«Աննախադեպ» ընտրության գինը

10/05/2012 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Որքա՞ն գումար են ծախսել քաղաքական ուժերն ու թեկնածուները խորհրդարանական ընտրությունների վրա։ Այս հարցը շատերին է հետաքրքիր, պատասխանն էլ մի քանի ԶԼՄ-ներ փորձել են տալ, սակայն դրանք պաշտոնական թվեր են եւ չեն արտացոլում իրական վիճակը։ Փորձենք մի քիչ տրամաբանել` հարցի պատասխանին մոտենալու համար։

Քարոզարշավը սկսվել է ապրիլի 8-ին։ Ըստ ԿԸՀ պաշտոնական տվյալների, ապրիլի 8-ից մինչեւ ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում քաղաքական ուժերի քարոզչական ծախսերն ունեին հետեւյալ տեսքը` ԲՀԿ` 53.5մլն դրամ, «Ժառանգություն»` 66.2մլն, ՀԱԿ` 10.5 մլն, ՀՅԴ` 40.3մլն, ՀԴԿ` 305 հազար, ՀԿԿ` 1.3 մլն, ՀՀԿ` 77.7մլն, ՄՀԿ` 992 հազար, եւ ՕԵԿ` 31.8մլն։ Փաստորեն, ընտրությունների ավարտից 10 օր առաջ քաղաքական 9 ուժերը միասին պաշտոնապես ծախսել էին շուրջ 282 մլն դրամ։ Սա` միայն համամասնական ընտրակարգով։ Վերջնական ցուցանիշները ԿԸՀ-ն հրապարակելու է մայիսի 12-ին։ Մեծամասնականի վերաբերյալ տվյալներ դեռեւս չենք կարող ասել։ Սակայն կարող ենք նշել առավելագույն շեմը, որը պաշտոնապես կարող է ծախսվել քարոզարշավի համար։ Ըստ Ընտրական օրենսգրքի, համամասնական ընտրակարգի դեպքում առավելագույն ծախսերը կազմում են 100 միլիոն դրամ, մեծամասնականի համար` 10 միլիոն դրամ: Ընտրություններին համամասնական կարգով մասնակցել են 9 քաղաքական ուժեր, իսկ մեծամասնական կարգով՝ 137 թեկնածուներ։ Հետեւաբար, ըստ Ընտրական օրենսգրքի, նախընտրական ծախսերը չեն կարող գերազանցել 2 միլիարդ 270 միլիոն դրամը (900 մլն՝ համամասնականի դեպքում, եւ 1 մլրդ 370 մլն՝ մեծամասնականի դեպքում)։

Ֆիքսենք այս թիվը՝ 2 միլիարդ 270 միլիոն դրամ (շուրջ 5.8 միլիոն դոլար)։ Սա` այն պարագայում, եթե բոլոր ուժերն ու թեկնածուները առավելագույն չափով ծախսեր ցույց տային։ Դրանից ավելի բարձր թիվ չի կարող պաշտոնապես հրապարակվել։ Առավելեւս, որ որոշ քաղաքական ուժեր թույլատրված առավելագույնի չնչին տոկոսն են ծախսել։ Մեծամասնական ընտրակարգի դեպքում նույնպես՝ դժվար է հավատալ, որ օլիգարխ հանրապետականի հետ նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածուն կծախսի 10 միլիոն դրամ՝ ներքուստ համոզված լինելով, որ կորցնելու է այդ գումարը։ Ըստ այդմ, կարող ենք ենթադրել, որ պաշտոնապես հայտարարագրված ծախսերը չեն գերազանցի 1 միլիարդ դրամը։ Այդ թվում` համամասնականի դեպքում՝ 350-400մլն դրամը։

Սակայն արդյո՞ք այդ թիվն արտացոլում է իրականությունը։ Կարելի՞ է հավատալ, որ բոլոր կուսակցությունները (առաջին հերթին՝ իշխանական) միասին ընդամենը 400 միլիոն դրամ են ծախսել ընտրությունների վրա։ Եթե ընդունենք, որ ընտրակաշառքի նվազագույն չափը 5000 դրամ է, եւ եթե ընդունենք, որ ընտրությանը մասնակցած 1.5 միլիոն ընտրողներից ընդամենը 10%-ն է ընտրակաշառք վերցրել, կստացվի, որ միայն ընտրակաշառքի վրա ծախսվել է 750 միլիոն դրամ։ Սակայն, որպեսզի մեր խոսքերը մերկապարանոց չհնչեն, դիմենք պաշտոնական վիճակագրությանը` հասկանալու համար, թե խորհրդարանական ընտրությունների վրա որքան գումար է ծախսվել։

Դրա համար բավական է ընդամենը մեկ ցուցանիշ. ըստ Կենտրոնական բանկի տվյալների, 2012 թ. մայիսի 4-ի դրությամբ` ԿԲ-ից դուրս կանխիկ դրամի ծավալը կազմել է 394.5 մլրդ դրամ։ Մարտի վերջին կանխիկ փողի ծավալը 361.5 մլրդ դրամ էր։ Փաստորեն` միայն մեկ ամսվա` ապրիլի ընթացքում (որը համընկնում է քարոզարշավի հետ), կանխիկ փողի ծավալն աճել է 33 մլրդ դրամով (մոտ 84 մլն դոլար): Ժողովրդական լեզվով ասած, լրացուցիչ 33 միլիարդ դրամ «քեշ փող» է մտել շրջանառության մեջ։

Համեմատության համար նշենք, որ ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ԿԲ-ից դուրս կանխիկ դրամի ծավալն այս տարվա մարտի ընթացքում աճել էր ընդամենը 1.7 միլիարդով։ Իսկ փետրվարի ընթացքում նվազել էր 300 միլիոն դրամով։

Ինչո՞վ կարելի է պայմանավորել 33 միլիարդ դրամի ավելացումը։ Չենք կարող ասել, որ այն ամբողջությամբ ծախսվել է ընտրությունների նպատակով։ Սակայն այն, որ կանխիկ դրամի ավելացումը` աննախադեպ ավելացումը սերտորեն կապված է ընտրական պրոցեսների հետ, վկայում է անգամ նախորդ տարիների վիճակագրությունը։ Գրաֆիկից երեւում է, որ «ոչ ընտրական» տարիներին նույնպես ապրիլի ընթացքում կանխիկ դրամն ավելացել է, սակայն` շատ ավելի քիչ չափով։ Օրինակ` 2008-ի ապրիլին՝ 3.4մլրդ-ով, 2009-ի ապրիլին` 4.9 միլիարդով, եւ այլն։ Իսկ, օրինակ` 2007-ի ապրիլին (խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ) կանխիկ դրամի ավելացումը մի քանի անգամ գերազանցում է թե՛ 2006-ի, թե՛ 2008-ի ցուցանիշը։

Սա խոսում է այն մասին, որ ընտրությունների վրա ծախսվում է մի քանի միլիարդ դրամ, այն էլ՝ «քեշով»։ Իսկ այս տարվա 33 միլիարդն ընդհանրապես ռեկորդ է։ Եթե համարենք, որ այդ 33 միլիարդի կեսը բնականոն, այլ գործոններով պայմանավորված աճ է, ապա կրկին թիվը տպավորիչ է` ինչի՞ հաշվին է կանխիկ փողի ծավալն ավելացել մյուս կեսով` 16 միլիարդ դրամով։ Ենթադրում ենք, որ նման «թռիչքը» պայմանավորված է ընտրակաշառքների «դրույքաչափերի» աճով եւ կաշառվածների թվի աճով։ Այդուհանդերձ, հետաքրիր կլիներ լսել ԿԲ-ի կամ Ֆինանսների նախարարության մեկնաբանությունը կանխիկ դրամի ծավալի այս աճի վերաբերյալ։

Վերջում կցանկանայինք մի հարց ուղղել մեր այն համաքաղաքացիներին, ովքեր 5 կամ 10 հազար դրամով վաճառել են իրենց քվեն։ Ի՞նչ եք կարծում` եթե իշխանությունը վերարտադրվելու համար ծախսել է մի քանի (գուցեեւ` մի քանի տասնյակ) միլիարդ դրամ, ապա դա ումի՞ց է ետ ստանալու առաջիկա 5 տարիների ընթացքում։ Եթե կարծում եք, որ ո՛չ ձեզնից, ուրեմն… երանի ձեզ։