Երեկ Ոստիկանությունը հերքել է մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, որ նախորդ գիշեր մոտ մեկ տասնյակ մարդիկ Արարատում ծեծի են ենթարկել քաղաքի ոստիկանապետ Կարեն Խաչատրյանին: «Նման բան գոյություն չունի, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը: Մինչդեռ, ըստ մամուլի հրապարակումների, Խաչատրյանը մի քանի ամիս առաջ ԲՀԿ-ից դուրս գալով` անդամագրվել էր ՀՀԿ-ին` խոստանալով իրեն Արարատի ոստիկանապետ նշանակելու դեպքում ապահովել քաղաքում Հանրապետականի հաղթանակը մայիսի 6-ի ընտրություններում: Նույն հրապարակումների համաձայն, քանի որ Կարեն Խաչատրյանը չի կարողացել կատարել խոստումը, այժմ ՀՀԿ-ում նրան կասկածում են ընտրությունների համար տրված գումարները գրպանելու, նախկին կուսակցությանը «ծախվելու» մեջ եւ պահանջում են վերադարձնել գումարները: