«Սրանով Վիկտորի «ոտքը կտրել» քաղաքից»,- ասում է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը

10/05/2012

– Այս ընտրությունների, թերեւս, ամենամեծ անակնկալն այն էր, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրված՝ անպարտելիի համարում ունեցող Վիկտոր Դալլաքյանը պարտություն կրեց անկուսակցական թեկնածուից: Դուք մտերիմ հարաբերությունների մեջ եք եղել նրա հետ, ինչպե՞ս կմեկնաբանեք այս երեւույթը:

– Ինչո՞ւ եղել. ես կամ ու կլինեմ Վիկտոր Դալլաքյանի մտերիմն ու բարեկամը՝ անկախ քաղաքական անակնկալներից ու վայրիվերումներից: Այս տարիներին մենք Վիկտորի հետ պարբերաբար եղել ենք բարիկադների տարբեր կողմերում, բայց երբեք անձնական հարաբերությունները չենք ստորադասել քաղաքականին, ինչի արդյունքում էլ մնացել ենք լավ բարեկամներ:

– Շատերի գնահատմամբ` Վ. Դալլաքյանն այս ընտրություններում ստացավ իր վերջին տարիների իշխանամետ գործունեության գնահատականը: Հայտնի է, որ նա` հատկապես վերջին տարիներին, ընդդիմադիրի շղարշի տակ իշխանությունների հետ սերտ հարաբերությունների մեջ էր:

– Ծանոթ եմ լրատվական այս խրախճանքին, թե տեսեք` Դալլաքյանը պարտվեց: Զարմացած եմ ու հիասթափված. ինչի՞ վրա են ուրախանում՝ արդարությունը հաղթանակել է, հա՞, մեր երկրում: Դալլաքյանը միշտ էլ ազնիվ է եղել իր ընտրողի նկատմամբ, դրա համար էլ մշտապես հաղթել է օրվա իշխանությունների աջակցությունը վայելող հզոր մրցակիցների: Այս անգամ էլ նա ազնիվ էր: Նա չի ասել, եթե ամեն ինչ բարեհաջող անցնի ու ընտրվեմ, հաջորդ օրը կանդամագրվեմ իշխող կուսակցությանը: Իրեն պարտությունից ապահովագրող քայլ չի արել՝ ՀՀԿ համամասնական ցուցակում անցողիկ տեղում ընդգրկվելով (178-րդն է): Սա խոսում է այն մասին, որ նա անկեղծ հավատացել է թե՛ երկրի նախագահին, թե՛ իր ընտրողին՝ հավասարապես ու միաժամանակ: Խաբողն այդպես չի վարվում, խաբողների վարած ընտրարշավն աչքներիս առաջ է եղել, նրանց խոստումներն էլ դեռ զրնգում են ականջներիս մեջ: Իսկ մայիսի 7-ին, ինչպես տեսնում եք, նոր Հայաստան կարծես չունեցանք: Չշարունակեմ, կարծում եմ, դեռ առիթ կլինի ընդհանրական գնահատական տալու այս ընտրություններին:

– Բայց չե՞ք կարծում, որ, ընդգրկվելով ՀՀԿ համամասնական ցուցակում, նման խոստումներ տվողներից, «խաբողներից» մեկն էլ հենց Վ. Դալլաքյանն էր, ու նրա ձայնն էլ է շատերի «ականջների մեջ զրնգում»:

– Վ.Դալլաքյանը ստացել է 9268 ձայն, հո չե՞ք կասկածում, որ նա՝ որպես վանաձորցի եւ այսքան տարվա հրապարակային գործիչ, այդքան բարեկամ, ընկեր, մտերիմ ու համախոհ կունենար: Էլ չեմ խոսում հազարավոր այն մարդկանց մասին, որոնց այս տարիներին օգնել է ձեռքից եկածի չափով՝ չլինելով իշխանավոր կամ օլիգարխ: Այսքան ձայն կունենար` անկախ նրանից` պատկանո՞ւմ է որեւէ կուսակցության, թե՞ ոչ: Բա ո՞ւր մնաց իշխող կուսակցության աջակցությունը: Այդ ինչպե՞ս է լինում, որ ՀՀԿ-ն նույն ընտրատարածքում 12.161 ձայն է ստանում, իսկ Դալլաքյանը` 2893-ով պակաս: Ինչ է, ՀՀԿ-ականները գնացել են ձայն տվել իրենց կուսակցությանը, սակայն ուրախ չեն եղել, հա՞, որ իրենց շարքերն է համալրել Դալլաքյանի նման հայտնի գործիչը: Կամ գուցե մարդկանց ընտրակաշառք է բաժանվել կուսակցության համար, սակայն ասվել է, որ ազատ եք մեծամասնական թեկնածուի ընտրության հարցո՞ւմ: Գուցե մարդկանց ստիպողաբար տարել են ընտրատարածք, որպեսզի իշխանությանը ձայն տան, իսկ նրանք էլ ահաբեկված արել են դա, սակայն համարձակությունները բռնել է մեծամասնականի՞ վրա ու մերժել են նույն այդ կուսակցության թեկնածուի՞ն:

– Ի՞նչ եք ուզում ասել:

– Այսինքն` Դալլաքյանը՝ անդամագրվելով ՀՀԿ-ին, կորցրեց ընդդիմադիր էլեկտորատը, իսկ իշխանությունից իրական աջակցություն չստացավ, այն պարզ պատճառով, որ որոշ պաշտոնյաներ ու ազդեցիկ վանաձորցիներ ուղղակի փորձեցին սրանով Վիկտորի «ոտքը կտրել» քաղաքից, եւ դրան իրենց քվեարկությամբ նպաստեցին իմ միամիտ հայրենակիցները: Չէ՞ որ ձեռնտու չէր, որ Վանաձորում ժողովրդի շրջանում հեղինակություն ունենա մի անձնավորություն, ով այդքան կապված է իր հարազատ քաղաքի հետ` ապրելով գրեթե 40 տարի մայրաքաղաքում, եւ մտերիմ հարաբերություններ ունի երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ու կարող է Վանաձորի գործերին ուղղակի կամ անուղղակի միջամտել: Ընտրությունները ցույց տվեցին, որ Դալլաքյանին չհաղթեց կուսակցական որեւէ թեկնածու, այլ ընտրողն իր ձայնը տվեց անկախ թեկնածուի` Վիկտորի ինադու: Ինչ է, մեր երկրում ուրիշ արժանի անկախ թեկնածու չկա՞ր, որ ոչ մի տեղ առանց իշխանության աջակցության չհաջողվեց հաղթել: Իրականում Դալլաքյանի նկատմամբ մի իսկական սեւ քարոզչության հոսք էր, որին ուղղակի խաբվեց մեր դյուրահավատ ընտրողը: Հարց է ծագում. ինչո՞ւ է ամբողջ հանրապետությունում միայն Վանաձորի ընտրողի ճաշակն այսքան նուրբ, որ այսպես արժանապատիվ ձեւով արձագանքում է ցանկացած փոփոխության: Գուցե պատճառն այն է, որ այս տարիների ընթացքում Վիկտորի նման պատգամավո՞ր են ունեցել, եւ որ իրենց համար պատգամավորի կերպարի նշաձողն այսքան բարձրացնո՞ղ է եղել:

– Եթե Վ. Դալլաքյանը չպարտվեր` դարձյալ նույնը կպնդեի՞ք: Բայց չէ՞ որ նա համաձայնվել է մաս կազմել այդ իշխանություններին:

– Մեր երկիրը դեռ գտնվում է անցումային փուլում, այսինքն` քաղաքական կապիտալի նախասկզբնական կուտակման պրոցեսը նույնպես ավարտված չէ: Եվ ոչ ոք, որքան էլ ճիշտ ու գեղեցիկ խոսի, հրաշալի ծրագրեր ներկայացնի, չի կարող դրանք կյանքի կոչել, եթե հզոր թիմի անդամ չէ: Դալլաքյանը դա քաջ գիտակցելով՝ արեց իր քայլը, որ պետք է մանր կուսակցություններն աստիճանաբար ասպարեզից դուրս գան՝ լուծարվելով կամ միանալով հզոր կուսակցություններին: Իսկ անհատ քաղաքական գործիչները, ուզեն թե չուզեն, պետք է անդամագրվեն կուսակցությունների, քանի որ երկրում քաղաքականություն վարում են բացառապես կուսակցությունները, ու նաեւ իշխանությունն են ձեւավորում նրանք: Ուստի լինել հասարակության սիրելին, բայց չլինել կուսակցական, դա չի կարող երկար տեւել: Գուցե հնարավոր է այդկերպ ստանալ կուսակցություններից հիասթափված ընտրողների ձայները: Բայց դա չէ ճանապարհը, այլ այն, որ պետք է գործուն քայլերով փորձել կուսակցությունների հեղինակությունը բարձրացնել հասարակության շրջանում: Մեր երկրի այս բացախոսության պայմաններում, այլեւս ժողովրդի ցավուդարդից խոսելը բավարար չէ, հարկավոր է լուծումներ գտնել, իսկ դրա համար պետք է ունենալ կա՛մ ուժ, կա՛մ անդամագրվել ուժեղ թիմի: Սա աշխարհի դինամիկ զարգացման պրոցեսն է, որը Վիկտորը շատ լավ գիտեր: Ուղղակի իր ընտրողին չասաց, մտածելով, որ իրեն վստահողը կողջունի իր ցանկացած քայլ: Իսկ ավելի ստույգ. նա գերագնահատեց իր ընտրողի ըմբռնելու ունակությունը եւ թերագնահատեց թիմակիցների` իր դեմ արած սեւ քարոզչությունն ու գաղտագողի պայքարը: Եթե հակառակը վարվեր` հիմա ընտրված կլիներ:

Կարինե ԳՐԻԳՈՐՅԱՆ