ՍԴ-ին չեն վստահում

10/05/2012

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը երեկ news.am-ին հայտնել է, թե մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու նպատակով չեն դիմելու Սահմանադրական դատարան: «Մեր խնդիրը մեր ժողովրդի հետ է, ում ստրուկ են դարձրել»,- ասել է նա` հավելելով, թե պատճառներից մեկն էլ այն է, որ իրենք չեն վստահում ՍԴ-ին: Վ. Հովհաննիսյանի գնահատմամբ` ՍԴ-ն նույն կեղծիքներ իրականացնող համակարգի մի մասն է, որը ոչինչ չի փոխելու: Նա նաեւ հույս չունի, թե ՍԴ դիմելով` ՀԱԿ-ը որեւէ հաջողության կհասնի: «Միգուցե դա էլ է պայքարի անհրաժեշտ բաղկացուցիչ, բայց մեր դիրքորոշումն այլ է»,- ասել է նա` միաժամանակ նշելով, թե ՀԱԿ-ի ցանկության դեպքում իրենք պատրաստ են տրամադրել փաստեր` կատարված ընտրախախտումների վերաբերյալ: Անդրադառնալով հարցին, թե` հնարավո՞ր է ՀՅԴ-ն հրաժարվի մանդատներից, Վ. Հովհաննիսյանն ասել է, թե նման հարց դեռեւս ՀՅԴ-ում չի քննարկվել, թեեւ ինքն անձամբ նման պատճառ չի տեսնում: Վ. Հովհաննիսյանն, ի դեպ, նաեւ չի բացառել, որ ՀՅԴ համամասնական ցուցակի անցողիկ տեղերում գտնվողներից ինչ-որ մեկը հրաժարվի իր մանդատից, ինչպես ՀԱԿ դեպքում դա արեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն ստացել է 5.73 տոկոս ձայն, ուստի անցողիկ են համարվում ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին 5 անունները` Վ. Հովհաննիսյան, Արմեն Ռուստամյան, Արտյուշա Շահբազյան, Աղվան Վարդանյան եւ Արծվիկ Մինասյան: