Այն, ինչ քողարկված էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեռանալուց հետո, այլեւս բաց է: Կա նոր դաշինք, որը մտադիր է մարտահրավեր նետել Հայաստանի իշխող վարչակազմին, եւ այդ դաշինքը կազմել են նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը` վերջինիս գլխավորությամբ: Փաստերն ապշեցուցիչ են` երբ սկսվեց քարոզարշավը, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» եւ ԲՀԿ-ն հիմնեցին ընտրություններին հետեւելու միասնական շտաբ: Մի քանի օր անց «Ժառանգությունը» դուրս եկավ դրանից` հայտարարելով իր այն տպավորության մասին, որ շտաբը գործիք է պարոն Քոչարյանի վերադարձի համար` ԲՀԿ-ի միջոցով:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ապրիլի 27-29-ը նախագահում էր մի մեծ կոնֆերանսում` նվիրված Եվրասիական Միության Վլադիմիր Պուտինի տեսլականին` որպես բաց ընդդիմություն Հայաստան-Եվրոպական Միության Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու պայմանագրին (ԽՀԱԱԳՊ), որի շուրջ բանակցում է ներկայիս կառավարությունը: ԲՀԿ-ի ընդդիմադիր կեցվածքն էլ ավելի տեսանելի դարձավ, երբ Քոչարյանի նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընտրություններից մեկ օր առաջ (լռության օրը) քննադատական քաղաքական մեկնաբանություններ արեց ՀՀԿ-ի հանրահավաքում գրանցված դժբախտ պատահարի վերաբերյալ: Իսկ երեկ նա օգտագործեց ընտրությունների առաջին ժամերին գրանցված ընտրողների մեծ ակտիվությունը, որպեսզի արդեն կեսօրին հայտարարի, որ «իշխանությունները խախտել են ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու իրենց խոստումը»: ՀԱԿ-ի առաջնորդները որեւէ քննադատական բառ չասացին ԲՀԿ-ի հասցեին` չնայած վերջինիս կողմից թույլ տրվող տեսանելի խախտումներին:
Ռիչարդ Կիրակոսյանը civilnet.am-ին ասել է, որ նոր դաշինքը կավելացնի իշխող վարչակազմին մարտահրավեր նետելու ընդդիմության կարողությունը, եւ ես համամիտ եմ նրա հետ: Սակայն, այդ դաշինքը նախկինում իշխող վարչակազմերի համախմբում է: Գաղափարական հակամարտությունը Հայաստանում նրանց միջեւ, ով իշխում էր այն ժամանակ, երբ ժողովրդավարական չափանիշները շատ ավելի ցածր էին, քան այսօր, եւ նրանց միջեւ, ում հիմնական սխալն արվածի դանդաղ ներկայացումն է, չի կարող ավելի լավ ապագայի խթան դառնալ: Հայաստանը պետք է կենտրոնանա նրա վրա, ինչը կարեւոր է Հայաստանի համար: Մինչեւ վերջերս, բոլոր հիմնական կուսակցությունները Հայաստանում ռուսամետ էին, սակայն խամաճիկ չէին: Որոշ կուսակցություններ միաժամանակ սատարում էին եվրոպական գաղափարներին, մասնավորապես` ժողովրդավարացմանը: Այդ պատճառով է, որ ԽՀԱԱԳՊ-ի կնքումը Հայաստանի ամենամեծ առեւտրային գործընկերոջ` ԵՄ-ի հետ, բալանսավորված է ու համապատասխանում է նաեւ Հայաստանում ներկայացված ռուսաստանյան ընկերությունների շահերին: «Մենք կամ նրանք» սովետական մտածելակերպը կարող է մեզ հետ շպրտել` ի վնաս Հայաստանի:
Մայքլ ՔԱՄԲԵԿ
«Հայաստանի եվրոպական ընկերներ» (EuFoA) կազմակերպության գլխավոր քարտուղար
mediamax.am