Նոր հնարավոր իշխանական կոալիցիայի ձեւավորման շուրջ խոսակցություններին զուգահեռ` քաղաքական դաշտում քննարկվում է, թե խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերն ինչ գործունեություն են ծավալելու:
Այսինքն` հաջորդ խորհրդարանում կամ խորհրդարանից դուրս լինելո՞ւ է ընդդիմադիր կուսակցությունների համագործակցություն: Այս պահի դրությամբ, նոր Ազգային ժողովի ընդդիմադիր ուժերն են Հայ ազգային կոնգրեսը, «Դաշնակցություն» եւ «Ժառանգություն» կուսակցությունները: Իհարկե, ընդդիմադիր դաշտում համագործակցելու համար նախ այս ուժերը չպետք է իշխանությունների հետ կոալիցիա կազմեն: Ամեն դեպքում, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ընտրություններից անմիջապես հետո դժգոհելով արդյունքների ընթացքից` բացառել էր կրկին ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը: Ներկայումս ունեցած 16 անդամների փոխարեն` ՀՅԴ-ն այս անգամ ստացավ ընդամենը 6 մանդատ: Հ.Մարգարյանը նույնիսկ ավելորդ էր համարել այդ մասին խոսել` հատկապես, որ այդ կուսակցությունը 3 տարի առաջ դուրս եկավ նույն ուժի հետ կազմած կոալիցիայից: Բնականաբար, կոալիցիա չի մտնի նաեւ ՀԱԿ-ը: Մնում է միայն «Ժառանգության» խնդիրը, որը, թեեւ դժգոհում է ընտրությունների արդյունքում իրեն բաժին հասած 5 մանդատից, բայց հստակ չի էլ պատասխանում ՀՀԿ-ի հետ հնարավոր կոալիցիա կազմելու մասին խոսակցություններին: Երեկ փորձեցինք «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանից ճշտել, թե իրենց կուսակցությունը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմի՞, եթե համապատասխան առաջարկ ստանա: Իսկ եթե` ոչ, կհամագործակցի՞ ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ: Պարոն Հակոբյանը չցանկացավ խոսել` ասելով, թե ժամանակ չունի: Նա երեկ ընդամենն ասել է, թե «Ժառանգությունն» ուրբաթ օրը նիստ է հրավիրելու, որտեղ կորոշեն իրենց հետագա քայլերը: Ամեն դեպքում, դժվար է պատկերացնել, որ այս կուսակցությունը կհամագործակցի ՀԱԿ-ի հետ: ՀՅԴ-ն, թերեւս, կհամագործակցի, հատկապես, որ այդ համագործակցության առաջին քայլերն արդեն արվել են միասնական շտաբում: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե առայժմ կարող է ասել, որ խորհրդարանում եթե այս երկու կուսակցություններն այնպիսի օրինագիծ ներկայացնեն, որն իրենց ծրագրերին կհամապատասխանի, կհամագործակցեն նրանց հետ: Իսկ ավելի ընդլայնված համագործակցության մասին չցանկացավ խոսել` նշելով, թե առայժմ այդքանը կարող է ասել:
Ընդհանրապես մայիսի 6-ի ընտրություններից հետո իրենց հետագա քայլերի մասին չեն ուզում խոսել թե կոալիցիոն, եւ թե ընդդիմադիր ուժերը: Ակնհայտ է միայն, որ խորհրդարան անցած այդ կուսակցությունները այսուհետ ինչ քայլեր էլ անեն, ինչ համագործակցություն, դաշինք կամ կոալիցիա էլ ստեղծեն, դա միտված է լինելու ընդամենը ամիսներ հետո տեղի ունենալիք նախագահական ընտրություններին: Այսինքն` այդ դաշինքները ձեւավորվելու են նախագահի թեկնածուների շուրջ: ՀՅԴ պատգամավոր եւ նախագահի նախկին թեկնածու Վահան Հովհաննիսյանն օրեր առաջ քիչ հավանական համարելով իր առաջադրվելու հնարավորությունը` չէր բացառել, որ իրենք նախագահական ընտրություններում կունենան սեփական թեկնածուն: Ընդ որում, նա ասել էր, թե պարտադիր չէ, որ այդ թեկնածուն լինի իրենց կուսակցությունից: Այս դեպքում արդեն շրջանառվում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԲՀԿ-ից պատգամավոր ընտրված նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի անունները: Թեեւ վերջիններս դեռ ոչ հերքում, ոչ էլ հաստատում են իրենց այդ ցանկության մասին: Ամեն դեպքում, ԲՀԿ-ի հետ ՀՅԴ-ի համագործակցությունը լավ է ստացվում: Միաժամանակ դժվար է պատկերացնել, որ ՀԱԿ-ի հետ ՀՅԴ-ի հետագա համագործակցությունը կարող է հասնել մինչեւ նախագահական ընտրություններ: ՀԱԿ-ն իր հերթին` միասնական շտաբում թեեւ համագործակցում է այս երկու կուսակցությունների հետ, բայց դժվար թե պաշտպանի նրանց վերը նշված հավանական թեկնածուներին: Լ.Զուրաբյանը երեկ հայտարարել է, թե ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը թեեւ վայր է դրել մանդատը, սակայն շարունակելու է լինել ՀԱԿ-ի առաջնորդը: «Եթե դուք ինձ հարցնեք` ով է ամենահավանական թեկնածուն առաջիկա նախագահական ընտրություններում, ես կարծում եմ, որ այդ հարցն անվիճելի է Հայ ազգային կոնգրեսի ներսում: Տեր-Պետրոսյանը շարունակում է լինել անվիճելի հեղինակություն, եւ ավելի լավ թեկնածու մենք չունենք»,- ասել է նա:
Ինքը` Լ.Տեր-Պետրոսյանը, անցած ամիս պատասխանելով իր առաջադրվելու մասին հարցին, այսպես էր ասել. «Քանի ուժերս ներում են, ես պայքարելու եմ այս իշխանությունների դեմ, որովհետեւ ես այս իշխանություններին համարում եմ չարիք, որը թալանում է իր ժողովրդին, նրան մղում դեպի դուրս, դեպի արտագաղթ»: Նաեւ ավելացրել էր, թե չի պատրաստվում մեռնել, որ իր ժառանգորդի մասին մտածի ու կտակ գրի:
Հայտնի են նաեւ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահական հավակնություններն ու անհանդուրժողականությունը ՀԱԿ-ի նկատմամբ: Այնպես որ, դժվար է պատկերացնել, որ այս երեք ուժերի համագործակցությունը խորհրդարանում, որոշ օրենքների շուրջ միասնական դիրքորոշում հայտնելուց զատ, կարող է խորանալ մինչեւ նախագահական ընտրություններ: Թեեւ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում: