Կուզենք` կկազմենք, կուզենք` չենք կազմի

10/05/2012

«ՀՀԿ-ն կողմնակից է, որպեսզի քաղաքական ուժերը առաջիկա 5 տարիներին համաձայնեցված գործեն, եւ այդ համաձայնությունները լինեն ժողովրդի առջեւ: Բնականաբար, համաձայնություններ կլինեն, բայց դրա անունը կոալիցիա կլինի, թե դաշինք, կամ թե պարզապես համաձայնություն` դա կկանխորոշվի օրեր հետո»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն մտադի՞ր է կոալիցիա կազմել ԱԺ անցած մյուս ուժերի հետ: Հարցին, թե ՀՀԿ-ն դիմելո՞ւ է ԲՀԿ-ին` նոր կոալիցիա կազմելու նպատակով, Սահակյանը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ այսօր մեր վիճակը այնպիսին է, որ մյուսները պիտի նախ դիմեն մեզ: Բայց, այնուհանդերձ, կարծում եմ, որ մենք որոշակի հայտարարություններ կանենք նաեւ այդ ուղղությամբ»: Հարցին, թե դա նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ-ն համագործակցության առաջարկ կանի, նա պատասխանել է. «Համագործակցությունը անհրաժեշտ է, եւ կարծում եմ` ուժեր կլինեն, որոնք կփորձեն համագործակցել, բայց այդ համագործակցության չափը, քանակը որոշակի կդառնա, երբ արդեն մյուս քաղաքական ուժերի հետ ինչ-որ մի փուլ անցնենք քննարկումների»: Արձագանքելով ԲՀԿ-ականներ Վարդան Օսկանյանի, Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններին, թե իրենք չէին ցանկանա, որ ԲՀԿ-ն կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ, Սահակյանն ասել է` անհատները չէ, որ կոալիցիա են կազմում, այլ քաղաքական սկզբունքները: «Կոալիցիա կազմելը ՀՀԿ-ականների երազը չէ»: Այդուհանդերձ, նա ավելացրել է, թե, իր կարծիքով, ԲՀԿ-ի համար նպատակահարմար չէ ընդդիմություն դառնալը: «Դրա քաղաքական հիմքերը չեմ տեսնում: Դրանով ես չեմ կարծում, որ որեւէ նոր խնդիր է լուծում, մանավանդ` ընդդիմության համար, ընդդիմադիր լինելու համար էլ է փորձ պետք»,- ասել է նա` նշելով, որ ՀՀԿ-ն ընտրարշավի ընթացքում «լուռ ու մունջ» տարան ԲՀԿ-ի քննադատությունը: