«Սա էական տեղաշարժ էր ամբողջ գործընթացում. երբեք ընտրական գործընթացն այնքան թափանցիկ, վերահսկելի ու տեսանելի չէր եղել, որքան այս անգամ»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա ասել է, որ քվեարկության օրը հեռուստատեսությամբ քարոզչություն է տարվել, եղել են այլ դեպքեր եւս, բայց դրանք ընդհանուր առմամբ չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա: Մուկուչյանն ասել է, որ քվեարկությունից հետո վստահված անձինք եւ հանձնաժողովների անդամները համամասնական ընտրակարգով վերահաշվարկի դիմում են ներկայացրել 17 ԸՏ-ներում կամ 0.8%-ում, մեծամասնականով` 33 ԸՏ-ներում կամ 1.6%-ում: «ՀՀ-ում առկա չէ մարզ, որտեղ արձանագրվել է 100%-անոց մասնակցություն, մասնավորապես խոսվում էր Տաշիրի մասին»,- անդրադառնալով մամուլի հրապարակումներին` հայտարարել է Մուկուչյանը` շեշտելով, որ նախնական հաշվարկից հետո ճշտվել են արդյունքները: «100%-անոց մասնակցություն եղել է քրեակատարողական հիմնարկներում` թիվ 36, 37, իսկ թիվ 10/4-ում, որը նույնպես քրեակատարողական հիմնարկ է, նոր կալանավոր էր տեղափոխվել, որ մասնակցել է ընտրությանը»,- ասել է նա: ԿԸՀ նախագահն ասել է, որ մայիսի 8-ից սկսվել է վերահաշվարկը, եւ որոշ Ընտրատարածքներում այն արդեն ավարտվել է: Անդրադառնալով ՀԱԿ-ի կողմից ընտրությունների արդյունքները բողոքարկելու հիմքերին, Մուկուչյանն ասել է, թե դատարանը կորոշի: Ըստ նրա` հանձնաժողովներում դիմումներ ներկայացնելու ժամկետներ կան, եւ այնտեղ կարող էր հարցին լուծում տրվել, եւ խնդիրը չհասներ դատարան: Այդ հարցով, ըստ Մուկուչյանի, ժամանակին քաղաքացի Թորոսյանը դիմում էր ներկայացրել ԿԸՀ, որն ուսումնասիրել է, վարույթներ է իրականացրել, եւ մինչ այս պահը ԸՕ խախտում չի արձանագրվել: Նա հերքել է, որ Սերժ Սարգսյանը քարոզչությունը զուգակցել է պաշտոնական պարտականությունների կատարմանը: «Ընտրական ցանկացած գործընթացով խախտումը հայտնաբերելուց հետո, երեք օրվա ընթացքում պետք է ներկայացվեր դիմում, ու պետք է ուսումնասիրվեր ու գնահատվեր փաստական հանգամանքը: Դիմում-բողոքներ ներկայացնելու հնարավորություն եղել է, սակայն չեն ներկայացվել»,- ասել է Տ. Մուկուչյանը: Զարմանալի է միայն, որ Տիգրան Մուկուչյանը նման «աննախադեպ» ընտրությունների համար դեռեւս չի պարգեւատրվել որեւէ շքանշանով: