենթարկեցին իշխանությանը, Ս.Նիկոյանը չցանկացավ կոնկրետ պատասխան տալ: Իսկ իր հետագա խոսքում ԱԺ նախագահը նաեւ ավելացրեց, թե «ընդդիմությունը պետք է լինի գաղափարական ու հզոր, քանի որ միշտ էլ իշխանության համար լավ է հզոր ընդդիմության առկայությունը խորհրդարանում»: Դժվար է ասել, թե հզոր ընդդիմություն ասելով` որ ուժին կամ ուժերին նկատի ուներ Ս.Նիկոյանը: ՀԱԿ-ի՞ն, որը խորհրդարանում ընդամենը 7 մանդատ ունեցավ: Թե՞ 37 մանդատ եւ հզոր ֆինանսական ռեսուրսներ ունեցող ԲՀԿ-ին: Սակայն մյուս կողմից` ՀՀԿ-ի գաղափարներից ինչո՞վ են տարբերվում ԲՀԿ-ի գաղափարները: Չէ՞ որ նրանք 5 տարի արդեն եղել են կոալիցիայում: Եվ եթե ԲՀԿ-ն նորից կոալիցիա մտնի, Ս.Նիկոյանը հաստատ գաղափարական ընդհանրություն կգտնի:
Իսկ արդյո՞ք «Ժառանգություն» կուսակցությունը համարվում է ՀՀԿ-ի գաղափարակիցը, եւ իշխող կուսակցությունը նրա հետ կոալիցիա կկազմի՞: «Դրա համար պետք է հետեւեք կուսակցությունների գաղափարախոսությանը, քաղաքական ուղղվածությանը: Արդեն իսկ հետեւած պետք է լինեիք եւ հիմա եզրակացություն անեիք եւ ոչ թե ինձանից հարցնեիք»,- նորից խուսափողական պատասխան տվեց ԱԺ նախագահը: Պատասխանի մեջ, սակայն, համենայնդեպս, հերքում չկար: «Ժառանգության» հետ ՀՀԿ-ի` կոալիցիա կազմելու հնարավորությունն արդեն քննարկվում է որոշակի շրջանակներում, նաեւ մամուլում: Ավելին, նախօրեին կուսակցության փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանը գոնե կտրականապես չէր հերքել նման հնարավորությունը: «Ես չեմ դիտում, որ հիմա կարող ենք կազմել, իմ անձնական կարծիքն է: Բայց պիտի դեռ քննարկենք»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել էր նա:
Իսկ եթե քննարկում են, թերեւս, կարելի է ենթադրել, որ առաջարկություն ստացել են: Ի դեպ, քաղաքական կուլիսներում ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի ու «Ժառանգության» միջեւ կոալիցիա կազմելու հնարավորությունը քննարկվում է մեկ այլ համատեքստում: Այս երեք կուսակցություններն էլ անցած տարի դարձան Եվրախորհրդարանում ամենամեծ խմբակցությունն ունեցող` Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ: Նոր կոալիցիայի վերաբերյալ վարկածներից մեկի համաձայն, այդ երեք ուժերի միավորումը կարող է ներկայացվել որպես եվրոպական նույն քաղաքական ուժի անդամների կոալիցիա, ինչը, ոմանց կարծիքով, կարող է դրական գնահատվել Եվրոպայի կողմից: Ի դեպ, բացառված չէ, որ «գաղափարական կոալիցիա» ասելով` հենց այս հեռանկարն ի նկատի ունի ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն նույնպես դիմել էր ԵԺԿ-ին` անդամակցելու համար, սակայն այդ կուսակցությանը չէին ընդունել:
Սակայն ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի ու «Ժառանգության» միջեւ կոալիցիան կարող է չկայանալ այն պատճառով, որ ընդամենը մի քանի ամիս հետո տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, եւ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմող ուժը հազիվ թե նախագահի սեփական թեկնածու առաջադրի: Հայտնի է, որ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններին առաջադրվելու ցանկություն ունի` անկախ այն հանգամանքից, թե որքան քիչ է նրա հաղթելու հավանականությունը: Այդ ցանկությունը խրախուսվում է նաեւ իշխանությունների կողմից, քանի որ Ր.Հովհաննիսյանի նման մրցակից ունենալը ձեռնտու է նաեւ Ս.Սարգսյանին: Նա կարող է առաջադրվել, մրցակցության իմիտացիա ստեղծել, պարտվել ու շնորհավորել Ս.Սարգսյանին: Համենայնդեպս, իշխանությունները նման հեռանկար արդեն այսօր ուրվագծում են: Եթե այս սցենարը գործի, ապա Ս.Սարգսյանին ձեռնտու կլինի «Ժառանգությանը» պահել որպես ընդդիմություն: Նույն տրամաբանությամբ էլ` եթե ԲՀԿ-ն նորից ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմի, ստիպված կլինի նախագահական ընտրություններում սատարել «գործող նախագահին», ինչպես նշված է անցած տարվա փետրվարին ստորագրված կոալիցիոն հուշագրում: Սակայն ԲՀԿ-ից առայժմ բացասական հայտարարություններ են հնչում: ԲՀԿ ցուցակով արդեն պատգամավոր ընտրված Վարդան Օսկանյանը դեմ է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն, ԲՀԿ մեկ այլ ապագա պատգամավոր` Վահե Հովհաննիսյանը, իմաստ չի տեսնում իրենց մասնակցությունում հնարավոր կոալիցիային: «Իրենք ստացել են մեծամասնության ձայները եւ թող խորհրդարանում ստանձնեն ամբողջ պատասխանատվությունը: Դա իմ անձնական կարծիքն է»,- իր հերթին` երեկ ասել է ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Իհարկե, ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կոալիցիա կազմելու հնարավորությունը ոչ Տ.Սարգսյանի եւ Ս.Նիկոյանի, առավելեւս` Վ.Օսկանյանի ու Ն.Զոհրաբյանի ցանկություններից կախված չէ: Նրանք, հավանաբար, նման հայտարարություններ են անում իրենց կուսակցությունների արժեքը բարձրացնելու մղումով: Դա կորոշեն Ս.Սարգսյանն ու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, իհարկե, Ռ.Քոչարյանի մասնակցությամբ: Արդյո՞ք նման պայմանավորվածություն Ղարաբաղում ձեռք կբերեն Ս.Սարգսյանն ու Ռ.Քոչարյանը: Արդյո՞ք Ռ.Քոչարյանը կհրաժարվի 2013-ին առաջադրվելու ցանկությունից: